29 հուլիսի 2013 - 09:29 AMT
Ակտիվիստները՝ քաղաքապետին. Եթե գազոնի ոռոգումը չդադարեցվի, կկանգնենք փողոցում

Արդեն չորս օր շարունակ «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները նստացույնց են հայտարարել քաղաքապետարանի դիմաց՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջով: Այս օրերին նստացուցավորները բազմիցս բողոքել են, որ նստացույցին խոչնդոտելու համար միացվում է քաղաքապետարանին հարակից կանաչ տարածքի ոռոգման համակարգը: Այսօր արդեն ակտիվիստները նախազգուշացում են ուղարկել քաղաքապետին ու ՀՀ ոստիկանապետին համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով, իսկ եթե ոռոգումը չդադարեցվի, ապա ստիպված կլինեն դիմել այլ քայլերի: Ահա թե ինչ է ասվում նրանց նախազգուշացման մեջ.

«Եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը չդադարի քաղաքապետարանի դիմացի մայթը գազոնի ոռոգման ջրով ջրել՝ այդպիսով իրենց բողոքի իրավունքը իրացնող քաղաքացիներին զրկելով կանգնելու տարրական հնարավորությունից՝ մայթից, եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անհապաղ չապահովի նստացույցի մասնակիցներին կանգելու համար անհրաժեշտ մայթով, ապա նստացույցի մասնակիցները ստիպված կլինեն կանգնել հենց քաղաքապետարանի դիմացի փողոցում՝ դրանով խոչընդոտելով երթևեկությունը։ Նման քայլի ամբողջ պատասխանատվությունn ընկնելու է այս երկու պաշտոնյաների վրա»:

Հուլիսի 20-ից ուղեվարձը Երևանում 50 դրամով թանկացել էր, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երիտասարդության շրջանում: Վեց օր շարունակ նրանք տարատեսակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, հետագայում նրանց միացան նաև հայտնի անձինք: Հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց երևանցիներին, որտեղ նշում էր, որ կասեցնում է ուղեվարձի թանկացման մասին իր որոշումը: Հաջորդ օրվանից ակտիվիստները նստացույց սկսեցին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:

Լուսանկարը՝ Էդգար Պետրոսյանի