«ՀԺ». Երիկամի փոխպատվաստում արած քաղաքացիները մեկուկես ամիս չեն ստացել իրենց հասանելիք դեղորայքը

«ՀԺ». Երիկամի փոխպատվաստում արած քաղաքացիները մեկուկես ամիս չեն ստացել իրենց հասանելիք դեղորայքը

PanARMENIAN.Net - Երիկամի փոխպատվաստում արած քաղաքացիները նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այժմ` ամբողջ մեկուկես ամիս, չեն ստացել իրենց հասանելիք դեղորայքը, որը ստանում են պետպատվերով: Հայաստանում հաշվառված այդ մարդկանց թիվը շուրջ 90-ն է: Առկա խնդրի մասին երեկ «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ահազանգել է «Դանկո» բարեգործական հիմնադրամի նախագահ Իվետա Էպոյանը. «Արդեն 2-3 տարի է` դեղորայքը, որը պետպատվերով պետք է հիվանդը ստանա, պարբերաբար ուշացնում են մեկ ամիս, ամիսուկես, 15-20 օր: Եվ ոչ մի բացատրություն չեն տալիս»:

«Նրա խոսքով` նշված հիվանդներին պետությունը հիմնականում տրամադրում է «Ցիկլոսպորին» կոչվող դեղը: Նույն նպատակին ծառայող դեղը, երբեմն նաև այլ անվանում է ունենում` կախված այն բանից, թե որ երկրի արտադրանք է: Ու քանի որ վերը նշված խմբի մարդկանց օրգանիզմում օտար մարմին է` երիկամ, համապատասխան դեղերն անհրաժեշտ են, որպեսզի նրանց դիմադրողականությունը նվազի և օրգանիզմը չպայքարի օտար այդ մարմնի դեմ` թույլ տալով դրան արդյունավետ գործել: «Իսկ եթե այդ դեղը դոզայով պակասում է կամ չեն խմում մի քանի օր, փաստորեն, արդեն ռիսկ կա, որ փոխպատվաստված օրգանն այլևս չի աշխատի: Դա կարևոր դեղ է, որը մեր հիվանդները չեն կարող գնել»,- ասաց բարեգործական հիմնադրամի նախագահը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նախորդ տարեվերջին «Ցիկլոսպորին»-ի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել և որոշակիորեն ձգձգվել է հիվանդների դեղի տրամադրումը: Պակասն, ըստ նրա, փորձել են լրացնել այլ աղբյուրներից: Քրմոյանը վստահեցրել է, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում դեղերը կհասնեն իրենց հասցեատերերին»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---