Ա.Մարտիրոսյան. ՄԱԿ-ը կարող է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն իրականացնել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ ղարաբաղյան խնդրի շուրջ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ը կարող է հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն իրականացնել: «Այս խնդիրը քննարկման առարկա կդառնա, երբ կողմերը համաձայնության գան: Առայժմ այս հարցը նախնական ուսումնասիրության փուլում է», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, - «Հայաստանի դիրքորոշումը այդ տեսակետից բավական ճկուն է»: 2005 թվականի ընթացքում Ադրբեջանը երկու անգամ փորձեց ղարաբաղյան հարցը մտցնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ. փորձերից եւ ոչ մեկը հաջողությամբ չպսակվեց, սակայն հատկանշական է, որ երկրոդ անգամ Ադրբեջանի առաջարկին կողմ քվերարկեցին Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան: Արմեն Մարտիրոսյանը այս քայլը բացատրում է ՄԱԿ-ում ընդունված քաղաքականությամբ. անդամ պետություններից մեծ մասի համոզմամբ` յուրաքանչյուր երկիր պետք է սեփական մտահոգությունները աշխարհասփյուռ հանրությանը ներկայացնելու հնարավորություն ունենա. - «Սակայն դա դեռ չի նշանակում, որ եթե հարցը մտներ օրակարգ, նույն պետութունները դրական կարձագանքեին Ադրբեջանի պահանջներին», - վստահեցնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:



«Այստեղ ՄԱԿ-ի բյուրոկրատական, քաղաքական ավանդույթների տարբերություն կար: Իրենք ասացին, որ նույնիսկ երբ հակառակորդ երկրներն են հարց մտցրել ՄԱԿ-ի օրակարգ, Միացյալ Նահանգները երբեք դեմ չի քվեարկել», - ասում է Արմեն Մարտիրոսյանը: Ժամանակակից աշխարհի ամենագլոբալ կազմակերպությունը, ըստ նրա, այժմ իր գործունեության ամենահետաքրքիր ժամանակահատվածն է ապրում: Օրակարգում են նոր մարմիններ` խաղարարարական հանձնաժողով ու մարդու իրավունքների խորհուրդ ձեւավորելու հարցերը, անվտագության խորհուրդը բարեփոխելու ծրագրերը, ինչպես նաեւ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս տարի` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-ամյա տարեդարձի ավարտին, լրանում է Քոֆի Անանի պաշտոնավարման ժամկետը: «Հայաստանը, ճիշտ է, չունի սեփական թեկնածու, սակայն այդ կարեւոր հարցում ունի ձայնի իրավունք եւ անպայման կօգտագործի դա», - եզրափակեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---