Գերմանիան Հայաստանին 51 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Որոտանի հէկ-երի համակարգի վերակառուցման համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և KfW բանկի առաջին փոխնախագահ Եվա Վիտը Որոտանի հէկ-երի համակարգի վերակառուցման և վերազինման ծրագրի շրջանակում ստորագրեցին 51 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային պայմանագրեր:

Ծրագիրն ունի ԳԴՀ կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ բաղադրիչ, որի մարման ժամկետը 40 տարի է` 10 տարի արտոնյալ ժամկետով, իսկ մնացած գումարը տրամադրվում է KfW բանկի սեփական միջոցներից 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ: Վարկը տրամադրվում է շուրջ 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարկի առաջին մասնաբաժինը 29 մլն եվրո է, որը տրամադրվում է ԳԴՀ և ՀՀ կառավարությունների միջև 2007-2008թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, մնացած 22 մլն եվրո գումարի լրացուցիչ ֆինանսավորման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարի հուլիս ամսին Բոննում կայացած 2009-2010թթ. հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքում:

Որոտանի կասկադն ունի համակարգային նշանակություն: Ծրագրով նախատեսվում է իրականացնել Տաթև, Սպանդարյան և Շամբ հէկ-երի վերազինման, էլեկտրամեխանիկական մասի վերակառուցման և նորացման աշխատանքներ, ինչի արդյունքում էապես կբարձրանա Որոտանի հէկ-երի համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը: Ծրագիրը կմեկնարկի 2011թ. սկզբին և կիրականացվի 4 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---