«Հայկական ժամանակը» գրում է, որ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրվել է Հայաստանի վերաբերյալ հոդված` «Լավագույն դեպքում ժողովրդավարության բեմականացում, վատթարագույն դեպքում` բռնապետություն» վերնագրով:
Թերթը գրում է, որ մայիսի 6-ի Աժ ընտրությունների շրջանում Հայաստան ժամանած Զեյմս Պատավան պատմել է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ՀՀԿ հանրահավաքի մասին, որի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով 144 մարդ է վիրավորվել: Նա այդ հանրահավաքը ներկայացրել է իբրև զզվելի թատրոն. «Դա իր ցուցադրական հանդիսավորությամբ լրիվ սովետական էր, իսկ հանրահավաքի մասնակիցները հարկադրաբար էին բերվել հրապարակ»: Կուսակցության մեկ այլ ներկայացուցչի` Թոմաս Լեյսի կարծիքով, Աժ ընտրությունները ազատ և արդար չեն կարող համարվել: Ըստ Լեյսի, ՀՀԿ հաղթանակը ժողովրդավարության բեմականացում էր: «Ընտրություններն ուղեկցվել են լայնածավալ անօրինականություններով, ընտրողների ահաբեկմամբ, կրկնակի քվեարկությամբ, ընտրողներին կաշառելով»,- ասել է նա: