ԵԽԽՎ-ում Փոստանջյանին ՀՀ պատվիրակությունից հեռացնելու մասին դեռ տեղյակ չեն

ԵԽԽՎ-ում Փոստանջյանին ՀՀ պատվիրակությունից հեռացնելու մասին դեռ տեղյակ չեն

PanARMENIAN.Net - Զարուհի Փոստանջյանին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության կազմից հեռացնելու մասին ԵԽԽՎ-ն առայժմ մեկնաբանություն չունի, քանի որ հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվության դեռ չի տիրապետում, գրում է «ՍիվիլՆեթ»-ը:

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշում էր ընդունել հեռացնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից՝ հոկտեմբերի 2-ի Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին նախագահ Սերժ Սարգսյանին պատգամավորի ուղղած հարցի պատճառով:

ԵԽԽՎ հանրության հետ կապերի բաժնից լրատվականի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի որոշումը համապատասխանում է ԵԽԽՎ նորմերին և կանոնակարգին և կա՞ն արդյոք մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի է կանխել որևէ երկրի պատվիրակության ընդդիմադիր անդամի հեռացումը, պատասխանել են․

«Կառույցն այս հարցի շուրջ որևէ պաշտոնական տեղեկատվության դեռ չի տիրապետում, ուստի հնարավոր չէ մեկնաբանել առանձին այս դեպքի վերաբերյալ շրջանառվող լուրերը»:

Վեհաժողովից հիշեցրել են նաև, որ ԵԽԽՎ կանոնակարգի 10-րդ կետի համաձայն, ազգային պատվիրակության անդամի փոփոխությունը կարող է տեղի ունենալ նրա մահվան, հրաժարականի կամ ընդհանուր պատվիրակության փոփոխության դեպքում՝ ընտրություններից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

«Պատվիրակության անդամի լիազորությունների ժամկետը սպառվում է, երբ բացվում է հաջորդ «սովորական նստաշրջանը»: Այն տևում է մեկ տարի՝ հունվարից հունվար: Գործնականում սա նշանակում է, որ Վեհաժողովում հավատարմագրված բոլոր անդամները պահպանում են իրենց լիազորությունները մինչև հունվարին մեկնարկող նստաշրջանի սկիզբը, երբ փոխվում է ազգային բոլոր պատվիրակությունների կազմը»:

Կանոնակարգի 6.2 կետով ամրագրված է, որ «ազգային պատվիրակությունների կազմը պետք է ապահովի ազգային խորհրդարաններում քաղաքական կուսակցությունների և խմբերի արդար ներկայացուցչություն»:

Ըստ Հովիկ Աբրահամյանի հոկտեմբերի 23-ին ընդունած Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության, «Ժառանգություն» խմբակցությունն այլևս ընդգրկված չէ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում:

Ըստ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման և դրանց գործունեության նոր կարգի, այսուհետ պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական և փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանելու է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի պատգամավորների թվաքանակը:

Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ նիստին Զարուհի Փոստանջյանը հարց էր ուղղել Հայաստանի ղեկավարին, թե արդյոք նա եղել է Եվրոպայի կազինոներից մեկում, որտեղ 70 միլիոն եվրո է կորցրել, ու ով և ինչ նպատակներով է նրա տվել այդ գումարը: Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ դա պատգամավորի «երևակայության հերթական արդյունքն է»:

«Երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի: Եթե նման հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կտայի, որ գոնե մի քիչ գոհ լինեիք, ու այդքան չարություն Ձեր մեջ չլիներ»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---