Հայ իլյուստրատորը՝ իր միստիկ կերպարների ու թվային արվեստի մասին

Մայր Ամենածինն ու չեղած աշխարհի այլ զավակները.

Հայ իլյուստրատորը՝ իր միստիկ կերպարների ու թվային արվեստի մասին

PanARMENIAN.Net - Միֆական ու միստիկ, բազմաշերտ ու դետալային․ երիտասարդ իլյուստրատոր Վիքեթ Հովհաննիսյանի աշխատանքներում աշխարհն այլ է, ինքը՝ այլ աշխարհում։

Հրաշքների աշխարհում հայտնված Ալիսայից մինչև ալքիմիա․ Վիքեթն ասում է՝ շատ է էքսպերիմենտալբաներ է անում, և քանի որ արվեստը պատում է, ինքն իրենից հեռու չի գնում։ Ուսումնասիրում, սովորում ու օգտագործում է ամենաշատը հենց իրեն ու իրենից, բայց, միաժամանակ, խուսափում է որպես արվեստագետ իր գործունեությանն անուններ տալուց․ դա իր ամենաբնական վիճակն է։

PanARMENIAN.Net ին Վիքեթը պատմել է այդ վիճակների ու իր միստիկ աշխարհների մասին։

Վիքեթը հրաշքների աշխարհում

Կարծում եմ՝ արվեստը ներսից բխող բան է, և ինչ էլ արվեստագետը պատմի, ուզում է փողոցի շան մասին էլ խոսի, իր մասին է։ Չեմ էլ թաքցնում դա. մարդիկ կան, ասում են՝ այդպես չէ։ 4 տարի է՝ մի նախագծի վրա եմ աշխատում՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի և դրա «Հայելու աշխարհը» գլխի մասին։ Այդտեղ Ալիսան ես եմ, այդ մտքով էլ մեծացել եմ։

Այս նախագիծն իրենից ավելի շատ քարտերի իլյուստրացիա է ներկայացնում, այդ ֆորմատով է ներկայացված։ Այն միստիկ, սյուրռեալիզմոտ ինչ-որ բան է, նույնիսկ բարդ է սեփական աշխատանքին ինչ-որ անուն դնել։ Իլյուտրացիայի վրա բավականին երկար ժամանակ է ծախսվել, այն միայն նկար չէ, լիքը գաղտնի սիմվոլներ կան։ Բոլոր կերպարները հայելիներից են դուրս եկել ու թվում է, թե իրենք նույնական են, բայց ո՛չ. դրանցում շատ տարբերություններ կան, որոնք գալիս են թե՛ հեքիաթից, թե՛ կյանքի մասին ինդիվիդուալ մոտեցումներից։

Ամենակարևոր բանը, որ ուզում եմ ցույց տալ այս նախագծով, չափերի իլյուզիան է։ Դա նաև հեքիաթում է ամենատպավորիչ բաներից մեկը․ փսիխոդելիկ վիճակը, որ դու քո ֆիզիկական մարմնի չափի զգացումն ես կորցնում։ Միջոցներ եմ փնտրում նախագծիս ցուցահանդեսի համար։

Unholey նախագիծը և Մայր Ամենածինը․ «Եթե չկամ, ստեղծիր ինձ»

Unholey-ը երկրորդ նախագիծս է. մի քիչ համաձայն եմ՝ դժվար է հասկացվում։ Որոշ մարդիկ անգամ ասել են՝ բառը սխալ է գրված, բայց ո՛չ, նախագծի անունն է այդպես։ Սկսել եմ նկարել հենց կարանտինի ժամանակ․ բավականաչափ ժամանակ կար ու հնարավորություն ալտերնատիվ գործ անելու։ Շատ բնական ծնվեց նախագիծը, ի տարբերություն Ալիսայի, որ որոշված էր, պլանավորած։

Վերնագրի առումով բառախաղ եմ արել, նման բառ չկա․ unholy նշանակում է «անսուրբ», բայց իմ մոտ hole-ն է արմատը՝ ոչ թե սուրբ իմաստով, այլ hole՝ անցք իմաստով։ Այդ արարածներին նկարելիս նաև գիտական կողմով եմ խորացել, բացատրություններ տվել։ Կիսագիտական մի բան է ստացվել, անունը նույնիսկ գիտական ֆանտաստիկա կարելի է դնել։

Շարքին նաև նախաբան եմ կցել. ըստ դրա՝ իբրև սա մարգարեություն է։ Այն գիտական չէ, հենց ալքիմիական է։ Պատմում է Ուրոբորոսի ծննդի մասին, որը կյանքի և մահվան ցիկլն է խորհրդանշում։ Ուրոբորոսը, որը չունի ոչ աչք, ոչ բերան, ծնվելիս ձգվում է պոչը բերանով բռնելու․ նա չի կարող պոչը տեսնել ու բացել բերանը։ Սիմվոլը, որ դարեր շարունակ օգտագործվել է, դառնում է մի բան, որը կոտրում է կյանքի ու մահվան ցիկլը․ սկիզբն ու վերջն էլ չեն հանդիպում իրար։ Ուրոբորոսին ծնում է Մայր Ամենածինը։ Նա մայրն է, ով ամեն ինչ ու բոլորին է ծնում։

Ձևով շատ մոնումենտալ պերսոնաժ է։ Որպես արձան, հնարավոր է՝ Մայր Հայաստանի հետ ասոցիացիա կա․ իր դիրքը հիշեցնում է իգական, ուժեղ, մատրիարխալ մեկին։ Բայց Մայր Ամենածինն արխետիպային պերսոնաժ է. շատ բաներ են օգտագործվել, թեկուզ հին արվեստից։ Շուտով էլի իլյուստրացիաներ կանեմ, չակերտները կբացվեն։ Ինքն այն պերսոնաժն է, որի մեջ խորանալու եմ։ Եթե նայենք նկարին, իրենից ծնած կերպարներն իր համար գլուխ են, իսկ իր գլուխը հենց այն է, որ ինքը մայր է։

Digital-արվեստը, գործից հասկացող լսարանը, խորն անտառում թաքնված ինչ-որ բանը և իլյուստրացիայի ամենակայֆը

Հայաստանի վերջին 100 տարվա արվեստի պատմությունն էի ուսումնասիրում. իրադարձությունները քիչ են, նույնիսկ չնչին մի բան կարող է պատմության մեջ կարևոր դեր խաղալ։ Digital-արվեստը ՀՀ-ում շատ անտեսված է, կուզեմ ես այդ փոփոխությունն անեմ, որ այն ընկալվի որպես արվեստ։

Ընդհանրապես, շատ են բողոքում, որ լավ արտիստի հնարավորությունները փոքր են, բայց ես այդաստիճան պեսիմիստ չեմ։ Կարծում եմ՝ կարող եմ գտնել իմ լսարանը։ Սա շփման ձև է, որ ասում եք՝ սիմվոլիզմ է, մեջը թաքնված ինչ-որ գիտելիքներ են պետք: Հա, ես էդ ամենը սիրում եմ ու սիրում եմ մեջը թաքցնել ինչ-որ բան ու դիտողին տանել խորն անտառ՝ գաղափարի հետևից։ Հաղորդակցության այդ ձևն ինձ շատ է դուր գալիս։ Անգնահատելի բան է, որ թաքուն ու շատ փոքր բան ես նկարել, և ինչ-որ մեկը, նախ այնքան ուշադիր է, որ դա նկատում է ու այդչափ գիտելիք ունի, որ կարող է գտնել դա: Երևի իլյուստրացիայի մեջ ամենակայֆ բանն է։

Չէ, լսարան ավելացնելու համար փոփային բան չեմ փորձում անել: Հուսամ՝ կյանքում այնքան վատ չի լինի վիճակս, որ փորձեմ։ Ես գիտեմ, որ իմ աշխատանքը մեծամասնությանը չպետք է դուր գա, ու OK եմ դրա հետ։ Նույնիսկ էն պահին, որ մեծամասնությունը սկսի հավանել, պետք է սկսես կասկածել՝ արդյոք լավ գործ ես անում, թե՝ ոչ։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net