Թուրքիան չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ-ում ընդգրկվելու փորձերից

Թուրքիան չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ-ում ընդգրկվելու փորձերից

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հաստատվել Հարավային Կովկասի առաջատարի դիրքում ոչ միայն նավթի հաշվին, այլ նաև տարբեր խորհրդաժողովներ, սիմպոզիումներ գումարելով, որոնց թեման միշտ նույնն է՝ «Հայաստանը՝ ագրեսոր» և «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է»: Ինչպես աշխարհը վաղուց գիտի, այդ երկու պնդումները լոկ պնդումներ են, որոնց հասցեատերերը միայն թուրք եղբայրներն են, որոնք դեռ աջակցում են Ադրբեջանին: Բացառություն չդարձավ նաև Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Հիքմեթ Չեթինը: Ելույթ ունենալով Բաքվում «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» խորագիրը կրող համաժողովում՝ Չեթինը նորից, արդեն որերորդ անգամ, սկսեց խոսել օկուպացիայի ու փախստականների մասին: Ավելին, սառեցված հակամարտությունները նա անվանեց «տարածաշրջանի տնտեսական զարգացմանը խանգարող թույն»:

«Մերձավոր Արևելքի, Բալկանների ու Հարավային Կովկասի հակամարտությունները մի շարք հարցեր են դնում մեր առաջ: Հարավային Կովկասում շարունակվում են 3-4 հակամարտություններ, որոնք բացասական ազդեցություն են ունենում այդ կարևոր տարածաշրջանի անվտանգության վրա, խանգարում են հարևանների հետ համագործակցությանը: Տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման համար ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի»,-ասել է Չեթինը: Ըստ նրա, չնայած, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, արդեն երկար ժամանակ է աշխատում, նա չի կարողացել շոշափելի արդյունքների հասնել, գրում է «Թրենդը»:

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր գաղափարների կարիք ունի, նշել է Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավարը: Եվ հետո, իհարկե, արդեն հաջորդեցին ահաբեկումները, թե ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը խնդիրներ է ստեղծում միջազգային անվտանգության համար: Որքան շատ է ձգձգվում միջազգային հակամարտությունը, էլ ավելի է այն բարդանում: Կիպրոսի, աբխազական ու օսական հակամարտությունների հանգուցալուծումն ավելի դյուրին է, քան ղարաբաղյանը»,-ասել է նա: Հետաքրքիր է, եթե Կիպրոսի հարցն ավելի հեշտ է լուծվում, ապա ինչո՞ւ Անկարան այն չի կարողանում լուծել: Թե՞ ավելի «հեշտ», ըստ թուրք դիվանագետի տրամաբանության, նշանակում է Կիպրոսի ևս մեկ օկուպացիա:

Եվ նորից Չեթինը իրեն չզսպեց ու սկսեց առաջ մղել Թուրքիայի մասնակցության հարցը ԵԱՀԿ ՄԽ-ին: «Մենք կկարողանայինք աստիճանաբար ու փուլերով սկսել հակամարտության կարգավորումը, սակայն գլխավորը ԱՄՆ ու Ռուսաստանի աջակցությունն է»,-ասել է Չեթինը:

Հազիվ թե թուրք դիվանագետը տեղյակ չէ, որ Թուրքիայի մասնակցությունը Մինսկի խմբին անհնար է, քանի որ շահագրգռվածություն կա կողմերից մեկի, այսինքն Ադրբեջանի օգտին կարգավորելու այն: Հակամարտության երեք կողմերից երկուսը երբեք չեն համաձայնվի դրան: Ինչպես նաև համանախագահներ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Սակայն Թուրքիան համառորեն, բնականաբար Ադրբեջանի դրդմամբ, նույն բանն է պնդում. եթե Թուրքիան դառնար ՄԽ անդամ, հակամարտությունը շատ արագ կլուծվեր:

Անկարայում չգիտես ինչու մոռանում են, որ այն բոլոր հակամարտություններում, որոնց ցանկանում է միջամտել Թուրքիան, իրավիճակը վատթարանում է, դրա վառ օրինակն է Սիրիան:

Լավ կլիներ, եթե թուրք ներկա և նախկին դիվանագետները մտահոգվեին սեփական հարցերի լուծմամբ՝ Կիպրոսի կամ քրդերի: Ղարաբաղյան հակամարտությունը, որը հանգուցալուծվել է 1994 թվականին, առանց Թուրքիայի էլ յոլա կգնա:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
---