ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ «միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվության համաձայն, Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»: Ինչպես ասվում է ԵՄ նախագահության հայտարարության մեջ, «Եվրոպական Միությունն իր մտահոգությունն է հայտնում նաեւ այն փաստի կապակցությամբ, որ ընտրարշավի ընթացքում ձերբակալվել են բռնության չդիմած մարդիկ: Չնայած, որ նրանց զգալի մասն արդեն ազատ է արձակվել, ոմանք շարունակում են մնալ հսկողության տակ», - նշվում է փաստաթղթում: Մյուս կողմից, ԵՄ-ն նշում է այն առաջընթացը, որ գրանցվել է նախորդ նախագահական ընտրությունների համեմատ: Հայտարարության համաձայն, դա վերաբերվում է ընտրությունների տեխնիկական նախապատրաստվածությանը եւ մեծ թվով միջազգային եւ տեղական դիտորդների ներկայությանը: «ԵՄ-ն նշում է նաեւ ընտրական գործընթացում հասարակության լայն ներգրավման դրական փաստը», - նշվում է փաստաթղթում: «Եվրոպական Միությունը ողջունում է այն փաստը, որ չնայած լարված քաղաքական իրադրությանը, նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում չեն արձանագրվել բռնության լուրջ դրսեւորումներ»: «ԵՄ-ն ակնկալում է, որ մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին ընտրական գործընթացում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, եւ կոչ է անում Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին լիարժեք եւ օբյեկտիվ կատարել իր առաքելութոյւնը», - ընդգծվում է փաստաթղթում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԵՄ-ի Նախագահության այս հայտարարությանը միացել են նաեւ Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Մալտան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը եւ Նորվեգիան:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---