ԱՄՆ միջոցներով կվերականգվի Գառնու միջնադարյան կամուրջը

ԱՄՆ միջոցներով կվերականգվի Գառնու միջնադարյան կամուրջը

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը: Հուշագիրը ստորագրվեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2011թ. հատկացրել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է:

ԱՄՆ նորանշանակ դեսպանը իր խոսքում նշեց, որ հուշագրի ստորագրումը 2 երկրների միջև բարեկամության նշան է: Իր հերթին մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ նման ծրագրերը կլինեն շարունակական:

Լրագրողների հետ զրույցում Հասմիկ Պողոսյանը նշեց, որ աշխատանքները կսկսվան 2012 թ-ին, մինչ այդ հայտարարվելու է մրցույթ: Նախարարը չբացառեց արտերկրից ժամանած մասնագետի միջամտությունը գործին: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ստույգ դժվար է ասել, թե որքան կշարունակվեն կամրջի ամրակայման աշխատանքները, բայց գտնում է, որ 1-1.5 տարի աշխատանքները կտևեն:

Գառնու միջնադարյան կամուրջը կառուցված է Ազատ գետի վրա` դեպի «Հավուց Թառ» տանող ճանապարհին: Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ինժեներական նշանակություն ունեցող 11-րդ դարի այս կամուրջը եզակի կառույցներից է, և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակույթի նախարարության պատվերով արդեն իսկ կազմվել է հուշարձանի վերականգնման, ամրակայման նախագծանախահաշվային փաթեթը և 2010 թ. կատարվել են ամրակայման ու վերականգնման որոշակի աշխատանքներ: Կամուրջը կիսաշրջանաձև միաթռիչք թաղով կառույց է, որի աջափնյա խելը հենված է 4-5 մետր բարձրություն ունեցող բնական ժայռին: Խելերը կառուցված են կրաշաղախով կապակցված ճեղքված բազալտե, իսկ թաղը և ճակատային որմնակամարները կարմիր և սև հարթատաշ տուֆե շարվածքով: Երթևեկելի հատվածն աջ ափից թեքությամբ իջնում է ձախ ափ:

6  02.11.11 - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին հուշագիր
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---