27 հունվարի 2013 - 16:14 AMT
Սուխումիի պետական համալսարանում բացվել է հայկական մշակույթի անկյուն

Վերջերս Սուխումիի պետական համալսարանում կայացել է Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումը: Հանդիսավոր մթնոլորտում բացվել է հայկական մշակույթի անկյուն:

Համալսարանին տասնյակ հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն գրքեր նվիրելով՝ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը անդրադարձել է դրանց բովանդակությանը: Նա հույս է հայտնել, որ գրքերը օգնեն ուսանողներին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և կենցաղին: Արորղությանը մասնակցել է նաև դեսպանի կինը՝ Արմինե Մանուկյանը, ով պատմել է իր թբիլիսյան արմատների, ԵՊՀ-ում ուսանելու տարիների և Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչի տիկնոջ կարգավիճակում իր ծավալած գործունեության մասին:

Հայաստանի պատմության մասին հետաքրքրաշարժ զեկույցով հանդես է եկել դեսպանատան աշխատակից Կարեն Հովհաննիսյանը: Դասախոսության վերջում համալսարանի ուսանողներն ու դասախոսները շնորհակալություն են հայտնել վերջինիս՝ պատմական իրադարձություններն օբյեկտիվորեն ներկայացնելու համար, գրում է Թբիլիսսկայա նեդելյան:

Դեսպանը պատասխանել է ներկաների՝ հայ-վրացական հարաբերություններին, Հայաստանի կրթական համակարգին վերաբերող և այլ հարցերի: Հանդիպման ավարտին հանդես է եկել ԲՈւՀ-ի ռեկտորը՝ հետագա համագործակցության հույս հայտնելով: