ԿԿԱՅԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՌԵՋԵՊ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Անմիջական բանակցությունների անցկացման հնարավորության մասին ոչպաշտոնական տեղեկությունները պաշտոնական աղբյուրները ոչ հաստատում են, եւ ոչ էլ ժխտում:

Սենսացիոն կարելի է անվանել Անկարայում տպագրվող «Զաման» թերթի տարածած հաղորդագրությունը: Հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին` թերթի մեկնաբանը հավաստում է, որ առաջիկայում Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը հնարավոր է հանդես գա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու առաջարկով: Նման հանդիպումը, եթե այն իսկապես տեղի ունենա, աննախադեպ կլինի: Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները նախկինում միջազգային տարբեր քննարկումներին մակերեսային կապեր ունեցել են, սակայն պատմության մեջ դեռեւս երբեք նրանց երկխոսության առարկան չի դարձել երկու ազգերի միջեւ ծագած քաղաքական խնդիրների կարգավորման հարցը:
PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ Ռեջեպ Էրդողանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ անմիջական բանակցությունների մասին խոսակցություններին նախորդել էր երկու առաջնորդների նամակագրությունը: Ապրիլի կեսին թուրք առաջնորդը Հայաստանի նախագահին նամակ ուղարկեց, որում առաջարկում էր ստեղծել պատմաբանների համատեղ խումբ, որն ուսումնասիրելով պահոցները` կպարզեր, թե արդյոք 1915թ.-ի դեպքերը կազմակերպված ցեղասպանություն էին: Պատասխան նամակում Ռոբերտ Քոչարյանն այլընտրանքային առաջարկ ներկայացրեց: Հայաստանի ղեկավարն ընդգծեց, որ առավել տրամաբանական է համարում, որ քաղաքական առաջնորդներն իրենց վրա վերցնեն ստեղծված իրադրությունից ելք գտնելու պատասխանատվությունը եւ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված առանց նախապայմանների երկխոսություն սկսեն: «Զամանի» հրապարակումներից դատելով` Թուրքիայի կառավարությունը մտադիր է սեղմել իրեն երկարացված ձեռքը:

Ակնհայտ է, որ երկու առաջնորդների նախաձեռնությունները մեկը մյուսի շարունակությունը չեն: Դրանք նույնիսկ հակասում են իրար: Եթե Քոչարյան-Էրդողան հանդիպումը կայանա, ապա պետք է հիշել, որ դրա քննարկման առարկան պետք է առաջարկի հենց հայկական, այլ ոչ` թուրքական կողմը, քանի որ անցյալ դարասկզբի իրադարձությունների գիտական, պատմական մակարդակով քննարկման գաղափարն ըստ էության մերժվել է Հայաստանի նախագահի կողմից: Այնուհանդերձ, տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության վերսկսման նախաձեռնությամբ Անկարան ի սկզբանե տրամադրված էր հենց քաղաքական մակարդակով կապերի հաստատմանը: Իսկ պատմաբանների հանձնախմբի ստեղծման առաջարկը զուտ «խոսակցությունը սկսելու առիթ էր», որովհետեւ դժվար չէր ենթադրել նմանատիպ հայտարարությունների հանդեպ Երեւանի բացասական արձագանքը: Էրդողանը գոհ է, քանի որ Քոչարյանը ամբողջական հրաժարականով չի պատասխանել, այլ` բանակցությունների սեղանի շուրջ նստելու բարյացակամ առաջարկով: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը Հայաստանի նախագահի ուղերձը դրական է անվանել: Թուրքերը գնահատել են Ռոբերտ Քոչարյանի զսպվածությունը, ով իր ուղերձում չի հիշատակել «ցեղասպանություն» բառը եւ միաժամանակ ընդգծել է երկխոսությանը «առանց որեւէ նախապայմանների»` Երեւանի պատրաստակամությունը:

Հակված լինելով ընդունել հայկական կողմի առաջարկը` Անկարան առաջարկում է «խառը ձեւաչափ»` Էրդողանը ակնարկել է քաղաքական հարաբերությունների զարգացման պատրաստակամության մասին, զուգահեռաբար ուսումնասիրելով պատմությունը: «Մենք չենք ասում, որ քաղաքականությունը պետք է թողնենք պատմաբաններին: Իհարկե, մենք կզբաղվենք քաղաքականությամբ»,- հայտարարել է նա: Որոշակի առաջխաղացումներ է հնարավոր համարում նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ամդուլլա Գյուլը: Նա ընդգծել է, որ եթե Երեւանը համապատասխան պատասխան տա վարչապետ Էրդողանի նախաձեռնությանը, ապա «իրադարձությունների որոշակի զարգացումներ տեղի կունենան»:

Թուրքական մամուլն արդեն լրջորեն քննարկում է, թե կոնկրետ որտեղ պետք է տեղի ունենա Քոչարյանի եւ Էրդողանի հանդիպումը: Երկու առավել հավանական տարբերկներն են` Մոսկվայում, ուր առաջնորդները մասնակցելու են ֆաշիզմի դեմ հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին, եւ Վարշավայում, ուր մայիսի 15-ին իր աշխատանքները կսկսի Եվրախորհրդի անդամ-պետությունների ղեկավարների գագաթաժողովը: Երկրորդ տարբերակը թուրք լրագրողներն առավել հավանական են համարում: Միաժամանակ, նշենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հանդիպման անցկացմանն առնչվող ոչ մի առաջարկ չի ստացել Անկարայից: Չնայած այդ հանդիպման հնարավորությունը ոչ ոք չի բացառում: «Զամանը» նշում է, որ բանակցությունների կայացման ժամկետների եւ վայրի մասին դեռեւս ոչ մի պայմանավորվածություն չկա, եւ խոսքն առայժմ մտադրության մասին է: Այդ դեպքում հարց է ծագում` թուրք դիվանագետները ի՞նչ նպատակով են տեղեկատվության արտահոսք կազմակերպել Քոչարյան-Էրդողան հանդիպման հնարավորության մասին: Ամենայն հավանականությամբ ԱԳՆ-ին հանձնարարված էր ստուգել հանրության արձագանքը բարձր մակարդակով ուղիղ երկխոսության անցկացման գաղափարի հանդեպ:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---