Օբյեկտիվ. «Տիր»-ում աշխատող ազատամարտիկը. Նշան բռնիր ու ձգանը զգույշ քաշիր (վիդեո)

Օբյեկտիվ. «Տիր»-ում աշխատող ազատամարտիկը. Նշան բռնիր ու ձգանը զգույշ քաշիր

PanARMENIAN.Net - Բոլոր երեխաները պետք է կրակել սովորեն, պատերազմը դեռ չի ավարտվել, ասում է ազատամարտիկ Արամ Մարկոսյանը, ով այժմ աշխատում է «Տիր»-ում: «Բոլորին անխտիր պարտավոր ենք սովորեցնել: Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, 21-րդ դարը մերն է լինելու: Հիմքն արդեն դրված է: Արցախն արդեն մերն է: Ոչ մի անգամ մենք չենք կարողացել հաղթել ու այսքան երկար պահել հաղթանակը: Արդեն հաղթանակած ենք»,- ասում է նա:

Արամ պապը մանկավարժ է, երեխաներին շատ է սիրում: Բոլորի հետ մանրակրիտ աշխատում է, սովորեցնում է ինչպես նշան բռնել, ինչպես ձգանը քաշել, որ կպնի թիրախին: Նա ապրել է սահմանամերձ գյուղում` Տավուշի մարզի Ազատամուտում: Մինչև պատերազմի սկսվելը զբաղվում էր Ադրբեջանից եկած փասխստականներին գյուղում տեղավորելու հարցով: Մի օր էլ Ազատամուտի ճանապարհին ադրբեջանցիները վիրավորում են երկու երիտասարդի, գյուղի բնակիչները հասկանում են, որ պետք է զենք վերցնել ու պաշտպանել տունը: Դպրոցի մանկավարժներով, տնօրենի գլխավորությամբ, կազմավորում են «ինտիլիգենցիայի» ջոկատը ու գնում սահման:

Այժմ նա բնակվում է Երևանում: Արամ պապին հանդիպեցինք պատահաբար: Տեսանք, թե նա ինչ հոգատարությամբ և ուշադրությամբ է երեխաներին կրակել սովորեցնում: Սկզբում չէր ցանկանում, որ իր մասին տեսանյութ պատրաստենք:

«Մեր բոլոր տղերքը շատ լավ կռվել են, ես իրենցից առավել չեմ, որ հենց իմ մասին նյութ պատրաստեք»,- ասում էր նա:

Բոլոր կռված տղերքին հիշում է, բոլորի անունը մեկ առ մեկ ցանկանում էր նշել. «Կամանդիր Գևորգյան Աշոտին, շտաբի պետ Գաբրիելյան Գրիշին, Ամիրջանյան Աշոտին, Հակոբյան Հրաչին, նաև բոլոր կանանց, ովքեր մեր կողքին էին: Ում անունը չեմ տալիս, թող ինձ ներեն: Մի քիչ հուզվեցի, որ հիշեցի: Լավ է, որ մեր նոր սերունդը գնահատում է»:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
"Օբյեկտիվ" նախագիծ

Քաղաքացին ու նրա առօրյան: Օբյեկտիվից այն կողմ ինչպե՞ս ու որտեղ են ապրում մարդիկ, ինչ ու ինչպե՞ս են վաստակում: Ամեն շաբաթ` մարդը PanARMENIAN.Net ի լրահոսում: Պատմություններ, որոնք դուրս են ամենօրա պաշտոնական և քաղաքական լրահոսից:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---