Երեւանում ԵՄ գրասենյակի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց ԵՄ-Թուրքիա բանակցություններ սկսելու դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում Եվրամիության ներկայացուցչության շենքի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ այսօր նախանշված ԵՄ-Թուրքիայի բանակցությունները սկսելու, որի կազմակերպիչը ՀՅԴ երիտասարդական թեւն է: «Այս գործղությամբ մենք մեր բողոքն ենք հայտնում արյունոտ ձեռքերով Եվրոպա մտնելու Թուրքիայի փորձերի դեմ, մի երկրի, որը ցեղասպանություն է կատարել: Եվրոպան հանդիսանում է ժողովրդավարական գաղափարների կրող, եւ այդ պատճառով անընդունելի է, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին: Սակայն հարցը միայն ցեղասպանությունը չէ, այլ նաեւ ազգային փոքրամասնությունների, մարդու իրավունքների, քաղաքական իրավունքների պաշտպանության մեջ է, որոնք, եւ դա ակնհայտ է բոլորի համար, խախտվում են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: Ակցիայի կազմակերպիչները նամակ են հղել Եվրամիության երկրներին եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, որտեղ, մասնավորապես, ասվում է.«Հայերի եղեռնը մարդկային նոր պատմության ընթացքում կատարված առաջին լայնամասշտաբ միջազգային հանցագործությունն է, որը նպատակ էր հետապնդում մի ամբողջ ազգ ոչնչացնել քաղաքական նպատակներով եւ աշխարհի երեսից վերացնել մի ժողովուրդ, որը համաշխարհային քաղաքակրթության հիմնադիրներից մեկն է: Չնայած այս ամենին, Հայոց ցեղասպանությունը շարունակեց մնալ գերտերությունների կողմից անուշադրության մատնված: Այս տարի լրացավ Հայոց Մեծ Եղեռնի 90 տարելիցը: Անցած 90 տարիների ընթացքում եւ այժմ Թուրքիան շարունակում է իր մերժողական քաղաքականությունը` ժխտելով Եղեռնի իրողությունը, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, կողմնակալ դիրք է ընդունել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ: Թուրքիայում շարունակվում են արհամարվել ազգային եւ կրոնական փոքրամասնությունների եւ մարդկանց սահմանադրական իրավունքները: Այսօր այդ նույն ցեղասպան Թուրքիան արյունոտ ձեռքերով փորձում է միանալ եվրոպական ընտանիքին: Մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ պետություններին հանուն մարդասիրության, ժողովրդավարության, ժողովրդների եւ ազգերի իրավունքների` Թուրքիայի հետ չսկսել անդամակցության բանակցություններ, քանի դեռ այդ պետությունը չի ճանաչել Հայոց Մեծ Եղեռնը, չի ապահովում սեփական երկրի քաղաքացիների իրավունքները, բռնություններ է գործադրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այսօրվա Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը ուղղակի կհեղինակազրկի ԵՄ-ն աշխարհի ժողովրդների աչքերում»:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---