Nabucco` հերթական քաղաքա-էներգետիկական նախագիծը

Ադրբեջանն ուզում է ողջ աշխարհին եւ առաջին հերթին` ԱՄՆ-ին, ցույց տալ, որ հեռանում է Ռուսաստանից, քանի որ գլխավոր գազատարի նախագծում ռուսական գազի համար տեղ չկա

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ «գազային պատերազմը», որը գրեթե առանց գազի թողեց ողջ Եվրոպային, ռուսական գազի սպառողներին ստիպեց լրջորեն մտածել Եվրոպա փոխադրվող էներգառեսուրսների այլընտրանքային ճանապարհների մասին: Հենց դրան էր նվիրված վերջերս Բուդապեշտում կայացած գագաթաժողովը, որին հավաքվել էին Ռուսաստանը շրջանցող ու Կենտրոնական Ասիայից Եվրամիության երկրներ, առաջին հերթին` Ավստրիա եւ Գերմանիա տանող 3,3 հազ. կմ երկարությամբ գլխավոր գազատարի Nabucco-նախագծի բաժնետերերը:

PanARMENIAN.Net - Սկզբում` 2004թ. ներկայացված Nabucco խողովակաշարի նախագիծը ենթադրում էր գազի մատակարարում Պարսից ծոցում գտնվող Իրանի հանքավայրերից: 2006թ. կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալված հակամարտության հետ որոշում ընդունվեց փոփոխելու նախագիծը այնպես, որ հնարավորություն լինի գազ մատակարարելու Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ադրբեջանից: Բոլորին էլ պարզ է, որ ներկայիս փուլում նախագիծը, նախ եւ առաջ, քաղաքական բնույթ է կրում: Բավական է տեսնել գազատարի կառուցման մասնակիցների ցուցակը` OMV Gas GmbH (Ավստրիա), Botas (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), S.N.T.G.N. Transgaz S.A. (Ռումինիա), MOL Natural Gas Transmission Company Ltd. (Հունգարիա), RWE (Գերմանիա): Նախնական գնահատականներով, Nabucco-ի շինարարության արժեքը կկազմի 7,9 մլրդ եվրո: Գազատարի անցումային հնարավորությունը կկազմի տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր: Շինարարական աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչեւ 2013թ.:

Նախագծի համար ուժգին պայքար են մղում Ադրբեջանն ու Թուրքիան` հիշատակելով «դարի գործարքը»` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը, ըստ էության, չարդարացրեց ծախսերը: Ճիշտ է, նավթը դրանով գնում է Եվրոպա, բայց դա այն հոսքը չէ, որը պետք է տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ բերեր, ինչի մասին սիրում են խոսել Ադրբեջանում: Նույն երեւույթը մենք հիմա տեսնում ենք կապված գազի հետ: Nabucco-ի համար գազը, նախ եւ առաջ, ենթադրվում է ստանալ Կենտրոնական Ասիայից, իսկ երկրորդ հերթին արդեն` Ադրբեջանից: Ինչ վերաբերում է վերջինին, ապա նա պարզապես ուզում է ողջ աշխարհին եւ առաջին հերթին` ԱՄՆ-ին, ցույց տալ, որ հեռանում է Ռուսաստանից, քանի որ գլխավոր գազատարի նախագծում ռուսական գազի համար տեղ չկա: Բայց Ադրբեջանում հաշվի չեն առնում մի փաստ. ԱՄՆ-ում փոխվել է վարչակազմը, եւ նախագահ Բարակ Օբաման հիմա ժամանակ չունի պարզելու Եվրոպայի «սառեցման» պատճառները: Բաքվում պետք է առավել զգոնությամբ գնահատեին այն փաստը, որ Բարակ Օբաման ապրիլին մտադիր է ժամանել Մոսկվա...

ԵՄ-ն նույնպես չի շտապում մեծ գումարներ ներդնել նախագծի մեջ` ընդամենը 250 մլն եվրո ($330 մլն): Ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը որոշել է սպասել: Բուդապեշտի գագաթաժողովին ընդունվեց բավական աղոտ մի հռչակագիր, որի էությունը հանգում է հետեւյալին. «Nabucco նախագծին մասնակցող երկրները Բուդապեշտում կայացած նիստին հաստատեցին Եվրոպայի համար նոր գազատար կառուցելու իրենց որոշումը, որոշեցին շարունակել անհրաժեշտ քաղաքական, իրավական, տնտեսական եւ ֆինանսական պայմանների ստեղծման շուրջ ջանքերը նախագծի իրականացման համար»: Բայց, ինչն ամենից կարեւորն է, մինչ օրս չի հաջողվում համաձայնեցնել ֆինանսավորման հարցերը եւ ճշտել նախագծի աշխարհագրական սահմանները:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Հիլմի Գյուլերի կարծիքով, առանց Թուրքիայի Nabucco գազատարի նախագիծը չի կարող իրականացվել: «Ես ցավում եմ, որ Nabucco գազատարի կառուցման նախագծի հարցում կողմերի մոտ կասկածներ են եղել: Այդ ընթացքում մենք արդեն կարող էինք կառուցած լինել գազատարը»,- ասել է նա Բուդապեշտում:

Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի կարծիքով, Nabucco նախագիծը ըմբռնում չունի: «Մինչեւ հիմա հայտնի չէ, թե ով է վաճառելու եւ ով է գնելու գազը, որի շուրջ արդեն հինգ տարի շարունակ քննարկումներ են ընթանում»,- նշել է նա «Nabucco գազային նախագիծ. պլյուսերն ու մինուսները ՌԴ-ի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար» թեմայով Բաքու-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ:

Փորձագետը նշեց, որ տվյալ նախագծի մասնակից երկրների մեծ մասը գազ քիչ է սպառում: Իսկ նրանց համառ ձգտումը բացատրվում է պարզապես որպես գազի փոխադրող ոչ պակաս շահաբաժին վաստակելու ցանկությամբ: «Ի դեպ, նախագծի մասնակից երկրների մի մասը չեն թաքցնում նաեւ ռուսական «Հարավային հոսք» նախագծի իրանացման իրենց ցանկությունը: Դա խոսում է այն մասին, որ տվյալ նախագիծը, այնուամենայնիվ, քաղաքական է»,- նշել է Ի.Շաբանը:

Մնում է ավելացնել, որ Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների ջերմացման դեպքում քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է. նախագիծը կվերադառնա իր նախնական տարբերակին` իրանական գազի փոխադրմանը: Եւ այդժամ արդեն Իրանն է որոշելու ճանապարհը: Եւ դա նույնպես քաղաքական նախագիծ է լինելու, որովհետեւ միշտ էլ էներգետիկան է թելադրում քաղաքականությանը, եւ ոչ թե` հակառակը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը

Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---