ԼՂՀ ԱԳ նախարարը ԱԺ-ում անդրադարձել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցին

ԼՂՀ ԱԳ նախարարը ԱԺ-ում անդրադարձել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցին

PanARMENIAN.Net - Արցախի հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստում անկախ պատգամավոր Վահան Բադասյանն անդրադարձել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի՝ «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցված տեսակետներին, որոնք, ըստ պատգամավորի, հակասում են ԼՂՀ Սահմանարդությանը և ժողովրդի մոտեցումներին: Պատգամավորը հայտարարել է. «Արտգործնախարարը խախտել է ԼՂՀ Սահմանադրությունը՝ իր և նախարարության տեսակետները հայտնելու ժամանակ, ուստի պահանջում եմ նրա հրաժարականը։ Հրաժարական չտալու դեպքում կխնդրեի կառավարությանը, որպեսզի պաշտոնանկ անի Կարեն Միրզոյանին՝ որպես դիվանագետի և արտաքին գործերի նախարարի»։ Հարցը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է նաև պատգամավոր Արմեն Սարգսյանը:

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ափսոսանք է հայտնել, որ իր հարցազրույցը զանազան մեկնաբանությունների տեղիք է տվել: «Կարծում եմ, որ Արցախի օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուների մտքով անքամ չի անցնում, որ որպես Արցախի արտաքին գործերի նախարար ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի և գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին և նպատակներին: Հակառակ դեպքում ես ուղղակի չէի համարձակվի ստանձնել ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը: Ընդունելով հանդերձ իմ մեղքի չափափաժինը, այն տեխնիկական վրիպումների համար, որը պայմանավորված է եղել նախևառաջ ուղիղ եթերում հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով, կխնդրեի հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն ընդհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար: Այդ պարագայում, կարծում եմ դժվար չէ նկատել, որ հիմնական շեշտը դրվել է այն մտքի վրա, որ խաղաղության հասնելու բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն երկու անկախ պետությունների` ԼՂՀ և Ադրբեջանի խաղաղ գոյակցության ապահովման վրա: Հատուկ ընդգծվել է, որ վաղ թե ուշ դա իրողություն կդառնա: Այս դիրքորոշումը բազմիցս հնչել է և իմ և ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում»,- խորհրդարանում ասել է ԱԳ նախարարը, փոխանցում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

 Ուշագրավ
---