Քննարկվել է պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը փոփոխելու նախագիծը

Քննարկվել է պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը փոփոխելու  նախագիծը

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն երեք անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Ըստ նախարարի՝ անցյալ տարվա ընթացքում այս օրենքից օգտվել է 728 հոգի և հիմնադրամ է մուծվել 1 մլրդ 300մլն դրամ: Ըստ կառավարության ներկայացուցչի՝ առաջարկվում է գործող օրենքում «2011 թվականի մայիսի 1-ը» փոխարինել «2012 թվականի նոյեմբերի 1-ը» բառով: Օրինագծի ընդունմամբ կարգավորվում է ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովվում է այդ երիտասարդների վերադարձը հայրենիք: Հանդես գալով հարակից զեկուցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հովհաննիսյանը նշել է, որ օրենքը բավական երկար նախապատմություն ունի, և տարիները ցույց են տվել, որ Հայաստանում այսօր ներդրված է աշխարհում կիրառվող լուծումներից ամենագործունը: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ քաղաքացին անպայման պետք է ներդրում ունենա հայրենիքի պաշտպանության գործում, և այն կարող է լինել նաև գումարային, ինչն օգտագործվում է պայմանագրային զինծառայողներին վարձատրելու համար: Նա միաժամանակ նկատել է, որ օրենքը չպետք է դիտվի որպես պատիժ կամ խրախուսանք. այն կարող է հիմք ծառայել հետագա փոփոխությունների, զարգացումների համար, որոնց մասին խոսելը, ըստ Վահան Հովհաննիսյանի, դեռևս վաղ է: Հարակից զեկուցողին ուղղված հարցերը և հաջորդած մտքերի փոխանակության ժամանակ պատգամավորների հնչեցրած կարծիքները հիմնականում վերաբերել են օրենքի գործողության ժամկետներին, համակարգն առավել ճկուն դարձնելուն, ընթացակարգային խնդիրների:

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---