Վարդան Պետրոսյանի վիճակն ինչպե՞ս է. Թողեք 5 րոպե խորհրդակցենք

Վարդան Պետրոսյանի վիճակն ինչպե՞ս է. Թողեք 5 րոպե խորհրդակցենք

PanARMENIAN.Net - Արդեն քանի անգամ է՝ երբ հայտնի անձանց ինչ-ինչ պատճառներով տեղափոխում են բժշկական կենտրոններ, բախվում ենք նույն խնդրին՝ որևէ տեղեկություն ճշտելը դառնում է գրեթե անհնարին: Երեկոյան Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է եղել, որի արդյունքում տուժածների թվում է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, ում Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Երևի բնական է, որ առավոտյան լրատվամիջոցները սկսելու են զանգել բժշկական կենտրոն՝ ճշտելու, թե ինչպես է նրա առողջական վիճակը, հատկապես, երբ երեկոյան այն ծանր էին գնահատել, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ Պետրոսյանին վիրահատում են:

Կարծում եմ՝ բժիշկները չպիտի զարմանային, խնդրեին «թողնել 5 րոպե խորհրդակցություն անցկացնել» ու անջատեին հեռախոսը: Հասկանում եմ նաև, որ երևի թե Վերակենդանացման բաժանմունքում չէ, որ պետք է մեզ՝ լրագրողներիս տեղեկացնեն, թե ինչպես է այժմ այս կամ այն հիվանդի վիճակը: Մի՞ թե դա չեն կարող անել հենց ընդունարանում, որտեղ, ի դեպ, միշտ տեղյակ են, թե ինչի են իրենց զանգում լրատվամիջոցները:

-Բարև ձեզ, լրատվամիջոցից է...

-Հասկացա, Վարդան Պետրոսյանի համար եք զանգահարում, հիմա կմիացնեմ բժշկին:

Հնարավոր չէ՞ հենց նույն ընդունարանի աշխատակիցներին հանձնարարել, որ իրենք հերթով բոլորին պատասխանեն, այլ ոչ թե միացնեն հերթապահ բժշկին, ով մի մասին կպատասխանի, իսկ մյուսին՝ փորուփոշման կթողնի:

Իմիջիայլոց, առաջին դեպքը չէ: Հիվանդանոցները լինում են տարբեր, բայց այս խնդիրն ամենուրեք նույնն է: Այդպես էր նաև Մարկ Սաղաթելյանի, Ազատ Գասպարյանի դեպքերում: Այդ պատճառով էլ շատ լրատվականներ (չեմ խոսում նրանց մասին, ովքեր անգամ չեն էլ փորձում ճշտել՝ հույսը դնելով քոփի-փեյսթի վրա) Սաղաթելյանի դեպքում ապատեղեկատվություն տարածեցին, որովհետև չէին կարողանում կապնվել ԲԿ-ի՝ հարցով իրավասու անձանց հետ, որովհետև հեռախոսը չէր պատասխանում, կամ զբաղված էր, իսկ ընդունարանում լուրը հերքելու փոխարեն պարտիզանի պես լռում էին…

Չէ որ երբ նման պատահարներ են լինում, իսկ մենք տեղեկացնում ենք այդ մասին, հաջորդիվ ընթերցողների կողմից հարցերի տարափ է թափում՝ բա Վարդան Պետրոսյանը հիմա ինչպե՞ս է:

Հ.Գ. Վարդան Պետրոսյանին վիրահատել են, վիճակը կայուն ծանր է:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---