«Անուշ» օպերայի նոր բեմականացման պրեմիերան ապրիլի 26-ին է

«Անուշ» օպերայի նոր բեմականացման պրեմիերան ապրիլի 26-ին է

PanARMENIAN.Net - «Անուշ». մի երիտասարդ աղջկա ողբերգական սիրո պատմությունն Արմեն Տիգրանյանի օպերայի հիման վրա, ըստ Հովհաննես Թումանյանի պոեմի: Բոլոր ժամանակներում արդիական այս պատմությունը նորովի է ներկայացվելու` նոր բեմականացմամբ ու հայ-ֆրանսիական համատեղ նախագծով: Մանրամասներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել են կազմակերպիչներն ու հեղինակները:

Ամենաշատը հետաքրքրող հարցին` ներկայացումն ավանդական, ակադեմիական, թե էքսպերիմենտալ է լինելու, պատասխանում է բեմադրիչ Սերժ Ավեդիկյանը. «Այս ողբերգական պատմության մեջ Անուշը «մեղավոր» է, որ բացահայտել է իր սիրո պատմությունը`չունենալով ոչ ծնողների, ոչ էլ եղբոր թույլտվությունը: Նա իրավունք չունի սիրահարված լինել ու պետք է «պարտադիր ու հարգալից լռություն պահպանի»: Ազգայինն ու ավանդականը այս գործում կարևոր են ու մենք չենք փորձել դա փոփոխել: Փոփոխություն է այն, որ մոնումենտալություն ենք հաղորդել` 200 մարդ բեմին, երգչախումբ և այլն: Ես միայն փորձել եմ զտել, մաքրել, փոշին եմ հանել»:

«Նման բեմականացման միտքը հնարավորություն տվեց շեշտադրել տարածական ընդգրկումը: Բեմի վրա իրար են կապվել մեներգիչներն ու երգչախումբը, երաժիշտներն ու պարողները: Իմ կողմից շատ ավելի զգայական, քան ինտելեկտուալ աշխատանք է կատարվել: Ամեն ինչ անցնում է մեղմ, ինչպես անուշ բառը», - ասաց խորեոգրաֆ, բեմի և հագուստների ձևավորող Նիկոլյա Մյուզենը:

Նրա և ստեղծագործական խմբի մյուս ներկայացուցիչնեի մասին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց`բեմականացմամբ զբաղվում են մարդիկ, որոնք լավագույնս տիրապետում են նյութին: Ու մշակույթն այն ոլորտն է, որտեղ պետք է գործակցեն հայ և ֆրանսիացի մասնագետները:

«Թե մտահղացման, թե արտադրության, թե ֆինանսական առումով հավակնոտ ու լավ մտածված նախագիծ է`ՀՀ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների, նույն երկրների 2 լավագույն թատրոնների մասնակցությամբ ու համատեղ ֆինանսավորմամբ», - ասաց Անրի Ռենոն:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով միջոցառումն աննախադեպ է ու մտավախություն կար, թե արդյոք «Անուշի» նոր ձևաչափով բեմականացումը հավատարիմ կմնա Թումանյանի պոեմին ու Տիգրանյանի օպերային: Բայց մոտ 2 տարի բանակցություններ էին ընթանում` ոչ միայն կազմակերպչական, այլև ստեղծագործական ու հեղինակների մանրակրկիտ աշխատանքն էլ հավատ է ներշնչում, որ նոր բեկամանացումը հաջողված կլինի:

«Անուշի» երևանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 26,27-ին ու մայիսի 3,4-ին ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատոնում:

Պրեմիերան Փարիզում կկայանա մայիսի 22, 23, 25, 26-ին, Նանտեռի Ամանդյե թատրոնում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---