12 հոկտեմբերի 2013 - 11:00 AMT
Օբաման և հանրապետական Բեյները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բյուջեի շուրջ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել շարունակել բյուջեի քննարկումները, լրագրողներին է հայտնել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: «Նրանք պայմանավորվել են, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն բանակցությունները կառավարության փակման և հնարավոր դեֆոլտի վերաբերյալ»,- ասել է Քարնին:

Ըստ նրա, Օբաման չի պատրաստվում աշխատել դեֆոլտի սպառնալիքի տակ: «Դեֆոլտի սպառնալիք պետք չէ կիրառել և դեֆոլտ էլ պետք չէ թույլ տալ»,- ասել է Քարնին: Նա հորդորել է հանրապետականներին «վերցնել ատրճանակը սեղանից», բարձրացնել փոխառությունների շեմն ու բանակցություններ սկսել բյուջեի շուրջ:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է նաև, որ ԱՄՆ նախագահ Օբաման հավանություն չի տալիս 6 ամսով պետպարտքի շեմի բարձրացմանը, ինչն առաջարկում են հանրապետականները: «Դա կբերի մեզ այնտեղ, որտեղից սկսեցինք: Չենք կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է»,- ասել է Քարնին: Ըստ նրա, նախատոնական սեզոնինհերթական բյուջետային բանակցությունները խնդիր կդառնան բիզնեսի ու սպառողների համար: «Նախագահը գտնում է, որ հարկավոր է ընդլայնել լիմիտն ավելի մեծ ժամկետով, քան սա է»,- ասել է Քարնին:

Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է ընդունել բյուջեն առանց առողջապահության բարեփոխման մասին կետի վերանայման կամ վերափոխման, որը Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից է: Այդ պատճառով նոր ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին, պետական հաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է: Արդյունքում շուրջ 800 հազար դաշնային պետծառայողներ արձակուրդ գնացին, ևս մեկ միլիոն աշխատակից աշխատում է առանց աշխատավարձի: Բարաք Օբաման և նրա ժողովրդավարական կուսակցությունը հայտարարում են, որ բարեփոխումների մասին օրենքն ընդունվել է երեք տարի առաջ և նրա գործողությունը չի կարող քննարկման առարկա դառնալ: Կոնգրեսը նաև չի բարձրացրել փոխառությունների լիմիտը, որն այժմ կազմում է 16,7 տրլն դոլար: Եթե այն մինչև հոկտեմբերի 17-ը չբարձրացնեն, ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում:

Միաժամանակ նախագահ Օբաման շարունակում է առաջ տանել իր դիրքորոշումը հանրապետականների հետ դիմակայության մեջ:

Նա հեռուստախորհրդաժողով է անցկացրել 25 նահանգապետերի հետ, որոնք ընտրվել են երկու կուսակցությունից: Մեկ այլ հեռուստախորհրդաժողով նա անցկացրել է ԱՄՆ ընկերությունների 150 առաջատար մենեջերների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է բյուջետային փոխզիջման հանրապետականների հետ, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք չդադարեն սպառնալ երկրին դեֆոլտով և համաձայնվեն բարձրացնել պարտքի վերին շեմը:

Մինչդեռ ԱՄՆ Ռեզերվային դաշնային համակարգը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում են հնարավոր մասնակի դեֆոլտի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, իրազեկ աղբյուրի վրա հղումով:

ՌԴԾ և ֆինանսների նախարարության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ռեպո շուկայի՝ կարճ ժամկետով միջբանկային վարկավորման վրա, որը հաճախ տրվում է պետական արժեթղթերի գրավի դիմաց: Շուկաները դեռ չեն հավատում դեֆոլտի հնարավորությանը, սակայն տոկոսադրույքները որպես գրավ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի դիմաց աճել են, հասնելով 5-ամսյա մաքսիմումի: Եթե Ռեպո 5-տրիլիոնանոց շուկան դժվարություններ ունենա, բանկերը կարող է լիկվիդայնության հետ կապված խնդիրներ ունենան, իսկ դա, իր հերթին, բացասական հետևանքներ կունենա ողջ տնտեսության համար:

Եթե փոխառությունների լիմիտը չընդլայնվի, ԱՄՆ-ն չի խուսափի դեֆոլտից, մասնավորապես վճարումների բարդ համակարգի պատճառով: Ֆինանսների նախարարությունն ամեն ամիս 80 մլն դոլար է վճարում պարտքի դիմաց:

Թե ինչ պլաններ են պատրաստում ՌԴԾ-ն ու ֆինանսների նախարարությունը, չի ասվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ԱՄՆ պետպարտքն արդեն հասել է վերին շեմին, որը հաստատվել էր մայիսին 16,7 տրլն դոլարի չափով: Աշխարհի խոշորագույն տնտեսության անկումը կապակայունացնի ֆոնդային հարթակները Բրազիլիայից մինչև Ցյուրիխ, ինչպես նաև կսառեցնի վարկավորման ծրագիրը, որը կախված է ԱՄՆ պետական թղթերից: ԱՄՆ դեֆոլտի վերջնական արդյունքը կլինի դոլարի անկումը և, որպես հետևանք, համաշխարհային տնտեսության ռեցեսիան, իսկ հետո դեպրեսիան: