«Մենք ենք, մեր Այբը»

«Մենք ենք, մեր Այբը»

Ֆոտոնախագիծ

«Այբ» ավագ դպրոցի լուսանկարչության խմբի աշակերտները, որը ղեկավարում է PAN Photo-ն (մասնավորապես՝ Վահան Ստեփանյանը), «Մենք ենք, մեր Այբը» ֆոտոնախագծի շրջանակում մեկ ամիս շարունակ լուսանկարել են իրենց դասընկերներին, ընթացքում տալով նրանց 3 նույն հարցը. Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենային, ո՞ւր կգնային և ինչո՞ւ, ինչպիսի՞ն են իրենց պատկերացնում 10 տարի անց ու ո՞րն է նրանց կյանքի ամենալավ օրը:

PanARMENIAN.Net - Թե լուսանկարները, թե պատասխանները սպասվածից շատ ավելի հասուն են ստացվել:

Ելենա Հախումյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Առաջ երբ հարցնում էին՝ ինչ եմ ուզում դառնալ ապագայում, հարցն անպատասխան չթողնելու համար կատակով ասում էի՝ մարդ։ Պարզ է՝ հիմա գիտեմ՝ ինչ մասնագիտությամբ եմ ուզում զբաղվել և ապագա կարիերայիս վերաբերյալ որոշակի պլաններ ունեմ։ Այնուամենայնիվ, այդ հարցին դեռ նույն պատասխանն եմ տալիս, բայց արդեն առանց կատակի։ Ուզում եմ դառնալ մարդ, որի կերպարին ձգտելու համար ես իզուր չեմ այդքան ապրել և չարչարվել։ Մարդ, որ կարդարացնի իր իսկ սպասումներն ամեն հարցում, և կլինի ուրիշների համար կյանքն իմաստավորող գուցե չնչին հանգամանք։ Ահա այսպիսին եմ ինձ տեսնում 10 տարի անց։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Նման հնարավորություն ստանալու դեպքում անշուշտ ժամանակը մոտ 200 տարի առաջ կտանեի։ Չէ՛, թոռներիս ու ծոռներիս տեսնելու համար չէ։ Մոտավորապես այդ ժամանակ ես վերջապես կկարողանայի իմանալ՝ արդյո՞ք այն քայլերը, որ մարդկությունն այժմ ձեռնարկում է, իսկապես կօգնեն։ Կիմանաի՝ ի՞նչ առաջընթաց է ապրել տեխնոլոգիան, ինչպիսի՞ նոր բացահայտություններ են արվել, որքանո՞վ են փոխվել երկրների միջև հարաբերությունները, ինչպե՞ս է փոխվել Երկրի կլիման, ի՞նչ նոր տարբերակներ են գտել անհետացող տեսակները պահպանելու համար և շատ այլ գլոբալ հարցերի պատասխաններ կունենայի, ինչը, հավանաբար, չեմ իմանա կենդանությանս օրոք։

Կյանքիդ ամենալավ օրը. Այս պահին մտքիս մի օր եկավ, որ գուցե և ամենա ամենան չէր, բայց այդ շարքից է։ 2015-ի ամռանն էր՝ հուլիս ամսին։ Ես երիտասարդական ճամբարում էի՝ Ստեփանավանում։ Սենյակակիցներով թեթև արշավ կազմակերպեցինք դեպի դաշտավայր՝ առանց ճամբարի «մեծերին» տեղեկացնելու։ Արթնացանք վաղ առավոտյան, երբ դեռ լույսը չէր բացվել, և շարժվեցինք դեպի անտառ։ Տեղ հասանք, և ահա վերջապես արշալու՜յս։ Չորս կողմ անվերջ ձգվող դաշտը ծածկվեց կարմիր երկնքով, որ վայրկյանների ընթացքում նոր երանգներ էր ստանում։ Այդ պահին ինձ զգացի բնության մասնիկ, որ հենց այդտեղ, այդ պահին աշխարհը ներդաշնակ է և կյանքն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի։

Լուսինե Աթյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Երջանկություն, կարիերա, որի մասին միշտ երազել եմ, ընտանիք, ճանապարհորդություններ ամբողջ աշխարհով և օրեցօր փոփոխություններ դեպի լավը, ազատ կյանք վարելու հնարավորություն։ Մի խոսքով, 10 տարի անց կունենամ այն ամենը, ինչն ինձ չի խանգարի լինել ազատ ու, միաժամանակ, երջանիկ։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Չկա տեղ, ուր կուզեի վերադառնալ ժամանակի մեքենայով, որովհետև անցյալն արդեն հետևում է, ու ինչքան էլ սովորական չհնչի, մարդիկ պետք է կենտրոնանան իրենց ներկայի և լավ ապագայի վրա՝ աշխատելով միայն այդ ուղղությամբ։ Եթե այս պահին այստեղ եմ, ապա դա իմ կյանքում ինչ-որ տրամաբանական շարունակություն ունի։ Հենց դա է ինձ ստիպում մտածել, որ անցյալում անելու բան չունեմ։

Կյանքիդ ամենալավ օրը. Չեմ կարողանում մտաբերել, բայց կարծում եմ, որ դա հենց ծնվելուս օրն էր։ Հենց այդ օրը դրվեց այն ամենի սկիզբը, ինչին այսօր արդեն հասել եմ ու ինչպիսին դարձել։ Կարծում եմ՝ չի լինի մեկ ամենալավ օր, բայց կլինեն ամենալավ օրեր, որոնք ընդմիշտ կմնան իմ հիշողության մեջ։

Մարիամ Մանթաշյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Կարծում եմ՝ կապրեմ ուրիշ երկրում, հավանաբար` քրոջս կամ եղբորս հետ, կամ նրանցից որևէ մեկի հետ նույն քաղաքում: Արդեն ավարտած կլինեմ մագիստրատուրան ու հավանաբար կաշխատեմ, բայց միշտ կմտածեմ Երևան հետ վերադառնալու մասին: Անձնական կյանքի մասին մտքիս ոչինչ չի գալիս, անկեղծ ասած։ Ինձ թվում է՝ ամուսնացած չեմ լինի, բայց կունենամ ընկեր։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Երևի կգնայի այն ժամանակները, երբ ծնողներս դեռ ուսանող էին, որովհետև միշտ ուզեցել եմ իմանալ՝ ինչպիսին են նրանք եղել, երբ ինձնից դեռ ընդհամենը մի քիչ էին մեծ: Կուզեի ընկերանալ նրանց հետ և զուգահեռներ տանել նրանց ներկայիս «Ես»-ի հետ: Բայց քանի որ նրանք տարբեր համալսարաններում են սովորել, նույնիսկ տարբեր քաղաքներում, չգիտեմ՝ արդյոք դա ինձ կհաջողվեր։

Կյանքիդ ամենալավ օրը. Ամենալավ օրն ասվածը շատ հարաբերական է, որովհետև ամեն օր լավն է յուրովի, բայց, երևի, 2015-ի մայիսի 11, քանի որ այդ օրն առաջին անգամ Փարիզում էի, ուր մեկնել էինք «Այբ»-ի երգչախմբի խմբով, շատ հետաքրքիր էր անցնում, նրանց հետ միայն արժեր գնալ ցանկացած վայր: Մի քանի օր ենք այնտեղ մնացել, բայց հենց այդ օրը շատ տպավորիչ, գեղեցիկ վայրերում եղանք ու ելույթ ունեցանք ՅՈւՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում: Այնքան դրական էմոցիա էի ստացել, որ էլ ասելու չէ: Այդ ամենից բացի, Փարիզում հարազատ քույրս է ապրում, ում 8 ամիս չէի տեսել:

Մելս Քոլոզյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Համալսարանն արդեն ավարտած կլինեմ: Պետք է, որ արդեն «ընդունված» ծրագրավորման հիմնարկից դուրս եկած լինեմ ու աշխատեմ սեփական բիզնեսի վրա, որն այնքան անգամ բացած-փակած կլինեմ, մինչև չստացվի։ Եթե բախտս բերի, ամուսնացած կլինեմ, երեխաներ կունենամ։ Անձնական հատկանիշներից՝ երևի, ավելի լրջացած կլինեմ։ Իսկ մնացած առումներով՝ նույնը։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կճանապարհորդեի այն տարիները, երբ պապիկս դեռ կենդանի էր։ Ես նրան երբեք չեմ տեսել, չնայած իր անունն եմ կրում, և միշտ լսել եմ, թե ինչպես էր նա սպասում թոռան ծնունդին։

Կյանքիդ ամենալավ օրը. Ընտանիքիս հետ է կապված, մի քիչ անձնական է, բայց կարող եմ ասել անցած տարվա լավագույն օրը։ Ծննդյանս օրն էր, ու առանձնապես նվերների չէի սպասում, բայց կար մեկը, ով շնորհավորեց, ու այդ պահին շատ ուրախացա։

Սոսե Բերբերյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Ինձ տեսնում եմ ճիշտ այնպիսին, ինչպիսին հիմա եմ՝ զբաղված, երիտասարդ, և, ինչն ամենակարևորն է՝ շատ երջանիկ։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Ոչ մի տեղ չէի գնա, այլ կփորձեի երկարացնել վայրկյանները, որ ավելի լիարժեք ապրեմ ամեն պահ։

Կյանքիդ ամենալավ օրը. Չեմ կարող հիշել կյանքիս մի օր, որը լավը չի եղել կամ մեկը, որն առանձնանում է։ Ամեն օր ինչ-որ մի բան ինձ երջանկացնում է, այդ պատճառով էլ ամբողջ կյանքս, մասնավորապես՝ վերջին տարիներն ամենաերջանիկն ու լավն են։

Աստղիկ Բաղինյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Յուրաքանչյուրն իր կյանքում պետք է իմանա, թե որն է իր հաջորդ քայլը, իսկ հաջորդի հաջորդի մասին արդեն կիմանա, երբ հասնի առաջին հաջորդին: Թե տասը տարի անց ինչ անելիս կլինեմ, կիմանամ դրան նախորդող քայլում:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կգնայի անցյալ և գիշերն ինչ-որ կերպ կքանդեի այդ ժամանակի մեքենան, կոչնչացնեի դրա գծագրերը, նախագծերը, չէի թողնի, որ մարդիկ ստեղծեն այդ մեքենան: Յուրաքանչյուրը պետք է արժևորի իր կյանքի յուրաքանչյուր վայրկանն ու ապրի այստեղ և հիմա: Կյանքիդ ամենալավ օրը. Ձմռան ցուրտ օրերին առավոտյան դպրոց գնալիս ամենից սարսափելին այն է, երբ դուրս ես գալիս տանից ու հայտնվում ես դրսում՝ մթության մեջ: Չեմ սիրում մթությունն իր անորոշության պատճառով: Ոչ ոք չգիտի, թե ինչ է այնտեղ թաքնված:

Մի օր, երբ առավոտյան շենքից դուրս եկա, միանգամից պայծառությամբ լցվեցի, երկնքում շարժվող ամպերի, պայծառ արևի և լուսավոր օրվա շնորհիվ: Այս ամենն աննշան է թվում, բայց երբ այդ ամենը նկատում ես, հասկանում ես, թե որն է կյանքում արժեքավորը:

Լուսինե Ասլանյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Կարծում եմ՝ հիմա ինչպես էլ նկարագրեմ, 10 տարի հետո շատ ավելի ուրիշն եմ լինելու։ Մենք երբեք չենք դառնում այնպիսին, ինչպիսին պատկերացնում էինք մեզ նախկինում, որովհետև շատ ենք փոխվում, մեծանում, զարգանում ենք… Բայց այս պահի դրությամբ ինձ պատկերացնում եմ փոքր, մինիմալիստական ոճով կահավորված բնակարանում ապրելիս, նոր ծնված սև կատվի հետ։ Պատկերացնում եմ, թե ինչպես եմ առավոտը փափուկ անկողնուցս հազիվ պոկվելով ինձ սուրճ պատրաստելու, որ գնամ աշխատանքի ինչ-որ կազմակերպությունում, որտեղ անընդհատ շարժման մեջ կլինեն թե մարմինս, թե ուղեղս, որտեղի անձնակազմն ու արած գործն ինձ ամեն օր կոգեշնչեն: Պատկերացնում եմ, թե ինչպես եմ զանգելու ընկերներիս ու, որքան էլ բոլորս հոգնած լինենք, գնանք ու նստենք ինչ-որ գեղեցիկ վայրում, խոսենք հեռավոր ու խորը բաներից, հիմար արկածներ ունենանք կամ ոտքերը չզգալու աստիճան պարենք։ Թե հետո ոնց եմ գալու տուն, տաք ծածկոցով փաթաթվեմ, թեյ խմեմ ու ֆիլմ դիտեմ, որից կա՛մ ամբողջ գիշեր մտածելով չեմ քնի, կա՛մ այնքան կլացեմ, որ հաջորդ առավոտ աչքերս կարմրած կարթնանամ։ Պատկերացնում եմ, թե ինչպես եմ ամեն մի պուճուր ճանապարհորդությունից ուրախանալու և իրերս մի շաբաթ առաջ արդեն հավաքելու, ինչպես եմ ընկերոջս հետ Իտալիայի նեղ փողոցներով քայլելու և Հոլանդիայի անկյուններից մեկում նստած գիրք կարդալով գինի խմելու...

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Երևի բոլորն էլ երազել են հետ ու առաջ գնալ ժամանակի մեջ, խաղալ մի այնպիսի բանի հետ, որը կառավարել անհնարին է համարվում։ Ինչո՞ւ չէ որ։ Կկարողանայինք հիմա արդեն մահացած կամ ծերացած խմբերի համերգները լսել, հանճարեղ նկարիչների ցուցահանդեսներին հենց իրենց կողքին կանգնած լինել, փոխել մեր կյանքի մեծագույն սխալները, անթիվ մարդկանց կյանք փրկել... այս ցուցակն անվերջ է, բայց եթե նման հնարավորություն ունենայի, կգնայի այն վայրկյանը, երբ մարդը ստեղծվեց: Մենք, երևի, արդեն ամեն ինչ բացահայտել ենք և՛ շնչող, և՛ չշնչող բաների մասին, բայց, կարծում եմ՝ երբեք չենք բացահայտի մարդու արմատների վերաբերյալ ճշմարտությունը։ Հուսով եմ՝ պատասխանն իմանալուց հետո, մարդ տեսակը մի համուզմունքի կլիներ ու կդադարեին պատերազմները մարդկանց, ազգերի միջև, ընտանիքներում և ամենուր:

Կյանքիդ ամենալավ օրը. Շատ եմ հիշվող օրեր ունեցել ու հաստատ դեռ դրա տասնապատիկն էլ կունենամ, չեմ կարող ասել, որ ամենա-ամենան է, բայց առաջինը մտքիս այս մեկն է գալիս։ Մեծ խմբով գնում էինք Թռչկան (ով չգիտի՝ տարածաշրջանի ամենաբարձր ջրվեժն է)։ Ճանապարհի կեսից մի սիրուն տղա եկավ, նստեց կողքիս, ճանապարհին խոսեցինք, պարզվեց՝ նաև հետաքրքիր անձնավորություն է, բայց ոչ, պատմությունս նրա մասին չէ։ Կեսից վարորդը կանգնեց ու ասաց, որ էլ չի կարող առաջ գնալ, որովհետև ճանապարհը քարքարոտ է: Ավտոբուսից իջանք, որոշեցինք «Զիլ» կանգնեցնենք, այն էլ շատ սպասեցինք, հոգնեցինք, և մի մասն արդյունքում որոշեցինք առաջ շարժվել ոտքով: Ինչ-որ պահ հետևից ազդանշան ու բղավոցներ լսեցինք, պտտվեցինք ու տեսանք՝ մյուս մասը «Զիլ»-ով գալիս ա։ Հասանք ջրվեժի մոտ ու վազեցինք դեպի ջուրը։ Այնքան սիրուն էր, սիրտս էլ այնքան արագ էր բաբախում, երբ կանգնեցի թափվող ջրվեժի տակ։

Որոշ ժամանակ անց մի քանի ընկերներով մի սար տեսանք ու որոշեցի բարձրանալ։ Տպավորություն էր, որ վերևից ամբողջ աշխարհն ես տեսնում, ավելի գեղեցիկ տեսարան, երևի, ոչ մի լեռան գագաթից չեմ տեսել։ Պառկեցինք խոտերի մեջ ու լսում էինք լռությունը, մինչև հասկացանք, որ արդեն մթնել է։ Իջանք, միացանք մնացածին ու վերադարձանք դեպի ավտոբուսը։

Նանե Կաբակյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. ուրիշ երկրում, լավ շրջապատում, ընկերներիս հետ:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կգնայի անցյալ` 19-րդ դար , որ տեսնեի նախնիներիս ապրած կյանքը` անցած ճանապարհը:

Կյանքիդ ամենալավ օրը. Սրճարանում նստած՝ սպասում էի, որ «Այբ»-ի ընդունելության արդյունքները ստանանք: Նամակ եկավ: Բացեցի նամակը: Ընդունվել էի: Թռչկոտում էի ամբողջ ճանապարհին, զանգում էի բարեկամներիս ու հայտնում լուրը:

Սաթենիկ Մկրտչյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Այս պահին պատկերացնում եմ ինձ իմ բնակարանում ապրելիս, որտեղ հաստատ շուն եմ պահելու: Չեմ կարող ասել՝ ամուսնացած կլինեմ արդեն, թե՝ ոչ, երեխա ունեցած կլինեմ, թե՝ ոչ, բայց գիտեմ, որ ապագայում ամուսնուս հետ առանձին եմ ապրելու, և ամեն ինչ անելու եմ Հայաստանս չլքելու համար:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կգնայի 1915 թվականի ոճրագործություններից մի քանի տարի առաջ, որպեսզի գոնե փորձեի ինչ-որ կերպ հետ մղել Թուրքիային իրենց անմարդկային այդ քայլից, կամ գոնե տեղեկացնել հայերին նրանց մտադրությունների մասին, որ այսքան զոհ չտայինք: Նրանք, իհարկե, ինձ խելագարի տեղ կդնեին, բայց կարևորը, որ ինչ-որ կերպ հավատային:

Կյանքիդ ամենալավ օրը. Ամենալավ օրս, երևի, եղբորս բանակից վերադառնալու օրն էր: Դա մյուս եղբորս ծննդյան օրն էր, և այնպես ստացվեց, որ երկու իրադարձություն համընկան: Մեր տանն իրական իրարանցում էր: Այնքան ծանոթ մարդիկ էին հավաքվել, որ նույնիսկ չէի հասցնում բարևել: Բոլորն ուրախ էին, և կրկնակի ուրախության այդ զգացումը միշտ կմնա իմ հիշողության մեջ:

Եվա Սեյլանյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Դպրոցը բարեհաջող ավարտած կլինեմ և կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով: Ընկերներիս հետ միասին մասնագիտացված դպրոց կբացեմ ապագա լրագրողների համար:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Անցյալ կճամփորդեի, քանի որ ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են մարդիկ ապրել հին ժամանակներում:

Կյանքիդ ամենալավ օրը. Լավ օրեր շատ եմ ունեցել և դժվարանում եմ մեկն ընտրել: Այդ պատճառով կասեմ միայն, որ վերջերս եղած ամենալավ օրերիցս մեկը երեկ էր՝ ծննդյանս օրն էր: Իսկ հիշարժան էր այն նրանով, որ ինձ հարազատ բոլոր մարդիկ տարին գոնե մեկ օր հավաքվել էին մի տանիքի տակ, այն նաև լի էր անակնկալներով:

Մարիամ Հովակիմյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Տասը տարի անց ինձ պատկերցնում եմ եվրոպական որևէ երկրի համալսարաններից մեկի մագիստրատուրայում սովորելիս:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կգնայի 1920-ականների Նյու Յորք և կուսումնասիրեի ժողովրդի կյանքն այդ տարիներին:

Կյանքիդ ամենալավ օրը. Ամենալավ օրն այն էր, երբ մեկնեցի ամենագեղեցիկ կղզիներից մեկը՝ Սանտորինի: Ես այնտեղ հնարավորություն ունեցա տեսնելու և զգալու բնության գեղեցկությունը՝ միախառնված շատ մեծ պատմություն ունեցող մի մշակույթի հետ:

Ռիմա Թորոսյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Տասը տարի անց ինձ պատկերացնում եմ մարդ, ով հասել է իր նպատակներին և կայացել իր ոլորտում:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կցանկանայի գնալ 1800-ականների Փարիզ: Պատճառն այն է, որ ինձ շատ է հետաքրքրում, թե այդ ժամանակներում ինչպիսին է եղել կյանքն այդ քաղաքում:

Կյանքիդ ամենալավ օրը. Այն օրերն եմ համարում կյանքի ամենաերջանիկը, երբ ինձ համար շատ լավ իրադարձություններ են տեղի ունենում:

Սիմոն Զոհրաբյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Ամենայն հավանականությամբ, կզբաղվեմ իմ ընտրած մասնագիտությամբ՝ ինժեներիայով և ծրագրավորմամբ։ Կլինեմ Մոսկվայում։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Չգիտեմ՝ ուր կգնայի, բայց հաստատ ոչ ապագա, քանի որ կյանքի իմաստներից և հետաքրքրություններից մեկն անսպասելի և անակնկալ երևույթներն են:

Կյանքիդ ամենալավ օրը. Երևի այն է, երբ ինքս իմ քրտինքով առաջին անգամ գումար վաստակեցի։ Պակաս կարևոր չէ նաև «Այբ» ընդունված լինելու մասին լուրը ստանալու օրը:

Սիմոն Հակոբյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Ինձ պատկերացնում եմ դեռ սովորելիս, բայց աշխատանքի հետ համատեղ:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Երևի կգնայի Բեռլինի վեհաժողովին նախորդող 30 տարի առաջ և մի կազմակերպություն կհիմնեի, որը հայ երիտասարդներին կուղարկեր Եվրոպա՝ կրթություն ստանալու, և այդ արժեքներին ծանոթանալու, մաս դառնալու: Ով գիտի, գուցե Բեռլինի վեհաժողովում մեր ազգի ճակատագիրը կփոխեին հենց այդ երիտասարդները:

Կյանքիդ ամենալավ օրը. Կյանքիս ամենաերջանիկ օր, որպես այդպիսին չունեմ, սակայն շատ լավ օրեր եմ ունեցել:

Յուլիա Ազնաուրյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Տասը տարուց պատկերացնում եմ, որ աշխատելիս կլինեմ ու արդեն բավական խորացած կլինեմ իմ մասնագիտության մեջ:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Ժամանակի մեքենա ունենալու դեպքում ես, հավանաբար, կուզեի գնալ հին Եգիպտոս, քանի որ ինձ շատ է դուր գալիս այդ ժամանակաշրջանի մշակույթը, խորհրդավորությունը: Կցանկանայի տեսնել, թե ինչպիսին է այն ժամանակ եղել կյանքը:

Կյանքիդ ամենալավ օրը. Իմ ամենաերջանիկ օրերը նրանք են, որոնք անցկացնում եմ տանը, ընտանիքիս հետ մի հետաքրքիր ֆիլմ դիտելիս, նրանց հետ շփվելով և հանգստանալով:

Անի Մհերյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Հավանաբար, կիսատ կթողնեմ աշխատանքս, որ ժամանակ հատկացնեմ իմ առաջնեկին խնամելու համար: Կլինեմ տնային տնտեսուհի և երջանիկ կլինեմ իմ նորաստեղծ ընտանիքի հետ:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Այն կպահեի մի հեռու, բոլորին անհասանելի վայրում և կճանապարհորդեի միայն այն ժամանակ, երբ շատ ծեր կլինեի: Կօգտագործեի միայն մի նպատակով՝ որ նորից հետ վերադառնայի և կրկին ապրեի այս ժամանակահատվածը, հենց այս օրը:

Կյանքիդ ամենալավ օրը. Ինձ համար անենալավ օրերից մեկն անցած ամառ էր, երբ ընկերուհիներով որոշեցինք մի անբողջ օր միասին անցկացնել: Տարբեր խենթություններ էինք անում, որոնցից մեկն էլ շատրվանի տակով անցնելն էր: Անշուշտ, շատ հիշվող օր էր, ամենասիրելի մարդկանց շրջապատում:

Արզուման Աբոյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Արդեն մասնագիտություն կունենամ, որով աշխատելիս կլինեմ: Դրան զուգահեռ սեփական ուժերով տուն կառուցելիս կլինեմ արդեն վաղուց պլանավորածս վայրում, դեռ նորաստեղծ ընտանիքիս հետ այնտեղ տեղափոխվելու համար:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Ունենալ ժամանակի մեքենա: Չափազանց անհնարին է թվում: Շատերն են երազում ժամանակի մեքենաի մասին, որ ճանապարհորդեն ժամանակի մայրուղով: Կար ժամանակ, երբ ես նույնպես երազում էի այդպիսի ճանապարհորդության մասին, բայց…

Ի՞նչը կարող է լինել այս պահից առավել հաճելի: Ցանկացած ժամանակաշրջան էլ իրեն յուրահատուկ հրաշքն ունի, հարցը նրանում է, թե արդյո՞ք ուզում ես ընդունել այն, թե՝ ոչ: Ես գրկաբաց ընդունել եմ նրան և այստեղ, այս պահին ինձ համար չկա առավել լավ պահ, քան «հիման» ու «այստեղը»:

Կյանքիդ ամենալավ օրը. Ամենալավ չէ, բայց ամենահիշարժանն ակնհայտ է: 2 տարի առաջ էր, երբ հանգամանքների բերումով ընկերներով գիշերեցինք Դսեղ գյուղի հարակից անտառներից մեկում: Գիշերվա մթան մեջ զարգանում էին մեր վախերը, իսկ գիշերային ցողն անխնա սառեցնում էր մեր մարմինները:

Կարինե Հովհաննիսյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Լինելու եմ փողոցով շրջող ու մուսա որոնող մի անցորդ, որին այդ մուսան նույնիսկ պետք չէ: Աշխատանքս ընդհանրապես մուսայի հետ կապված չի լինի՝ միայն թվեր, հաշվարկներ, տրամաբանություն: Բայց, հույս ունեմ՝ արվեստը, ամբողջ հումանիտար աշխարհն ու, ըստ էության, գեղեցիկը, կյանքիցս դուրս չեն մնա:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Եթե ինչ-որ հրաշքով կարողանայի ճանապարհորդել ժամանակի միջով, հավանաբար, 11 տարով հետ կգնայի՝ երբ դեռ մենակ չէի, երբ դեռ լուրջ բաների մասին մտածելու կարիք չկար, բացի մաթեմատիկայի տետրի կազմից, իհարկե: Այդ ժամանակ ամեն ինչ լուսավոր էր թվում, Երևանն ամենևին այն չէր, ինչ հիմա, մարդիկ շատ էին, և շատ էին նաև ժպիտները:

Կյանքիդ ամենալավ օրը. Դա ամառային մի հանդարտ օր էր, երբ պարզվեց, որ ընտանիքում մի անդամ է ավելացել: Շնչակտուր տուն մտա, սենյակներից մեկում զարմանալի մի իրարանցում տեսա ու վերջապես հանդիպեցի մի փոքրիկ մարդուկի, որը հետագայում փոխեց իմ կյանքն ու մնաց ամբողջ ճանապարհիս անփոփոխ ուղեկիցը:

Ստեֆանի Հարությունյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Երիտասարդ, եռանդով, լավատեսությամբ, ուժով ու կյանքով լի։ Կայացած ու հասուն, կյանքում իմ տեղը գտած, հասած մեծ բարձունքների ու հաջողությունների։ Հմուտ ու ճանաչված իրավաբան, որը հասցրել է նույնիսկ կարիերայի սկզբում օգնած լինել մարդկանց ու իր երկրին։

Իրավաբանի լուրջ ու հավասարակշռված կերպարից դուրս՝ կենսախինդ, ժպտերես ու պայծառ։ Արտաքնապես՝ հմայիչ ու վստահություն ներշնչող։

Բնավորության սուր կողմերն ավելի հղկված, ավելի ճկուն կյանքի դժվար իրավիճակներում։ Շատ ավելի հավասարակշռված, հասարակական կյանքում ակտիվ, կյանքը վայելող։ Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Չնայած ապագայի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, բայց այդ ժամանակահատվածի գեղեցկությունը հենց անկանխատեսելիության մեջ է:

Կտեղափոխվեի անցյալ՝ թերթելու մարդկության պատմության ամենանշանավոր ու կտրուկ փոփոխությունների բերած էջերը, բայց նույնիսկ մեծ ցանկության ու հնարավորության դեպքում ոչինչ չէի փոխի։ Անցյալն այն է, ինչ ունեցել ենք, ինչի հետևանքով կա ներկան ու կառուցվում է ապագան։ Կճանապարհորդեի, որպեսզի հագեցնեի հետաքրքրասիրությունս, հարստացնեի գիտելիքներս, ապրեի կոնկրետ ժամանակի հոգեբանությամբ, ծանոթանայի բազմաթիվ հերոսների հետ, իմաստության դասեր վերցնեի, զգայի ժամանակի շունչը։

Օգտվելով առիթից՝ կհավաքեի հսկայածավալ նյութեր՝ հետագայում նոր ու ստույգ դասագրքերի ստեղծման ու պատմության ուսուցումն ավելի արդյունավետ ու հետաքրքրաշարժ դարձնելու համար։ Կյանքիդ ամենալավ օրը. Դժվարանում եմ մտաբերել... հիշեցի: Գարնանային մի արևափայլ ու տաք օր էր, օդը լցված էր փիրուզե խաղաղ երկնքում վառվող արեգակի ջերմ շողերից բխող սիրով։

Այդ կախարդական օրը հրաշք էր ենթադրում, որը չուշացավ։ Թռչնակը, երկնքից ոլորաձև պտույտներ գործելով, իջավ, նստեց ուսիս ու սկսեց պատմել ինձ Կոկոմոնծիկ անունով միաեղջյուրի մասին, որը փակված է աստղաձև կղզում ու օգնության կարիք ունի։ Այդ օրվանից ի վեր կյանքս իմաստավորվեց, քանի որ գտա իմ առաքելությունը։

Տիգրան Աբրահամյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Ինձ պատկրացնում եմ հիմնականում սպորտով զբաղվելիս և ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելիս։ Արդեն հասցրել եմ մտնել պրոֆեսիոնալ սպորտի մեջ և բազմաթիվ հաջողություններ եմ գրանցել։ Երեխա ունեմ, նրա ու կնոջս հետ առանձին ենք ապրում։ Նաև ՏՏ-ոլորտում սեփական բիզնես ունեմ։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Իմ մանկություն կվերադառնայի, քանի որ այն տրված է միայն վայելելու համար և այդ ժամանակը հնարավոր չի լինի հետ բերել։ Մանկությունս անցել է անմոռանալի հիշողություններով։ Մեկ այլ պատճառ էլ կա. ուզում եմ ուղղել մանկությանս ընթացքում թույլ տված սխալներս։ Ամեն ինչ սկսվել է մանկությունից։

Կյանքիդ ամենալավ օրը. 2006-ի ամառվա սկիզբն էր, երբ հորաքրոջս տղաները եկան Հայաստան։ Ես նրանց հետ շատ կապված եմ և, բնականաբար, այդ օրն ինձ համար անմոռանալի դարձավ։ Շատ ուրախ ու հիշվող ամառ անցկացրինք՝ շրջելով Հայաստանով մեկ։ Այդ օրը ես հասկացա, թե ինչ են երջանկության արցունքները։

Անժելիկա Հակոբյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Անկախ և ազատ անձնավորություն, ով ինքն է տնօրինում իր կյանքն ու գործերը:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Չէի գնա ոչ մի տեղ:

Կյանքիդ ամենալավ օրը. Երջանիկ է իմ ամեն մի «այսօրը»: Կյանքն այսօր է պետք լիովին վայելել. երեկն արդեն անցյալում է, վաղը կարող է և չլինել:

Մարիամ Հերգնյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Ինձ պատկերացնում եմ մի անհատ, ով կարողացել է այս աշխարհում մի բան փոխել դեպի լավը:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Անկասկած, կգանայի առաջին դարի Երուսաղեմ: Այդ ժամանակ ես կկարողանայի տեսնել Աստծու որդուն, լսել նրա խրատներն ու առակները և, ինչն ամենակարևորն է, ականատես լինել նրա գործած հրաշքներին:

Կյանքիդ ամենալավ օրը. Չեմ կարող նշել իմ ամենաերջանիկ օրը, քանի որ այդպիսի օրեր իմ կյանքում շատ են եղել և հուսով եմ, որ դեռ էլի կլինեն: Դրանք այն օրերն էին, որոնց յուրաքանչյուր րոպեն ինձ հեքիաթ է թվացել: Նման օրերի ավարտին, սովորաբար, գլուխս դնում եմ բարձին ու հասկանում, թե ինչքան շնորհակալ եմ Աստծուց այն ամենի համար, ինչ ունեմ:

Ռոզի Մկրտչյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Տասը տարի անց, կարծում եմ, կլինեմ Գերմանիայում և արդեն համալսարանն ավարտած, կենսաբան կլինեմ, որն արդեն սկսում է իր հետազոտությունները Նոբելյան մրցանակ ստանալու համար: Կարծում եմ, որ իմ այժմյան ըկերների հետ դեռ մոտ կլինեմ, և ամիսը մեկ կայցելեմ նրանց Հայաստանում, և, ինչու ոչ, նրանք ինձ՝ Գերմանիայում: Հետագա պլանն արդեն նախագահ դառնալն է:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կգնայի 15-րդ դարի Իտալիա, որտեղ դեռ նոր էր սկսում Վերածննդի դարաշրջանը: 14-րդ դարի ջարդերից հետո մարդիկ սկսեցին կրկին զարգանալ, և կյանքը նրանց համար վերսկսվեց: Ծնվեցին հանճարներ, որոնք սկսեցին զբաղվել արվեստով և գեղեցկացնել երկիրը: Զարգացավ ճարտարապետությունը, փողոցում ցանկացած շենք իր առանձին գեղեցկությունն ուներ: Այդ շրջանում մարդիկ ել սկսեցին զարգանալ, շատերն էին զբաղվում փիլիսոփայությամբ և սիրում գեղեցկություն: Կուզեի այդ դարաշրջանում ապրել, որովհետև այդ ժամանակ ամեն ինչ խաղաղ էր և մարդիկ զբաղված էին իրենց կյանքը գեղեցկացնելով:

Կյանքիդ ամենալավ օրը. Փետրվարի 11-ին՝ ծննդյանս օրը, կյանքիս ամենալավ օրերից էր: Առավոտը մեր վերելակը փչացել էր, և ստիպված 13 հարկ ոտքով իջա, և երբ ներքև հասա, փաթաթված շատ մեծ նվերի տուփ տեսա: Մոտեցա բացելու, բայց վազելով ներս մտան 2 ընկերուհիս ու ասացին, որ չբացեմ: Շատ զարմացա: Հետո գնացինք դպրոց, որտեղ տուփը բացեցի ու միջից բազմաթիվ փուչիկներ դուրս թռան, նաև բազմաթիվ լուսանկարներ կային, որոնցից յուրաքանչյուրի հետևում գրված էր իր պատմությունը: Հետո բոլորով կերանք ընկերուհուս պատրաստած տորթը՝ հավաքված pancake-երից: Երեկոյան արդեն մտածում էի, որ անակնկալները վերջացել են: Ավտոբուսից իջանք ոչ մեր մշտական կանգառում, և սկսեցի կասկածել, որ ինչ-որ բան է լինելու: Մտանք սրճարան, որտեղ նստած էին բոլոր ընկերուհիներս, ավելի ուշ աշխատողներն իմ անունով թխվածք բերեցին, ինչին զուգահեռ ամբողջ սրճարանն ինձ համար երգում էր:

Վիկտոր Յավրյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Ինձ կայացած մարդ եմ պատկերացնում, որն իր տեղը գտել է այս կյանքում: Բայց եթե խոսենք մարդ տեսակի մասին, ապա 10 տարի անց կցանկանամ մնալ այնպիսին, ինչպիսին հիմա եմ:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Եթե ունենայի ժամանակի մեքենա, ապա մոտ 5 ամիս հետ կգնայի, որպեսզի ուղղեի այդ ժամանակ կատարած իմ սխալները:

Կյանքիդ ամենալավ օրը. Իմ կյանքի ամենաերջանիկ օրը սեպտեմբերի 23-ն է, քանի որ այդ օրը ծնվել է ինձ համար շատ կարևոր մի մարդ:

Գոհար Սարոյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Տասը տարի անց ինձ պատկերացնում եմ համալսարանն ավարտած, մասնագիտությանս տիրապետող անձնավորություն: Երևանում մեծ բժշկական ընկերության տնօրեն եմ պատկերացնում նաև: Կարծում եմ, որ արդեն ամուսնացած կլինեմ, պահպանած կլինեմ ներկայիս շրջապատը, բայց իհարկե, ձեռք կբերեմ նաև նոր ընկերներ և գործընկերներ:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կճանապարհորդեի դեպի ապագա, 100 տարի առաջ: Կգնայի և կտեսնեի ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես է փոխվել մարդկանց շփումը և քաղաքակրթությունը: Շատ առաջ չէի գնա, օրինակ՝ 500 տարի, քանի որ փոփոխություններն այնքան հսկայական կլինիեն, որ ոչինչ չէի հասկանա և կզղջայի իմ ճանապարհորդության համար:

Կյանքիդ ամենալավ օրը. Իմ կյանքում լավ օրեր շատ են եղել, բայց կառանձնացնեի մեկը: Երկու տարի առաջ ընտանիքիս հետ այցելեցի իմ երազանքների քաղաք՝ Փարիզ: Առավոտյան, երբ ինքնաթիռն իջավ, արդեն հրճվանքի մեջ էի, իսկ երբ արդեն սկսեցինք զբոսնել Փարիզի փողոցներով, այդ զգացողությունները կրկնապատկվեցին: Այդ օրն այցելեցինք Փարիզի հրաշքներից մի քանիսը՝ տեսանք Էյֆելյան աշտարակը, Լուվրը (որտեղ հերթերը հսկայական էին, բայց դիմացանք), եղանք նաև Աստվածամոր տաճարում: Երեկոյան գնացինք Փարիզի սրճարաններից մեկը և համտեսեցինք փարիզյան ճաշատեսակներից մի քանիսը: Այդ օրն ընդմիշտ կհիշեմ:

Հակոբ Հակոբյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Երևի արդեն հասած կլինեմ իմ նպատակին և շատ բարձր մակարդակի մասնագետ կլինեմ՝ բժիշկ: Իմ շրջապատից շատերն ինձ հետ կլինեն նաև այդ ժամանակահատվածում: Պլանավորում եմ ուսումս ավարտելուց հետո նաև ամուր ընտանիք կազմել:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Ներկան կկանգնեցնեի և կգնայի դեպի ապագա, որտեղ կապրեի մոտ 5 տարի, հետո հետ կվերադառնայի ներկա և այդպես շարունակ: Երևի այդպես հետաքրքիր կլինի, որովհետև ուզում եմ տեսնել, թե իմ կյանքում մեծ դեր խաղացող մարդկանց ինչ ապագա է սպասվում, ինչպես նաև ինձ:

Կյանքիդ ամենալավ օրը. Կյանքի ամենալավ օրն ընկերոջս ծննդյան օրն էր: Բոլորս շատ լավ օր անցկացրինք և բազմաթիվ վայրեր այցելեցինք: Տղաները շատ ուրախ էին, ես նույնպես, և տպավորություն էր, թե բոլորիս ծննդյան օրն էր:

ՄարիաՔուլորի

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Կլինեմ 26 տարեկան, հուսամ, որ կունենամ լավ աշխատանք կամ դեռ ուսումս շարունակելուց կլինեմ, կախված նրանից, թե որտեղ կսովորեմ: Ապահովված կլինեմ, կունենամ ինչ-որ մեկին կողքիս, որն ինձ կուղեկցի ամբողջ կյանքիս ընթացքում, և ում կկարողանամ վստահել:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Կվերադառնայի 1960-ականներ, որովհետև այդ ժամանակաշրջանն ինձ շատ հոգեհարազատ է, այդ տարիների rock and roll-ը, այդ պարերը, այդ ամենն ինձ ահավոր դուր են գալիս:

Կյանքիդ ամենալավ օրը. Չեմ կարող նշել, որովհետև կյանքումս շատ են լավ օրեր եղել և ընտրել դրանցից մեկը մի քիչ բարդ է: Բայց երևի դրանցից մեկն այն օրն էր, երբ հանդիպեցի մարդկանց, ում հետ հիմա երջանիկ եմ, ում հետ շատ երկար ճանապարհ եմ անցել, ու ովքեր մինչև հիմա կողքիս են:

Նանե Մուրադյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Տասը տարի անց 27 տարեկան կլինեմ, ամուսնացած, բայց հոգով երիտասարդ, կփորձեմ հնարավորինս շատ ճանապարհորդել՝ տեսնելու աշխարհի գեղեցկությունը: Բնականաբար, չգիտեմ՝ երեխա կունենամ, թե՝ ոչ, բայց չեմ էլ ցանկանում մտածել այդ մասին: Կունենամ իմ ընկերությունը, որը կկառավարեմ քույրերիս և եղբորս հետ, ու այդ աշխատանքով կզբաղվեմ մեծ հաճույքով:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Ճիշտ չէ մեր ժամանակից շեղվելը, որովհետև մի պատճառ կա, որ հենց մեր օրերում ենք ծնվել: Բայց կուզեի հետ վերադառնալ ու տեսնել մարդու ստեղծումը, ինչպես նաև, թե ինչպես մարդկությունը նոր մշակույթ, նոր պատմություն ստեղծեց:

Կյանքիդ ամենալավ օրը. Շատ հիշվող օրեր եմ ունեցել, բայց ամենավառը նրանք են, երբ ընտանիքով Դիսնեյլենդում էինք: Այնտեղ գտնվելն ինձ համար շատ յուրօրինակ իրադարձություն էր: Հիանում էի այն գույներով, հեքիաթներով, ուրախ պահերով, ու դրական էներգիայով, որ ստացա այնտեղ:

Սոնա Միքայելյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Հույս ունեմ, որ 10 տարի անց համալսարանն արդեն ավարտած կլինեմ, և լավ դիվանագետ կլինեմ: Կարծում եմ, որ կապրեմ Հայաստանում, որովհետև չեմ ուզում ապրել արտերկրում: Չեմ կարող ասել՝ ընտանիք կունենամ, թե՝ ոչ, դա կախված է հանգամանքներից: Հույս ունեմ, որ կունենամ լավ շրջապատ, ընկերներ, ում կողքին ինձ միշտ լավ կզգամ, մանավանդ մասնագիտական առումով:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Շատ կուզեյի, որ ժամանակի մեքենան իրոք գոյություն ունենար, և եթե հնարավորություն լիներ օգտվել դրանից, հավանաբար, կգնայի 17-րդ դար, որովհետև շատ եմ սիրում այդ ժամանակաշրջանը: Հատկապես ինձ դուր է գալիս այն, որ չկային տեխնոլոգիաներ և մարդիկ կարողանում էին ապրել առանց այդ տեխնոլոգիաների, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքականություն վարել և պահել իրար հետ շփումը: Բացի այդ, 17-րդ դարում, հիմնականում՝ Եվրոպայում, միապետություններ էին:

Կյանքիդ ամենալավ օրը. Կարծում եմ, որ կյանքիս ամենալավ օրը 2016-ի հունվարին էր: Նոր տարվա օրերին ընտանիքիս և մեր ընկերների հետ Եղեգնաձորում էինք: Այնտեղ 3 հիանալի օր անցկացրին, որոնցից մեկը կարող եմ մանրամասնել: Շատ ձյուն էր տեղացել. ձյունը խրամատներ սարքեցինք, բաժանվեցինք թիմերի և սկսեցինք «ձնամարտ» խաղալ, շատ հետաքրքիր էր: Բացի այդ, նույն օրը բազմաթիվ անգամ իմ սիրած խաղերից մեկն էինք խաղում` մաֆիա:

Հակոբ Արշակյան

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Ոչ մի տեղ, որպեսզի այն ամենն, ինչ ինձ համար լավ է դասավորվել, չխաթարվի։

Կյանքիդ ամենալավ օրը. Ծնվելուս օրը։ Ես լույս աշխարհ եկա ու այդ օրն ինձ մեծ հնարավորություններ տվեց։

Լիլյա Միրզոյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. 25 տարեկան եմ։ Արտերկրում եմ, արդեն ավարտում եմ համալսարանը, ունեմ հստակ նպատակներ և ծրագրեր։ Մի քիչ ավելի բարձրահասակ եմ, գեղեցիկ, ավելի խելացի, իմաստուն, կյանքի փորձ ունեմ։ Սովորող խելոք աղջիկ եմ։ Իմ կյանքը հետաքրքիր է անցնում։ Ամեն օրն ինձ համար արկած է, չնայած հիմա էլ է այդպես, բայց այդ ժամանակ ավելի շատ ազատություն և ավելի մեծ հնարավորություններ կունենամ։ Ունեմ սիրած տղա։ Նույնիսկ, հնարավոր է՝ արդեն ամուսնացած լինեմ։ Այս ամենի հետ մեկտեղ ինձ մեծ չեմ պատկերացնում։

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Հայաստան, 1994 թվական: Կուզեի տեսնել, թե ինչպես են իմ ծնողները ծանոթանում։ Ինձ միշտ հետաքրքրել է նրանց սիրո պատմությունը։

Կյանքիդ ամենալավ օրը. 2013-ի նոյեմբերի 15-ն էր։ Իմ կյանքում շատ լավ օրեր են եղել, որոնցից մեկն այդ օրն էր։ Այն ինձ համար նշանակալից դարձրեց քույրիկիս ծնունդը։ Նրա ծնունդը նախատեսված չէր, բայց ես քրոջս շատ եմ սիրում։ Նա մեր ընտանիքի երջանկությունն է։

Նարե Հոնարչյան

Նկարագրիր քեզ 10 տարի անց. Կարծում եմ՝տասը տարի անց ես կլինեմ լրիվ ուրիշ մարդ: Իրավաբանական հիմնարկի տնօրեն կլինեմ, ընտանիք, տուն կունենամ... Շատ պլաններ ունեմ: Գիտեմ, որ մեր երկրի դատական համակարգը բարելավման կարիք ունի, բայց կարծում եմ՝ այդ ժամանակ արդեն լուծած կլինեմ այդ խնդիրների մեծ մասը: Կունենամ վարորդական իրավունք և բոլոր հայերին կապացուցեմ, որ կինն էլ կարող է շատ լավ ավտոմեքենա վարել: Եվ կլինեմ հրաձգության աշխարհի չեմպիոն:

Եթե ժամանակի մեքենայով ճամփորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ինչո՞ւ. Եթե ժամանակի մեքենա ունենայի, այն արդեն այնքան օգտագործած կլինեի, որ էլ չէր աշխատի: Չէ՞ որ այնքան բան կա տեսնելու և՛ անցյալում, և՛ ապագայում, և՛ նույնիսկ ներկայում: Բայց նախ կգնայի սկիզբ, այնտեղ, որտեղից աշխարհն ու մարդկությունը սկիզբ առան՝ գտնելու այսքան ժամանակ մարդկանց տանջող հարցերը՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:

Կյանքիդ ամենալավ օրը. Կյանքիս ամենալավ օրը պատմելու համար խիզախությունս չի հերիքի, դրա համար էլ կպատմեմ լավերից մեկը: Այս ամառ գնացի Տաթև իմ ընկերուհու, նրա երիտասարդական կազմակերպության անդամների և բազմաթիվ արտասահմանցի երիտասարդ զբոսաշրջիկների հետ: Ճանապարհին բազմաթիվ տեղեր այցելեցինք, երեկոյան Գորիսի առաջին իսկ պատահած վայրում նշեցինք աղջիկներից մեկի ծնունդը, գիշերեցինք, առավոտյան տեսանք Տաթևի վանական համալիրը և հետ վերադարձանք: Սակայն, ամենակարևորն այն էր, որ ես այնտեղ ծանոթացա շատ ու շատ լավ մարդկանց հետ, որոնցից մի քանիսը հետագայում շատ բան փոխեցին իմ կյանքում:

Լուսինե Ասլանյան, Նարե Հոնարչյան, Ստեֆանի Հարությունյան, Նանե Մուրադյան, Ռոզի Մկրտչյան, Ռիմա Թորոսյան, Մարիամ Մանթաշյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Զբոսաշրջության ոլորտը՝ Ֆրանսիայից եկած ու հյուրատուն հիմնած Անիի աչքերով
Սեփականատերերը՝ կարանտինի մասին
Ինչ սկզբունքով են հայերն աղջկա ու տղայի անուն ընտրում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Սնունդ հոգևոր, սնունդ միշլենյան Աշխարհահռչակ շեֆ խոհարարի արկածները՝ հայկական Ծաղկունքում
Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար