Երևանի պատվիրակությունը այցելել է Ռիգայի տրանսպորտի կառավարման ընկերություն

Երևանի պատվիրակությունը այցելել է Ռիգայի տրանսպորտի կառավարման ընկերություն

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն:

Հանդիպման շրջանակում ընկերության ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին են ներկայացրել Ռիգայում գործող տրանսպորտի համալիր կառավարման մոտեցումներն ու առանձնահատկությունները: Բանախոսների հավաստմամբ` 2007թ-ից ներդրված համակարգն, ըստ էության, լիովին կանոնակարգել է ամբողջ դաշտը, այդ թվում` հնարավորություն ընձեռելով ապահովելու հարմարավետ և լիարժեք ծառայություններ:

Երևանյան պատվիրակության անդամների խնդրանքով՝ ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են նաև ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը, հատկանշելով, որ շուտով նախաձեռնելու են քաղաքի արվարձաններում ավտոկայանատեղիների կազմակերպում, ինչը մեծապես կնպաստի Ռիգայի տրանսպորտայի հոսքերի բեռնաթափմանը: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Ռիգայի քաղաքային տեսահսկման կենտրոն: Ներկայացնելով համակարգի աշխատանքը՝ կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ շուրջ 100 տեսախցիկներով կազմակերպվող շուրջօրյա աշխատանքների շնորհիվ լիովին ապահովվում է քաղաքի անվտանգությունը:

Երևանյան պատվիրակության անդամները նշել են, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ և որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Երկու քաղաքների համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվել են նաև, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել փորձի փոխանակում:

 Ուշագրավ
---