ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ կոնգրեսի յուրաքանչյուր տասներորդ անդամը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

Վերջերս ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանին ուղղված ամերիկյան 46 կոնգրեսականների հղումը սթափեցրեց ադրբեջանցի քաղաքական գործիչներին: Հեյդար Ալիեւի եւ քաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչների արձագանքից դատելով` Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օրենսդիրների կողմից որպես անկախ պետություն փաստացի ընդունելը ծայրահեղ անհանգստություն է առաջացրել Բաքվում: Միեւնույն ժամանակ, տեղական լրատվամիջոցները շարունակում են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի տեղացիները չգիտակցեն ԱՄՆ կոնգրեսում սկսված քարոզարշավի հետեւանքների ողջ լրջությունը:
PanARMENIAN.Net - Տեղական լսարանի համար այն փաստարկներն են բերվում, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: Իբրեւ թե «հայերի կողմից գնված» մի քանի կոնգրեսականներ պարզապես ստորագրել են ինչ-որ փաստաթուղթ, որն իրականում ոչինչ չի նշանակում: Եվ ընդհանրապես, իբրեւ թե, հայկական լոբբիստների ազդեցությունը խիստ չափազանցված է: Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Մուբարիզ Գուրբանլին, որն իշխող կուսակցության երկրորդ մարդն է համարվում, պատահականորեն չի տարածում ոչ ստույգ տեղեկատվություն հայամետ տրամադրություններով կոնգրեսականների թվի մասին: «ԱՄՆ-ում հայկական լոբբին, չնայած նպատակաուղղված եւ ակտիվ աշխատանքին, առայժմ 450 կոնգրեսականներից կարողացել է ձեռք բերել միայն 80 մարդու աջակցությունը,- պնդում է նա` հանգստացնելով համերկրացիներին: Նրա խոսքերով, այս փաստը բավականին անլուրջ է, որպեսզի անհանգստություն առաջացնի: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ իրականում կոնգրեսի «հայկական խումբը» 124 անդամ ունի: Սա բավականին մեծ ուժ է, եթե նկատի ունենանք, որ ներկայացուցիչների պալատը 435 անդամ ունի:

Պատմության մեջ դեռեւս ոչ մի անգամ ԱՄՆ խորհրդարանում հայերն այսքան թվով կողմնակիցներ չեն ունեցել: Հիշեցնենք, որ «հայկական խմբի» անդամներին առանց լուրջ ջանքերի հաջողվել էր ձեռք բերել 250 գործընկերների աջակցությունը, որոնք ստորագրել էին հայերի ցեղասպանության փաստի ընդունման պատրաստակամության մասին փաստաթուղթը: Եվ եթե սեպտեմբերի 11-ի դեպքերը չլինեին, այսպես կոչված «հայկական բանաձեւն» անկասկած կընդունվեր: Հիշեցնենք նաեւ այն, որ հայամետ տրամադրված կոնգրեսականներին միայն չորս ձայն չբավարարեց արգելելու ամերիկյան ընկերություններին մասնակցել Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության ֆինանսավորմանը: Տաս տարվա ընթացքում «հայկական խումբը» ետ է մղել Խաղաղության աջակցության Ակտի 907-րդ ուղղման վերացման` ադմինիստրացիայի փորձերը: Բաքվում այնպես են իրենց պահում, կարծես մոռացել են այս բոլորի մասին:

Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդատու, քաղաքագետ Էլդար Նամազովը վստահեցնում է համաքաղաքացիներին, որ ԼՂՀ նախագահին ուղղված հղումը ստորագրած 46 կոնգրեսականները չեն կարող եղանակ ստեղծել ամերիկյան խորհրդարանի եւ ոչ մի պալատում: Նրա խոսքերով, նրանք բոլորը ստիպված էին ստորագրել, քանի որ ընտրվել են հայերով բնակեցված նահանգներից: Միաժամանակ, հայտնի է, որ վերջին հաշվով անկախ պետության նախագահին ուղղված շնորհավորական նամակը ստորագրած կոնգրեսականների կեսն այն նահանգներն է ներկայացնում, որտեղ հազարից ավել հայ չի հավաքվի: Նամազովը նաեւ ասում է, որ անհանգստության համար ոչ մի հիմք չի տեսնում, քանի որ 46 կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատի դեռեւս կեսը, եւ նույնիսկ մեկ քառորդը չեն կազմում:

Իսկապես, Լեռնային Ղարաբաղի հանրապետության փաստացի անկախությունը ճանաչող ուղերձը ստորագրել են «հայկական խմբի» ոչ բոլոր անդամները: Սակայն սխալ կլինի չնկատել Ղարաբաղի ժողովրդի ինքնակողմնորոշման անվիճելի իրավունքի ընդունման կողմնակիցների ավելացման ակնհայտ միտումները: Դեռեւս մի քանի տարի առաջ նման բովանդակությամբ փաստաթղթերը կստորագրեին ոչ ավել, քան երկու տասնյակ օրենսդիրներ: Այսօր արդեն նրանք 46-ն են: Կար ժամանակ, երբ հենց «հայկական խուբն» էր այդքան անդամից կազմված: Այժմ խմբի մեջ է յուրաքանչյուր չորրորդ կոնգրեսականը: Կասկած չկա, որ անկախ Ղարաբաղի հաջորդ օրինական ընտրված ղեկավարին կողջունի հարյուրից ոչ քիչ ամերիկյան կոնգրեսական: Եվ դա նրանք կանեն ոչ այն պատճառով, որ կախված են հայ ընտրողներից կամ էլ նրանց ֆինանսավորող հայամետ օլիգարխներից, այլ այն պատճառով, որ իր վարկանիշով անհանգստացած յուրաքանչյուր ազնիվ քաղաքական գործչի խիղճն է դա պահանջում:

Իսկ այն մասին, թե արդյոք պաշտոնական Բաքուն կոնգրեսի «հայկական խմբի» համանախագահների վերջին նախաձեռնության առնչությամբ հիմքեր ունի անհանգստանալու, թե` ոչ, դժվար չէ դատել Հեյդար Ալիեւի եւ խորհրդարանի խոսնակ Մուրտուզ Ալեսկերովի արձագանքներից: Վերջինս կոնգրեսականների ուղերձն «անօրինական» է անվանել եւ սպառնացել է «համապատասխան քայլեր ձեռնարկել»: Նա հայտարարել է, որ միլի մեջլիսն անպայմանորեն այդ առնչությամբ համապատասխան որոշում կընդունի: Առավել դժվար է Հեյդար Ալիեւին թաքցնել իր զգացումները: Կապիտոլիումում գերիշխող տրամադրությունների առնչությամբ իր ծայրահեղ անհանգստությունն է վերջերս նա հայտնել Բաքու ժամանած Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հետ հանդիպման ընթացքում: Եվ չնայած դիվանագետը հավաստել է, որ ադմինիստրացիան ղարաբաղյան հարցում, ի տարբերություն օրենսդիրների, այլ մոտեցում ունի, նրան չի հաջողվել մեղմացնել անհանգստությունը: Ալիեւն ասել է, որ դեսպանն իզուր է նրան հանգստացրել, քանի որ նա գիտի, թե ամերիկյան օրենսդիրներն ինչ գործուն մեխանիզմներ ունեն ազդելու համար ադմինիստրացիայի քաղաքական կուրսի վրա: Նախագահը հիշեցրել է, որ եթե կոնգրեսականներն առավել քիչ զիջող լինեին, 907-րդ ուղղմամբ նախատեսված Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներն այսօր էլ կգործեին: Եվ հենց Օրդուեյը դեսպան չէր լինի, եթե Ներկայացուցիչների պալատը հավանություն չտար:

Մի խոսքով, ակնհայտ է, որ Ամերիկայի հայկական լոբբիստների վերջին նախաձեռնության ընկալման երկու տարբերակ է շրջանառվում Ադրբեջանում. մեկը ներքին օգտագործման համար, մյուսը` արտաքին լսարանի: Սակայն, սա նորություն չէ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---