2 հոկտեմբերի 2013 - 13:12 AMT
Ա. Սկակով. Միակ իրական բանը, որը կարող է ստանալ Հայաստանը, դա ԵՄ հետ վիզային ռեժիմի պարզեցումն է

Սոչիի Օլիմպիադայի հաջող անցկացմանը սպառնացող հիմնական վտանգն այժմ բխում է Մեծ Կովկասի կողմից, ղարաբաղյան դիմակայության կողմից: Այդ մասին Փարիզում կայացած «Կովկասի աշխարհաքաղաքականությունը» թեմայով գիտաժողովում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունն անխուսափելիորեն կապակայունացնի իրավիճակը նաև Վրաստանի ու Հյուսիսային Կովկասի հարակից շրջաններում, ինչը կանդրադառնա Օլիմպիադա-2014-ի անցկացման անվտանգության ու ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

«Ակնհայտ է, որ հակամարտության թեժացման դեպքում կարելի է խաչ քաշել ԵԱՀԿ ՄԽ խաղաղապահ գործունեության վրա: Այդ դեպքում ո՞վ կգա տարածաշրջան խաղաղապահ առաքելությամբ, ո՞ւմ դրոշի ներքո կգործի այն, ո՞վ կստանձնի պատասխանատվությունը Կովկասի ապագայի համար: Ցանկացողներ դեռ չեն երևում: Տեսականորեն դա կարող են լինել ՀԱՊԿ, ԵՄ-ն կան ՆԱՏՕ-ն: ՀԱՊԿ ամորֆ վիճակը, որը չունի հստակ թիրախավորում, դժվարացնում է այդ կազմակերպության ներուժի գնահատումը: Տարածաշրջան ՆԱՏՕ-ի շուտափույթ ներթափանցման վտանգի մասին արդեն ասվել է: Մնում է ԵՄ-ն, մասնավորապես, լայն գովազդված Արևելյան գործընկերության նախագիծը, որն, ըստ Հարավային Կովկասի քաղաքական վերնախավի մի մասի կյանքի ազդանշաններ է ցույց տալիս ու որոշակի հույսեր է տածում:

2009թ. մայիսի 7-ին Պրահայում մեկնարկած Արևելյան գործընկերության նախագիծը վերածվեց ԵՄ հետ «Ազատ առևտրի գոտու» և եվրոպական ու հարավկովկասյան երկրների ասոցացված անդամակցության Եվրամիությանը: Խոստացվել է, որ համապատասխան համաձայնագրերը կստորագրվեն ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովում 2013 թ. նոյեմբերին: Եվ դա այն դեպքում, որ դեռ 2009 թվականին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչները վստահեցնում էին, որ «ասոցացված անդամ» հասկացությունն ուղղակի անտեղի է, քանի որ ԵՄ-ն միայն անդամներ ունի, թեկնածու երկրներ ու պոտենցիալ թեկնածուներ: Կասկածելի է, որ Եվրամիության մոտեցումն այդ հարցերում արմատական փոփոխություն է կրել: Հավանաբար, այստեղ գործ ունենք քաղաքական խաղերի և ինտեգրացիոն գործընթացների իմիտացիայի հետ»,-ասել է նա:

Սկակովը գտնում է, որ Արևելյան գործընկերության նախագծից առայժմ դուրս են մնում Բելառուսը, հասկանալի պատճառներով, ու Ադրբեջանը, որը չի ձգտում կորցնել իր ինքնուրույնությունը: Բացի այդ, Ադրբեջանում դեռ հույս ունեն, որ կմերձենան Եվրոպային Թուրքիայի միջոցով, օգտագործելով Անկարայի ազդեցությունն ու ներուժը: Դա պատրանք է, քանի որ Թուրքիան հիմա չի հանդիսանում Հարավային Կովկասի համար, և չի էլ հանդիսացել, պատուհան դեպի Եվրոպա: ԵՄ-ն, կարծես թե հիմնովին կորցրել է հետաքրքրությունը Թուրքիայի հանդեպ:

«Արևելյան գործընկերության նախագծի լոկոմոտիվները հենց Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան էին, հավանաբար, հույսեր ունենալով, որ ապագայում կանդամակցեն Եվրամիությանը: Հուսալով, որ կդառնան ԵՄ ասոցացված անդամներ՝ Քիշնևում, Երևանում և Թբիլիսիում գնահատում են այն որպես քայլ դեպի իրական անդամակցություն Եվրամիությանը: Եվրոպացի պաշտոնյաները բոլոր հնարավոր հարթակներում խոսում են, որ «Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չունի»: Պարադոքս է, որ դա չի խանգարում Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչներին լրջորեն մտորել նման անդամակցության հեռանկարների մասին: Իրականում Արևելյան գործընկերության նախագծի գաղափարախոսությունը ազդեցության ոլորտի ստեղծման գաղափարախոսություն է, երբ այդ ոլորտի մեջ մտնող երկրները, զրկվելով ինքնիշխանության մի մասից, չեն ստանում շոշափելի օգուտներ և չեն ընդգրկվում երկկողմ պարտավորությունների համակարգում: ԵՄ և նրա «ասոցացված անդամների» քաղաքական փոխգործակցության ենթադրվող մեխանիզմը զրկված է իրավաբանորեն պարտադիր փաստաթղթերից: Ավելորդ փողեր ԵՄ-ն չունի: Միակ իրական բանը, որը կարող է ստանալ ՀՀ-ն, դա ԵՄ հետ վիզային ռեժիմի պարզեցումն է»,-ասել է ռուս փորձագետը:

Ազատ առևտրի գոտին կարող է լավ խայծ լինել, բայց դրա համար հարկավոր է եվրոպական շուկայում մրցունակ ապրանք արտադրել: Փոխարենը ԵՄ-ն կստանա Եվրասիական միության ընդլայնման ու ամրապնդման կասեցման երաշխիք ՝ նեղացնելով հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությանը: Ըստ էության, խոսքը գնում է «ասոցացված անդամ» երկրների ինքնիշխանության նվազեցման մասին: Բրյուսելի համար ամենառացիոնալ տարբերակը կլիներ կապել այդ երկրները համաձայնագրերով, իսկ հետո առավելագույնս երկարացնել եվրոպական մայրաքաղաքներում դրանց վավերացման գործընթացը: Սպասելով ավելի լավ ժամանակների, երբ Եվրամիությունը կվերականգնի իր ֆինանսական ազդեցությունն ու հզորությունը, ասել է Ա.Սկակովը: