Ակնհայտ է Թբիլիսիի լիակատար կախվածությունը Բաքվից, վստահ է Ալեքսանդր Սկակովը

Ակնհայտ է Թբիլիսիի լիակատար կախվածությունը Բաքվից, վստահ է Ալեքսանդր Սկակովը

PanARMENIAN.Net - Սոչիի Օլիմպիադային մասնակցել-չմասնակցելու հարցին առճակատման բնույթ հաղորդելու Սահակաշվիլիի ռեժիմի փորձերը, որոնք շարունակվում են նաև այժմ, Վրաստանի դեռևս մասնակի իշխանափոխությունից հետո, աստիճանաբար անցյալի գիրկն են անցնում: Ընդ որում ռուս-վրացական հարաբերություններում պետք չէ ակնկալել արագ առաջընթաց կարգավորման ուղղությամբ, և այստեղ հիմնական խոչընդոտը ոչ թե Վրաստանի կողմնորոշումն է դեպի ՆԱՏՕ-ն, այլ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցերը: Ռուսաստանի ղեկավարությունը ոչ մի դեպքում չի հրաժարվի նրանց անկախության ճանաչումից՝ Մոսկվայի համար դա լուծված հարց է: Իր հերթին Թբիլիսին, ճնշման չենթարկվելով այդ հարցում Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից, տեսանելի հեռանկարում չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից: Անշուշտ, վրացական քաղաքական վերնախավում, որը հաճախ դեռ ապրում է պատրանքներով, դեռ հույսեր են տածում, որ Մոսկվան կփոխի վերաբերմունքը Սուխումի ու Ցխինվալի հանդեպ: Այդ մասին Փարիզում կայացած «Աշխարհաքաղաքականությունը Կովկասում» գիտաժողովում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Սկակովը:

«Ռուս-վրացական հարաբերություններում այժմ հնարավոր են միայն աստիճանական քայլեր տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Հարկավոր է շարունակել աշխատանքը հակամարտության բոլոր կողմերի հետ՝ առաջին հերթին Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի, պահպանելու համար Ժնևի ձևաչափը: Միևնույն ժամանակ նպատակահարմար է մտածել նաև նոր ձևաչափերի մասին՝ մասնակիցների տարբեր քանակով»,-ասել է նա:

Ալեքսանդր Սկակովը նաև ասել է, որ բացասական հետևանքներ կարող է ունենալ նաև նույնիսկ առանց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների վերակենդանացումը՝ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի սառեցման պայմաններում: Ըստ էության, Վրաստանի անդամակցությունը դաշինքին նույնիսկ առանց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի խնդիրները լուծելու, ընդունելի համարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը 2012թ. դեկտեմբերին: Թույլ չտալու համար լարվածության աճը Կովկասում, շատ ցանկալի կլիներ անորոշ ժամկետով հետաձգել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ցանկացած շահարկում:

«Վրաստանը, որը փորձում էր սեփական քաղաքականությունը վարել ու վստահ էր, որ դա իրեն հաջողվում է, վերածվեց մի միջնորդի, որի գործառույթը կարելի է համեմատել կամիկաձեի հետ, որը օտարի կամքն է կատարում: «Չերքեսների ցեղասպանության» թեմայի արծարծման դադարեցումը, Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը կարող է մասնակցել Օլիմպիադային, դեռ կարելի է դիտարկել միայն որպես մտադրությունների հռչակում: Իշխող «Վրացական երազանքի» պառակտման կամ ազգայնական «իշխանական կուսակցության» վերածվելու դեպքում, չի բացառվում, որ Վրաստանը կարող է վերադառնալ հակառուսական քաղաքականությանը Հյուսիսային Կովկասում: Թեև իրավիճակը Հյուսիսային Կովկասում բավականին անկայուն է մնում, լուրջ սրացում այստեղ կարելի է սպասել միայն Ադրբեջանում ապակայունացման դեպքում, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա Մերձկասպյան տարածաշրջանի ու Դաղստանի վրա: Հյուսիս-արևմտյան Կովկասում ազգայնական, առավել ևս անջատողական տրամադրությունների աճի համար սեփական պայմաններ չկան: Այդ առումով արդյունավետ կլիներ Օլիմպիադայում օգտագործել տեղի չերքեսների ազգային կոլորիտը: Ադիղների ազգային կոլորիտի ընդգրկումը Օլիմպիադա-2014 ծրագրում, ինչպես նաև Սոչիում Կովկասյան պատերազմի բոլոր զոհերին, անկախ նրանից, թե ում կողմից են նրանք կռվել, հուշարձան կանգնեցնելու քննարկվող մտադրությունը կարևոր խորհրդանշական ազդակ կհանդիսանա, որ Կովկասյան պատերազմը 150 տարի անց, այնուամենայնիվ, ավարտվեց:

Ակնհայտ է Թբիլիսիի լիակատար կախվածությունը Բաքվից, և, գուցե պակաս չափով, բայց նաև կախվածությունն Անկարայից: Վրաստանը դարձավ ոչ թե տարանցիկ երկիր, որը ղեկավարում է տրանսպորտային հոսքերը, այլ վերածվեց ավելի հարուստ հարևան երկրների պատանդի, որոնք Վրաստանը դիտարկում են բացառապես որպես անցողիկ միջանցք: Բավական է հիշեցնել Իվանիշվիլիի Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը մի փոքր շտկելու փորձերը, որի ավարտին Վրաստանի նավահանգիստները կկտրվեն տրանսպորտային հոսքերից: Կամ ինչպես Ադրբեջանը կոպտորեն կասեցրեց Աբխազիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ վրացական իշխանությունների անհամարձակ փորձերը: Այսինքն, Վրաստանը պետք է հրաժարվի Աբխազիայով անցնող հաղորդակցությունների վերականգնումից ոչ թե սեփական շահերից ելնելով, այլ ղեկավարվելով զուտ Բաքվի ցանկություններով, որը չի ուզում ավելորդ պատուհան բացել Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ:

Անշուշտ, իրավիճակը կարող է փոխվել, եթե հնարավոր արտաքին քաղաքական պարտության պայմաններում Ադրբեջանն ընդհանուր ճգնաժամի մեջ հայտնվի: Եվ այստեղ մենք վերադառնում ենք Իրանին հնարավոր հարվածներին ու ղարաբաղյան հակամարտությանը: Այդպիսով, իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: Դա վերաբերում է նաև պոտենցիալ համագործակցությանը տարածաշրջանում ու Ռուսաստանի դերին՝ չափազանց շատ են ստորջրյա խութերն ու սպառնալիքները, որոնք խոչընդոտում են համակովկասյան ու համասևծովյան կայունությանն ու կայուն զարգացմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
---