Ձախողում՝ շահեկան դիրքերում

Ձախողում՝ շահեկան դիրքերում

Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Նրան պակասում է միայն շախմատի աշխարհի ամենահեղինակավոր և գլխավոր տիտղոսը` աշխարհի չեմպիոնի կոչումը:

PanARMENIAN.Net - Շախմատային թագի հեռանկարը բավականին հստակ էր Արոնյանի համար դեռ վաղուց, երբ աշխարհի գավաթակիր դառնալուց հետո նրան սկսեցին հրավիրել էլիտային մրցաշարերի, որոնց նպատակը չեմպիոնի տիտղոսի հավակնորդների ընտրությունն էր:

2011-ի մայիսին Արոնյանն առաջին անգամ մասնակցեց չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին Կազանում: Իսկ մինչ այդ շախմատի աշխարհում հետաքրքրական փոփոխություններ տեղի ունեցան:

Պառակտում շախմատի թագավորությունում

2010-ին Շախմատի միջազգային ֆեդերացիայում (ՖԻԴԵ) բախումների ու հակասությունների պայքար էր գնում, չնայած, որ այն ժամանակ հեղինակավոր կառույցին անդամակցում էր 180 երկիր: Մինչ այդ, 85 տարի շարունակ ՖԻԴԵ-ն աշխարհի առաջնություններ էր անցկացնում: Այդ ընթացքում տեղի էր ունեցել արդեն 51 առաջնություն: ХIХդ. վերջից մինչև ХХ-րդ դարի վերջը շախմատային գահին տիրացել է 13 «արքա», որոնցից վերջինը Գարրի Կասպարովն էր: Իսկ ХХ և ХХI դարերի սահմանագծին միանգամից 3 չեմպիոն հայտնվեց տարբեր վարկածներով: Նրանցից երկուսը` Կրամնիկն ու Անանդը շարունակեցին դասական ավանդույթը` հաղթելով իրենց նախորդներին.Կրամնիկը հաղթեց Կասպարովին, իսկ Անանդը` Կրամնիկին: Իսկ 1993 թ. Կասպարովն ու Շորթը հրաժարվեցին հերթական առաջնությունից ՖԻԴԵ-ի հովանու ներքո և խաղարկեցին շախմատային թագն ըստ իրենց իսկ ստեղծած Շախմատի պրոֆեսիոնալ ասոցիացիայի (ՇՊԱ): Այդ ժամանակվանից ի վեր զուգահեռաբար անցկացվեց աշխարհի 2 առաջնություն և ևս 2 «արքա» ի հայտ եկավ: Զուգահեռ առաջնություններն անցկացվեցին մինչև 2006 թ., երբ կոչումը միավորվեց շախմատի աշխարհի առաջնության արդյունքում, որտեղ Կրամնիկը հաղթեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Տոպալովին:

Իսկ 2006-ին պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը դասական վարկածով չեմպիոն Կրամնիկի և ՖԻԴԵ-ի չեմպիոն Տոպալովի միջև: Աշխարհի բացարձակ չեմպիոն դարձավ Կրամնիկը: Պառակտումն այսքանով ավարտվեց:

2011թ. հավակնորդների խաղերը. Մասնակիցների բարձրագույն վարկանիշը

Արոնյանի համար հավակնորդների առաջին մրցաշարը տեղի ունեցավ Կազանում` հաղթողը պետք է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկեր հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ խաղում: Մրցաշարին չի մասնակցել Մագնուս Կարլսենը (նա չեմպիոն է դարձել 2013-ին): Այն ժամանակ Կարլսենի վարկանիշը 2009-ին Նանկինում «Մեծ սաղավարտի» մրցաշարում հաղթելուց հետո հասել էր 2801-ի: Պատանի հրաշամանուկը 18 տարեկանում դարձավ ամենաերիտասարդ շախմատիստը, որը երբևէ հաղթահարել է 2800 միավորի արգելքը (նրանից առաջ ամենաերիտասարդ մասնակիցը եղել էր Կրամնիկը 25 տարեկանում): Կարլսենից առաջ միայն 4 շախմատիստի է հաջողվել հասնել 2800 միավոր վականիշի` Կասպարովին, Տոպալովին, Կրամնիկին և Անանդին: Իսկ Արոնյանը հատեց այդ սահմանագիծն ավելի ուշ` 2010-ի նոյեմբերին:

Անանդի հետ հանդիպման հավակնորդների մրցաշարի անցկացման կանոնները փոխվել են մի քանի անգամ: Սկզբում նախատեսվում էր, որ 2009թ. աշխարհի գավաթի համար մրցաշարի և 2008-2009թթ. Գրան պրիի հաղթողը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Հետագայում հավակնորդների մրցաշարի մասնակիցների թիվը հասավ 8-ի: Դա մեծ բողոքների առիթ դարձավ շախմատիստների շրջանում: Մագնուսը հրաժարվեց մասնակցել` նշելով, որ գործող համակարգը բավականաչափ «արդիական և արդար չէ» և նշեց մի քանի թերություն. տևողությունը` չեմպիոնական ցիկլը ձգվում էր 5 տարի` 2008-2012թթ., կանոնակարգի փոփոխությունն արդեն խաղարկության մեկնարկից հետո, վարկանիշի հաշվառման «խճճված» չափանիշները:

Այսպիսով, 2011-ի հավակնորդների մրցաշարին մասնակցեցին Արոնյանը (վարկանիշը` 2808), Կրամնիկը (2785), Տոպալովը (2775), Մամեդյարովը (2772), Գրիշչուկը (2747), Ռաջաբովը (2744), Գելֆանդը (2733), Կամսկին (2732): Հայ շախմատիստը, որի վարկանիշն ամենաբարձրն էր մասնակիցներից, չի հասել կիսաեզրափակիչ: Արոնյանը 4 անգամ ոչ ոքի խաղաց մրցաշարում: Քառորդ եզրափակչում «դասական» ոճում համառ պայքարից հետո Արոնյանը զիջեց թայմ-բրեյքում ռուսաստանցի Գրիշչուկին: Հիմնական պարտիաներից հետո հաշիվը 2:2 էր (4 ոչ ոքի), ռապիդում` 2,5:1,5:

Եզրափակչում խաղում էին Ալեքսանդր Գրիշչուկն ու Բորիս Գելֆանդը: Արդյունքում Անանդը խաղաց Գելֆանդի հետ:

Լեգենդար Վիշին, որը կարողացավ պաշտպանել տիտղոսը Կրամնիկի և Տոպալովի հետ խաղերում, աշխարհի միակ շախմատիստն է, որը նվաճել է շախմատի թագը` անցկացման երեք տարբեր համակարգերով: Նա կանգուն մնաց նաև Գելֆանդի հետ խաղում, սակայն դժվարությամբ: Հիմնական պարտիաներն ի հայտ չբերեցին հաղթողին` անցկացվեց թայմ-բրեյք: Արդյունքում Անանդը հաղթեց մեկ միավորի առավելությամբ:

Արոնյանը համարվում է ժամանակակից շախմատի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը, ուժեղ է նախաձեռնություն պահանջող դիրքերում և ուժեղ խաղ է ցուցադրում էնդշպիլում: Արագ խաղի, կայծակնային և Ֆիշերի շախմատի ճանաչված վարպետ է:

2013-ի հավակնորդների մրցաշարը

Լոնդոնում անցնող 2013-ի հավակնորդների մրցաշարում Արոնյանը կրկին ֆավորիտներից մեկն էր: 8 գրոսմայստերի 2 շրջանակային մրցման հաղթողը իրավունք էր ստանում խաղալու աշխարհի չեմպիոն Անանդի հետ: Արոնյանի հիմնական մրցակիցը (վարկանիշը` 2809) Կարլսենն էր, որն այն ժամանակ արդեն անհավանական թվացող վարկանիշ ուներ` 2872: Նրանցից բացի պայքարին մասնակցում էին Կրամնիկը (Ռուսաստան, 2810), Ռաջաբովը (Ադրբեջան, 2793), Գրիշչուկը (Ռուսաստան, 2764), Իվանչուկը (Ուկրաինա,2758), Սվիդլերը (Ռուսաստան, 2747), Գելֆանդը (Իսրայել, 2740):

Արդեն այն ժամանակ Կարլսենն իր հիմնական մրցակիցն էր համարում Արոնյանին: Սակայն մեր գրոսմայստերը ձախողեց մրցաշարը` կիսելով 6-7-րդ տեղերը Սվիդլերի հետ: Բեկումը հավանաբար, տեղի ունեցավ արդեն 7-րդ տուրում, երբ նա չկարողացավ հաղթել Գրիշչուկին` շահեկան դիրք ունենալով: Արդեն այն ժամանակ Արոնյանը մրցաշարն անցնելու չգիտակցված «սխեմա» որդեգրեց` հավասարումներով և շահեկան դիրքում պարտություններով: Այս «մեխանիզմի» առանցքային պահերը կրկնվեցին նաև հաջորդ մրցաշարերում: Արոնյանն ինքն ակնհայտ գերազանցության չիրացումը բացատրում է կարճ «մթագնումներով» խաղի ժամանակ, որից հետո նա անսպասելի անտրամաբանական և թույլ քայլ է կատարում:

Իսկ հաղթեց մրցաշարում Կարլսենը` իրավունք ստանալով խաղալու Անանդի հետ, որն արդեն իր նախկին մարզավիճակի մայրամուտում էր: Մրցաշարից առաջ, համաշխարհային շախմատի կուլուարներում արդեն խոսում էին, որ իրականում հենց այդ մրցաշարն է գլխավոր պայքարը շախմատի թագի համար` Մագնուսի հետ, քանի որ արդեն թուլացած Անանդին դժվար չէր լինի հաղթել 11 պարտիայում: Իսկ մրցաշարի շրջանակային համակարգով աշխարհի այն պահին ուժեղագույն շախմատիստ Կարլսենի հետ յուրաքանչյուրը պետք է խաղար միայն 2 անգամ` գրոսմայստերները 2-ական պարտիա էին խաղում իրար հետ:

Արոնյանը երկու անգամն էլ ոչ ոքի խաղաց Մագնուսի հետ: Ստացվում է, որ այն ժամանակ Արոնյանն ինչպես երբեք մոտ էր բաղձալի նպատակին: Իսկ հիմա Օլիմպոսում տիրում է նորվեգացին, որի հետ մրցակցությունը քչերին է իրատեսական թվում: Իսկ հավակնորդների մրցաշարի միջոցով հասնել նրա հետ խաղալու իրավունքին գործի կեսն է: Ի դեպ, շախմատի փորձագետները վերջին տարիներին նշում են, որ իրականում Կարլսենի հետ կարող է մրցակցել միայն Արոնյանը:

Այն ժամանակ կանխատեսումներն արդարացան: Անանդը Կարլսենի հետ խաղում զգալի դիմադրություն չցուցաբերեց` փոխանցելով թագը երիտասարդ «մեքենային», որը գրեթե անխափան է գործում:

2014-ի հավակնորդների մրցաշար` բարձրագույն վարկանիշ, ձախողված մեկնարկ և ավարտ

2014-ի հավակնորդների մրցաշարում Կարլսենի հետ խաղացին Արոնյանը (2830), Կրամնիկը (2787), Տոպալովը (2785), Անանդը (2770), Կարյակինը (2766), Սվիդլերը (2758), Մամեդյարովը (2757), Անդրեյկինը (2709):

Չեմպիոնի պաշտպանության համար պայքարի անփառունակ ավարտից հետո Անանդը գլխավոր աուտսայդերն էր: Եվ ո՞վ հաղթեց մրցաշարում: Այդ նույն գլխավոր աուտսայդերը:

Արոնյանը մրցաշարը սկսեց պարտությամբ` զիջելով Անանդին: Երկրորդ տուրում միանգամից հաղթեց Մամեդյարովին, որի հետ պարտիայում կազուս գրանցվեց`ադրբեջանցին գրեթե անհավանական քայլ կատարեց ոչ միայն շախմատային էլիտայի տեսակետից, այլ նաև խաղից մի փոքր հասկացող յուրաքանչյուր մարդու համար` կորցրեց թագուհուն: Առաջին իսկ քայլերում, առաջնախաղի վերջում: Հետո, սակայն այդպիսի նվերներ Արոնյանն այլևս չստացավ:

Հայ շախմատիստը հաղթեց նաև Սվիդլերին ու Կարյակինին` առաջատար դառնալով, իսկ հետո պարտվեց Մամեդյարովին նրա հետ երկրորդ պարտիայում: Սրանով սակայն իրավիճակը շատ չվատթարացավ, բոլոր շանսերը դեռ պահպանվում էին, սակայն Արոնյանը զիջեց ամենաթույլ մասնակիցներից մեկին` Անդրեյկինին, իսկ վերջին տուրում` նաև Կարյակինին, որին հաղթել էր սև խաղաքարերով 4-րդ տուրում:

Արդյունքում Արոնյանը գրավեց միայն 6-րդ տեղը:

Մինչդեռ Արոնյանի ձախողումների «սխեման» արդեն ինչ-որ օրինաչափության էր վերածվում:

2016-ի մրցաշարը և նույն սխալը

Մարտի 29-ին Մոսկվայում ավարտվեց հավակնորդների հերթական մրցաշարը: Արոնյանը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը: Կարլսենի հետ հանդիպման կմեկնի Կարյակինը, որը 14 հնարավորից հավաքեց 8,5 միավոր:

Մրցաշարի առաջին փուլում առաջատարն Արոնյանն էր, ինչը զարմանալի չէ: Այդպես լինում է փայլուն շախմատիստների հետ, քանի դեռ գործի չի դրվել չարաբաստիկ «մեխանիզմը». 2 չարդարացված պարտություն Անանդին և Սվիդլերին: Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը դեռևս պահպանում էր հաղթելու տեսական հնարավորությունը` միայն հարկավոր էր սպիտակ խաղաքարերով հաղթել Կարյակինին, սակայն նորից «գործի դրվեց» առավելություն ունեցող դիրքում սխալի չարաբաստիկ մեխանիզմը` ոչ ոքի:

Արդյունքում Արոնյանն ինքն էլ խոստովանեց այդ անհաջողությունը: «Ես զգալի առավելություն ունեի, ես պետք է ուղղակի նավակը վերադարձնեի c1 և բացարձակ հաղթական դիրքում կլինեի: Չգիտեմ, թե ինչու խաղացի a5` դա շատ անտաղանդ քայլ էր: Ես այսօր բաց թողեցի հաղթանակի հնարավորությունը` ինչպես և մյուս նախորդ օրերին: Մոսկովյան մրցաշարն ինձ մոտ չստացվեց, սա բաց թողած հնարավորությունների մրցաշար է: Դա ինձ շատ է վշտացրել»,-ասաց Արոնյանը:

Գրոսմայստերը չի կարծում, որ սխալ քայլի պատճառը ցայտնոտն էր: «Ես ևս 2 րոպե ունեի, իսկ դա բավարար էր տարրական գաղափարներ գտնելու համար»,-ասել է նա: Սակայն արդեն որերորդ անգամ վճռական պահերին Արոնյանի մասշտաբի շախմատիստի համար պարզ ու ակնհայտ գաղափարներն այդպես էլ մնում են անգիտակցականում՝ չկարողանալով կամ ցանկություն չունենալով ի հայտ գալ:

Արոնյանը մեկնաբանել է նաև Տոպալովի հետ պարտիան: «Կոպիտ սխալը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ պարտիայում կարծես ժամանակավոր մթագնում լիներ, որը զրկեց ինձ առավելությունից և հավասար խաղի բերեց»: Տոպալովն, իր հերթին, հայտարարեց, որ նույնիսկ ոչ ոքիի արժանի չէր Արոնյանի հետ պարտիայում, սակայն մրցակիցը չօգտվեց հաղթանակի ակնհայտ հնարավորությունից:

Մինչդեռ Կարլսենն ու Կարյակինը կմասնակցեն շախմատի պատմության մեջ աշխարհի առաջնության «ամենաերիտասարդ» խաղին:

Երկու «Կ»-երի տարիքը, որոնք կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար 2016-ի նոյեմբերին, հանրագումարում 3-ով պակաս է երկու այլ «Կ»-երի տարիքից, որոնք պայքարեցին, բայց այդպես էլ չավարտեցին 1984-1985 թթ. մրցաշարը: Կարպովն այն ժամանակ 33 տարեկան էր, Կասպարովը` 21: Մինչ 2016-ի հավակնորդների մրցաշարի արդյունքների հրապարակումը Կասպարով-Կարպով խաղը մնում էր 2 ամենաերիտասարդ հավակնորդների հանդիպումը շախմատի պատմության մեջ:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---