Հայաստանում մեկնարկել է «Ապագայի ցանցը»

Հայաստանում մեկնարկել է «Ապագայի ցանցը»

Գերարագ ինտերնետ՝ Telecom Armenia-ի և Nokia-ի կողմից

Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline) Երևանի Դավթաշեն թաղամասում ավարտել է աշխարհի առաջադեմ NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց:

PanARMENIAN.Net - «Ապագայի ցանցը» թաղամասի բնակիչների համար հասանելի է հուլիսի 2-ից, երբ այդ մասին հայտարարեց Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Ապագայի ցանցի մեկնարկի» ժամանակ:

«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի կապի պատմության մեջ: Դավթաշենից մեկնարկել է ապագայի ցանցի կառուցումը, որը ոչ միայն միակն է տարածաշրջանում, այլ նաև եզակի է աշխարհում և ապահովում է ինտերնետի անգերազանցելի արագություն ու անվտանգություն: Վստահ եմ, որ շուտով այս ցանցի հնարավորությունները լիովին կփոխեն մեր պատկերացումը ինտերնետ ծառայությունների մասին», – նշեց Եսայանը:

«Մեր ցանցն այսօր ամբողջությամբ վերազինվում է՝ փոխարինվելով օպտիկա-մանրաթելային նոր ցանցով: Նախկինում Հայաստանում բոլոր օպերատորները օպտիկա-մանրաթելային ցանցը բաշխել են բոլոր բաժանորդների միջև, երբեք չի եղել, որ մեկ բաժանորդը համակցվի մեկ նման կապուղիով», - պատմեց Telecom Armenia-ի գլխավոր տնօրենը:

Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյան

Ըստ նրա՝ այժմ իրենց բոլոր բաժանորդները կարող են մեկ տեխնոլոգիայով ստանալ տարբեր արագություններ: Եսայանն ընգծեց, որ տարածաշրջանում սա բացառիկ ցանց է լինելու՝ բացառիկ արագությամբ:

«Մենք սկսում ենք 25 Գբ/վ թողունակության մեկնարկով: ՀՀ-ում բոլոր օգտատերերի ընդհանուր միաժամանակյա օգտագործումն այժմ կազմում է ընդամենը 500 Գբ/վ, իսկ մենք առաջարկում ենք 25 Գբ/վ մեկ բաժանորդի: Կորպորատիվ փաթեթների դեպքում նախատեսված է մինչև 100 Գբ/վ», - հավելեց Եսայանը:

Մեկնարկը տրված է Դավթաշենից, հաջորդը «վերազինվելու է» Արաբկիր թաղամասը, իսկ Երևանի ցանցի արդիականացումից բացի «վերազինում է» տեղի ունենում նաև Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքներում: Նախատեսվում է Երևանը պատել նոր ցանցով մեկ տարվա ընթացքում: Եսայանի խոսքով՝ ներդրումային ծրագիրը բավականին մեծ է՝ գերազանցում է $25 մլն-ը:

Telecom Armenia-իկոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյան

NGN ցանցը ստորգետնյա հուսալի և անվտանգ ճանապարհով հասնում է մինչև Դավթաշեն վարչական շրջանի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք: Թաղամասի բնակարաններում հասանելի է առանձնացված օպտիկական մանրաթելը (dark fiber), որն անմիջապես կկապի բաժանորդի սարքերն ընկերության սերվերների հետ: Իսկ հաճախորդի տանը Wi-Fi-ով նման մեծ արագություն ապահովելու համար Telecom Armenia-ն ընտրել է ոլորտի առաջատար Nokia ընկերության սարքավորումները:

«Գերարագ լայնաշերտ ինտերնետը շատ կարևոր է պանդեմիայից հետո Եվրոպայի վերականգնման գործում: Եվ մենք այս հիանալի նախաձեռնության շրջանակում հպարտ ենք լինել Telecom Armenia-ի գլխավոր գործընկերն և երկիրը միավորել գերարագ լայնաշերտ կապով, որը թույլ կտա տարատեսակ նոր ծառայություններ մատուցել, այդ թվում և տրամադրել բարձր մակարդակի բջջային կապ», - նշեց Nokia Fixed Networks ընկերության փոխնախագահ Միկկո Լավանտին:

Նրա խոսքով՝ Հայաստանում կլինի ամենաբարձր արագությամբ ինտերնետը տարածաշրջանում, և գուցե սովորական բաժանորդներն անգամ չզգան նման բարձր արագության կարիքը, սակայն այն կօգնի սարքերին ավելի լավ աշխատել իրար հետ և կստեղծի նոր հնարավորություններ տեխնիկական զարգացման համար: Լավանտին նաև կոչ արեց հայ երիտասարդներին օգտվել այս նոր բացվող հնարավորություններից:

Nokia-ի 25G-PON լուծումը գործում է աշխարհում նորարական 25GS-PON տեխնոլոգիայի հիման վրա՝ Lightspan սարքերի, 25G/10G օպտիկական քարտերի ու մանրաթելային մոդեմների օգտագործմամբ:

Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ ընկերությունն իր առջև ծառացած մարտահրավերներն ընդունել է՝ գիտակցելով, որ ունի 2 ճանապարհ՝ կամ կրկնօրինակել շուկայում գործող այլ ընկերությունների տեխնոլոգիաները, կամ կառուցել նորը, որը կծառայի 30-ից ավելի տարի: Եվ Telecom Armenia-ն ընտրեց երկրորդ տարբերակը՝ իրագործելով մի անհավանական ծրագիր:

«Բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է Wi-Fi սարքերի անորակության պատճառով: Օպերատորները մեծամասամբ դա չեն համարում իրենց խնդիրը։ Մենք այդ խնդիրը մեզ վրա ենք վերցնում։ Այն բաժանորդները, որոնք կվստահեն մեզ և կօգտվեն մեր տրամադրած Nokia Beacon սարքավորումներից, այլևս այս խնդիրը չեն ունենա», - նշեց Գևորգյանը:

Telecom Armenia-ի Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն իր հերթին նշեց, որ բաժանորդը կստանա 2 մոդեմ:

«Լուծում ենք մի շատ կարևոր խնդիր. երբ շարժվում եք բնակարանում, լինում են տեղեր, որտեղ կապը լավ է աշխատում, լինում են տեղեր, որտեղ՝ վատ: Այս երկու մոդեմով այդ խնդիրը կլուծվի: Եվ դա հասանելի է մեր բոլոր բաժանորդներին», - հավելեց Եսայանը:

Միջոցառմանը ներկա գտնվող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդգծեց նման նախագծի իրականացման կարևորությունը երկրի տնտեսության համար:

«Այս ենթակառուցվածքը, որն առաջարկում է Telecom Armenia-ն, հեղափոխական է: Այն հրանավորություն է տալիս, որպեսզի մարդիկ իրենց տնից գրավեն աշխարհը: Ես վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ տնտեսական աճի աղբյուր կհանդիսանա և հիմք կդառնա նոր ՏՏ և ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների ստեղծման համար», - նշեց Քերոբյանը:

Telecom Armenia-իկոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյան

Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկում է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---