ԵԹԵ ԹՈւՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱՐՎԵԼ ԱՐԵւՄՏՅԱՆ ԵՐԿԻՐ

Գերմանական թերթը թուրքերին կոչ է անում մեղանչել հայերի ցեղասպանության համար:

Գերմանական ազդեցիկ «Die Welt» օրաթերթն իր դեկտեմբերի 12-ի համարում տպագրել է «Եթե Թուրքիան ուզում է պատկանել Արեւմուտքին, չպետք է ժխտի Ցեղասպանությունը» վերնագրով Հանս Շտայնի հոդվածը: Ստորեւ այդ հրապարակումն ամբողջությամբ:
PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհն է (առնվազն Գերմանիայում) բանավիճում այն հարցի շուրջ, թե Թուրքիան կդառնա՞, պե՞տք է դառնա, թե՞ անհրաժեշտ է, որ դառնա եվրոպական ազգությունների բացառիկ ակումբի անդամ: Թուրքիայի Հանրապետությունը մշակութապես պատկանո՞ւմ է Եվրոպային, թե՞ ոչ: Ասիան Բոսֆորից չի՞ սկսվում: Եվ իրականում ի՞նչ է նշանակում «մշակութապես»: Կամ, այնուամենայնիվ, ի՞նչ է «Եվրոպա» ասվածը:
Առաջարկում եմ «Թուրքիան Եվրոպայի՞ն է պատկանում» նախադասությունը փոխարինել «Թուրքիան Արեւմուտքի՞ն է պատկանում» նախադասությամբ: Այս դեպքում «Արեւմուտք» ասելով ոչ մի կոնկրետ աշխարհագրական տարածք չենք հասկանում, ոչ էլ կոնկրետ մշակույթ կամ պետություն: Արեւմուտքը բնորոշվում է անընդհատ ինքն իրեն հարց տալու ցանկությամբ: Միայն այն երկրները, որոնք համարձակվում են «կեղտոտել իրենց բույնը» կամ ներսում բարձրաձայն խոսել իրենց «կեղտոտ շորերի» մասին, իրավունք ունեն «արեւմտյան» կոչվելու:

Այսպես, Ֆրանսիան արեւմտյան պետություն է, որովհետեւ այնտեղ ամեն մեկը կարող է ազատ եւ բացահայտ խոսել ալժիրյան պատերազմի կտտանքների մասին: ԱՄՆ-ն արեւմտյան է, քանզի յուրաքանչյուր դպրոցական երեխա տեղյակ է, որ հնդկացիներին կոտորել են, սեւամորթ ստրուկների հանդեպ գործադրվել ոճիրներ: Բերթոլդ Բրեխտը ժամանակին գրել է. «Թող ուրիշները խոսեն իրենց մեղքերի մասին, ես կխոսեմ իմ սեփական մեղքերի մասին»: Կարեւոր չէ, որ նա իրոք խոսել է դրանց մասին, բայց այդ արտահայտությունը որպես նշանաբան անտեսանելիորեն ծածանվում է յուրաքանչյուր արեւմտյան պետության դրոշի վրա: Ազատական ժողովրդավարությունն ապահովվում է խորհրդարանական ընտրություններում, իշխանությունների բաժանման եւ ազատ հավաքույթների բնագավառներում: Բայց այս բոլոր հիանալի բաները պարզ մաթեմատիկական ֆունկցիաներ են` քողարկելու սեփական պատմության ամոթալի ու մութ էջերը:

Սա հատկապես անհրաժեշտ է Թուրքիային, որն իր պատմության նկուղներում անշնչացած դիակների լեռնակույտեր է պահում: 1915-ին օսմանցիներն իրագործեցին մեր ժամանակների առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկուկես միլիոն հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ: Այս ցեղասպանությունը լավ փաստագրված է: Կան գերմանացի գրող Արմին Թ. Վեգների, Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուի եւ ավստրիացի զինվորական բանագնաց Պոմիանկովսկիի ականատեսի վկայությունները: Կան բազմաթիվ զեկուցագրեր եւ հեռագրեր, որոնք վկայում են կատարված ոճրագործության մասին: Առաջին աշխարհամարտից որոշ ժամանակ անց Թուրքիան ինքը պատրաստվում էր պատժել բոլոր նրանց, ովքեր սառնասրտորեն ծրագրել եւ իրագործել էին կոտորածները: Բայց շուտով այդ պատրաստակամությունը զիջեց իր տեղը ժխտումներին:

Սա հիմնավորապես անհեթեթություն է, քանի որ թուրքական հանրապետությունը իրավաբանորեն պատասխանատու չէ նախորդ վարչակարգի արարքների համար: Հակառակ դրան, Թուրքիան մինչեւ օրս պնդում է, որ Հայոց ցեղասպանություն երբեք տեղի չի ունեցել: Պաշտոնական տարբերակն այնտեղ հետեւյալ կերպ է հնչում. «Առաջին աշխարհամարտի օրերին հայերը ռուսների հետ ապստամբություն էին պատրաստում, որը ճնշվեց: Կոտորածնե՞ր: Այո, կային: Հայերը սպանեցին թուրքերին»: Այս ձեւով զոհը մի անգամ եւս սպանվում է... ստերի միջոցով:

Թուրքիան պատկանո՞ւմ է Արեւմուտքին: Թուրքիան ցանկանո՞ւմ է պատկանել Արեւմուտքին: Եթե այո, ապա Թուրքիան պետք է դադարի վարվել երեխայի նման, որը կարծում է, թե աչքերը փակելով անտեսանելի է դառնում: Թուրքիան պետք է ի վերջո նայի փաստերի արյունալի երեսին: Թող թյուրիմացություններ չլինեն: Ոչ ոք չի պահանջում, որ Թուրքիան ինչ-որ ծառայություն մատուցի հայերին: Տարածքային կամ նյութական փոխհատուցման պահանջ չի կարող լինել: Բայց սպանվածների հետեւորդներն իրավունք ունեն տեսնելու, որ Դեր Զորի անապատներ բռնագաղթածները, կտտանքների ենթարկվածները, սովամահ եղածներն ու խեղդված երեխաներն ի վերջո կարողանան ննջել խաղաղ:

Սա ամենից առաջ Թուրքիայի ազգային շահերի օգտին է: Քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, երբեք ներքին խաղաղություն չի ունենալու: Իհարկե, այդ երկիրը բավական երկար ճանապարհ է անցել դեպի ազատություն. պետությունն ու կրոնն անջատ են իրարից, գոյություն ունի ընտրված խորհրդարան, եւ մասամբ ազատ է մամուլը: Բայց Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում մնում է տաբու, փոքրամասնությունների խնդիրները հին մեթոդներով լուծելու գայթակղությունն առկա է: Քրդերն, օրինակ, այս մասին շատ տխուր պատմություններ կարող են պատմել: Եթե սեփական մեղքերի աչքերին նայելու ցանկության արդյունքը լիբերալ ժողովրդավարությունն է, ապա երեւի դեռ վաղ է Թուրքիայում «բերքահավաքի» մասին խոսել:

Հոդվածն արտատպված է «Ազգ» օրաթերթից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---