Այսօր լրանում է լրագրող, «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը: 1996-ին նա Ստամբուլում հիմնադրեց «Ակոս» թերթը, որի հիմնական առաքելությունը հայկական հարցը բարձրաձայնելն էր, խղճի լեզվով խոսելը, այս հարցում թուրքական քաղաքականության մերկացումը: Դինքը «Ակոս»-ը հրատարակեց թուրքերենով: Նա հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին և բազմիցս հալածվել է: 2005 թվականին 6-ամսով բանտարկվեց:
Վերջին տարիներին Թուրքիայում շատ տաբուներ քանդվեցին: Տաբուներ քանդելու հարցում մեծ էր Թաներ Աքչամի, Ֆիկրետ Անադըրի, Ռագըփ Զարաքօլուի, Հալիլ Բերքթայի ու բազմաթիվ այլ թուրք մտավորականների ավանդը: Այս և բազմաթիվ այլ հեղինակներ համախմբվել էին «Ակոս»-ի շուրջը, իրենց հոդվածներն էին հրապարակում թերթում: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Թուրքական տաբուներ քանդող մտավորականները Դինքի սպանությունից հետո իրենց անվանեցին հավաքական անունով՝ «Դինքի ընկերներ»: Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների շատ քաղաքներում կազմակերպվեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր: Մարդիկ փողոց էին դուրս եկել «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ», «1,5 000 000 + 1» գրությամբ պաստառներով: Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը:
2007թ հունիսին Հրանտ Դինքին հետմահու շնորհվեց ՀՀ նախագահի մրցանակ: Սա առաջին դեպքն էր, երբ նախագահի մրցանակը հանձնվում էր հետմահու:
Իր վերջին հոդվածում Դինքը գրել է. «Ես նման եմ աղավնու այս հասարակության մեջ, որը պետք է շատ աչալուրջ լինի, ուստի ես ճարպկորեն պտտում եմ գլուխս աջուձախ, վերևուներքև, որքան հնարավոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկա վտանգներից… բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում»: