ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում դատապարտել Բաքվի հարձակումը Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում դատապարտել Բաքվի հարձակումը Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանն ու ֆրենկ Փալլոունը երեքշաբթի դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա, որի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Կոնգրեսականները կոչ են արել տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող Հիլարի Քլինթոնին հանդես գալ Բաքվին ուղղված հայտարարությամբ, մտահոգություն են հայտնել Ալիևի ռեժիմի ԱՄՆ կողմից սպառազինության վաճառքի վերաբերյալ և կոչ են արել խստացնել 907 ուղղման կիրառումը Ադրբեջանի հանդեպ, որով արգելվում է ռազմական օգնությունը Բաքվին Հայաստանի շրջափակման պատճառով:

«Ադրբեջանական սադրանքները շփման գծում Ալիևի ռեժիմի ռազմական հռետորության անմիջական արդյունքն են և պետք է կասեցվեն: Մենք պետք է բողջ խստությամբ կիրառենք 907-րդ ուղղումը և արգելենք զենքի վաճառքն Ադրբեջանին»,-հայտարարել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Բրեդ Շերմանն, իր հերթին, նշել է, որ Բաքուն հավատարիմ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է արել ԱՄՆ վարչակազմին դատապարտել ադրբեջանական դիվերսիան ու ապահովել 907 ուղղման կիրառումը Ադրբեջանի հանդեպ:

Իսկ կոնգրեսական Փալոունը հույս է հայտնել, որ Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բաքվում հստակ կհասկացնի, որ Վաշինգտոնը չի հաշտվի բռնության հետ ու պատասխանատվության կենթարկի ադրբեջանական կողմին:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ