Արհեստական շնչառություն. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման մասին

Արհեստական շնչառություն. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում նախաձեռնելով ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես ինչ-որ ձևով գործընթացը պահպանելու քայլ է անում: Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ այդ հանդիպումը շատ բարդ իրավիճակում է տեղի ունենալու՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, Ադրբեջանի քայլերը, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը:

«Միջազգային հանրությունը փորձում է դրանով ինչ որ ձևով գործընթացին նոր լիցք հաղորդել, մի գործընթացի, որը գտնվում է անգիտակցական վիճակում, եթե համեմատենք օրինակ հիվանդ օրգանիզմի հետ: Եվս մեկ փորձ է արվում դրան արհեստական շնչառություն հաղորդել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նկատեց, որ այս քայլը ևս կարևոր է, քանի որ այն ինչ-որ ձևով նպաստում է խաղաղ գործընթացին՝ անկախ նրանից տեղի ունենալո՞ւ է բեկում, թե՝ ոչ: «Շատ երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի հարցը կարգավորվի: Հարցը ինքնին կարգավորված է, ուղղակի կողմերից մեկը հրաժարվում է ընդունել դա: Կարծում եմ, որ ավելի մեծ շեշտադրում պետք է դրվի Ադրբեջանում իրավիճակի փոփոխության վրա, քանի որ այս մթնոլորտում զարգացումը նաև վտանգում է ադրբեջանական հասարակությանը: Հասարակությունը չի կարող դաստիարակվել և զարգանալ ֆաշիզմի և վախկոտության հիման վրա, սա լավ բանի չի բերի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ մայիսի 23-24 տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այցից հետո նրանք հայտարարությամբ են հանդես եկել և պատրաստակամություն հայտնել մինչև տարեվերջ նախագահների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
---