Ռումինիայում Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցադրություն է բացվել

Ռումինիայում Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցադրություն է բացվել

PanARMENIAN.Net - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ, որոնք համատեղ կազմակերպել էին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը, Ռումինիայի Հայոց թեմը և Ռումինիայի Հայոց միությունը:

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցված պատարագից և Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին Զորավար Անդրանիկի հուշարձանին:

Տոնական միջոցառումները շարունակվեցին «Դուդյան» մշակութային կենտրոնում բացված ցուցադրությամբ, որում ներկայացված էր Հայաստանի առաջին Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական գրագրության, Բուխարեստում Հայաստանի հյուպատոսության կողմից տրամադրված անձնագրերի, կացության քարտերի, շրջակա երկրներում հայկական դիվանագիտական հիմնարկների արխիվային փաստաղթերի եզակի հավաքածու:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ցուցադրությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում, ուր ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ.Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող և լրագրող Վարդան Առաքելյանն արխիվային հետազոտությունների հիման վրա, որ նա ամփոփել է այս տարի լույս տեսած իր «Պատմությունը և իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում» աշխատության մեջ, մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Բուխարեստում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:

Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրով. ելույթ ունեցան երգչուհի Վիկտորյա Պետրոսյանը և Ռումինահայոց միության «Վարդավառ» պարախումբը: Օրվա խորհրդին ընդառաջ Բուխարեստի «Արարատ» հրատարակչության կողմից տպագրվել էր «Հայաստանի առաջին հանրապետություն, 28 մայիս 1918» գրքույկը:

 Ուշագրավ
---