Դեսպան Մանուկյանը և նախարար Օդիշարիան քննարկել են Վրաստանում հայկական հուշարձանների պահպանության հարցը

Դեսպան Մանուկյանը և նախարար Օդիշարիան քննարկել են Վրաստանում հայկական հուշարձանների պահպանության  հարցը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Շնորհավորելով նախարարին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանն ընդգծեց, որ մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարևոր ոլորտներից է, ինչի պատճառը հայ և վրաց ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վրաստանի մշակույթի նախարարը, իր խորը հարգանքն արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ, կարևորեց այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան մեր ժողովուրդներին և հասարակություններին, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանն առաջարկեց Վրաստանում խթանել այնպիսի ծրագրերի, մասնավորապես` հեռուստանախագծերի իրագործումը, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում, և որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորութւյուն կտան ավելի լավ ճանաչելու Հայաստանը և հայ ժողովրդի մշակույթը: Զրուցակիցները համաձայնվեցին այդօրինակ նախագծերի ծրագրման և իրականացման արդյունավետության հարցում:

Դեսպան Մանուկյանը և նախարար Օդիշարիան քննարկեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցեր` կարևորելով վերջիններիս արագ և արդյունավետ լուծումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև 2013-2015թթ. համագործակցության ծրագրի նախագծի շրջանակներում, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցությանը և համատեղ միջոցառումների կազմակերպմանը:

 Ուշագրավ
---