Անրի Ռենո. Հայ-ֆրանսիական կինոարտադրությունը կակտիվանա

Անրի Ռենո. Հայ-ֆրանսիական կինոարտադրությունը կակտիվանա

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ից Երևանում կանցկացվի եվրասիական վավերագրական ֆիլմերի 2-րդ համաժողովը, որին մասնակցելու է 50 ռեժիսոր, պրոդյուսեր Եվրոպայից և Ասիայից: Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ –ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն տեղեկացրեց, որ միջոցառումն իրականացվում է «Ոսկե ծիրանի» հետ համատեղ` Eurasiadoc նախագծի շրջանակում: 2011թ. ստեղծված նախագծի խնդիրը հեղինակային վավերագրական ֆիլմերի մասնագետների միջազգային ցանց ստեղծելն է:«Այս տարի «Ոսկե ծիրան»-ում ֆրանսիական ներկայությունը մեծ էր մեկնարկում` Շառլ Ազնավուրի այցը, «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությունը, այդպես կլինի նաև վերջում` կցուցադրվի «Փարաջանով» ֆիլմը, որ հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է», - ասաց դեսպանը` ավելացնելով, որ կինոարտադրությունն առհասարակ հայ-ֆրանսիական գործակցության առավել արդյունավետ ուղղություններից է:

Իսկ եվրասիական վավերագրական ֆիլմերի 2-րդ համաժողովն առավել կակտիվացնի գործակցությունը: Նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ վավերագրական ֆիլմեր նկարահանելու խնդիրների, հեռանկարների մասին:

«Մենք Հայաստանում կներկայացնենք ճանապարհը, որ անցել է Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը, որովհետև մեզ հաջողվել է հաջողությունների հասնել հատկապես հեղինակային կինոարտադրության ոլորտում: Կինոկենտրոնին անդամակցող ռեժիսորներն ու պրոդյուսերները, այլ երկրների իրենց գործընկերների հետ տարեկան մոտ 140 կինոնախագիծ են իրականացնում», - ասաց Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոն ու ավելացրեց, որ տպավորված է նաև հայկական կինոարտադրության ավանդույթներով և ֆրանսիացի մասնագետները պատրաստ են իրենց փորձը ներկայացնել Հայաստանում:

Համաժողովն աշխատանքները կավարտի հուլիսի 15-ին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---