19 հունվարի 2013 - 09:47 AMT
«Հրապարակ». Մայր Աթոռը շինարարին պարտք է մնացել մոտ 110 միլիոն դրամ և հրաժարվում է վճարել

«Հրապարակ»-ը գրում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դեռևս տարիներ առաջ Մայր Աթոռի Հայորդաց տան, ինչպես նաև Սևանի վանական համալիրի բարեկարգման աշխատանքների համար մրցույթ է հայտարարել: Կարող էր, չէ՞, Վեհափառն իր մտերիմներից մեկին «ատկատով» տրամադրել բարեկարգումը, առավել ևս, որ այդ տարիներին «ատկատները» չէին բացահայտվում, բայց կաթողիկոսն այնքան օրինապաշտ եղավ, որ պատահական մեկը շահեց տենդերը: Բաց և թափանցիկ մրցույթով հաղթած դյուրահավատը, սակայն, ենթարկվեց փորձության: Փորձությունն էլ ոչ այլ ինչ էր, քան վաստակած գումարի մի զգալի մասից զրկվելը: Եվ այսպես, 2006 թվականին «Սասունասար» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Անդրանիկ Ստեփանյանի, մասնակցելով տվյալ մրցույթին, հաղթում է: Հոգևորականներից հանձնաժողով է կազմվում, պայմանագիր կնքվում, կազմվում նախահաշիվ: Նախահաշվով պարտավորվում են ընկերությանը վճարել 418 միլիոն 13 հազար 480 դրամ` Հայորդաց տան և 84 միլիոն 967 հազար 300 դրամ` Սևանի վանական համալիրի բարեկարգման համար: 2010 թվականին հանձնվել են աշխատանքները, սակայն գումարի մի մասը չի վճարվել: Ըստ Անդրանիկ Ստեփանյանի, Մայր Աթոռն իրեն պարտք է մնացել մոտ 110 միլիոն դրամ, որից «անորակ աշխատանքների» գումարը հանել են, մնացել է 70 միլիոնը: Հանձնաժողովը ներկայացրել է վճարման, սակայն Վեհափառը հրահանգել է, թե ոչ մի վճարում էլ չկա: Շինարարությունն իրականացվել է ամերիկահայ բարերար Հրաչ Թուֆայանի հովանավորությամբ, ով ևս հրաժարվել է ձեռք մեկնել շինարարին` նշելով, թե ինքը գումարը փոխանցել է Մայր Աթոռին»: Ստեփանյանը նշել է, որ կաթողիկոսը հրաժարվել է վճարել` պատճառաբանելով, թե շինարարությունն անորակ է: «Մետրը ձեռը` կաթողիկոսն անձամբ ծունկը խփում էր գետնին, կռանում ու չափում պարկետը, ասում էր` ծուռ եք արել»,- ասել է Ստեփանյանը»: