ԿԲ խորհրդի անդամ. Սպառողների մոտ կեսը ծանոթ չէ այլընտրանքային ֆինանսական պրոդուկտին

ԿԲ խորհրդի անդամ. Սպառողների մոտ կեսը ծանոթ չէ այլընտրանքային ֆինանսական պրոդուկտին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Երևանում մեկնարկեց «Պատասխանատու ֆինանսավորումը՝ որպես սպառողների շահերի պաշտպանության ու ֆինանսական միջնորդության ավելացման երաշխիք» թեմայով խորհրդաժողովը: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ Կենտրոնական բանկն ու Գերմանական զարգացման բանկը՝ KfW: Մասնակիցների թվում են Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Գերմանական զարգացման բանկի, Գերմանիայի դաշնային ֆինանսական վերահսկողական մարմնի, Համաշխարհային բանկի, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսն անցնում է ՀԲ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Հոկտեմբերի 1-31-ը հայտարարված է անձնական ֆինանսների կառավարման ամիս, որի շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ ուղղված բյուջեի պլանավորմանը, խնայողությունների կատարմանը, պարտքերի կառավարմանը, ինչպես նաև ֆինանսների մասին գիտելիքների ձեռքբերմանը:

Միջոցառման մասնակիցները կարևորել են «Պատասխանատու ֆինանսավորումը», դիտարկել ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու քննարկել հետագա զարգացումները՝ շեշտելով վերջինիս դերը որպես ֆինանսական համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման ու ֆինանսական միջնորդության ավելացման կարևոր նախապայման:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «պատասխանատու ֆինանսավորումը» ենթադրում է պատասխանատու մոտեցում, ինչպես ֆինանսական հաստատությունների, այնպես էլ սպառողների համար՝ կարևորելով ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպես նաև ծառայությունների որակի ու մատչելիության ապահովումը: Մյուս կողմից սպառողները պետք է պատասխանատու որոշումներ կայացնեն, ուսումնասիրեն այլընտրանքային առաջարկները, այլ աղբյուրների օգտագործման հնարավորությունները: Նա հավելեց, որ ըստ ՀԲ հետազոտության, այդ ոլորտում կան թացթողումներ, որոնք շտկման կարիք ունեն: «Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ սպառողների մոտ կեսը ծանոթ չէ այլընտրանքային պրոդուկտին որոշում կայացնելիս, առաջին հերթին անբավարար իրազեկվածության պատճառով: Իսկ դա նշանակում է, որ կա խնդիր, որը լուծման կարիք ունի»,-ասել է Դարբինյանը:

KfW Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանը լրագրողներին ասաց, որ համապատասխան ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն սպառողների, այլ նաև բուն ֆինանսական կազմակերպությունների համար:

Օերմանը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի հետ: Ըստ նրա, տարբեր ծրագրերով բանկի ֆինանսավորման ծավալը Հայաստանում հասնում է մոտ 500 մլն եվրոյի: KfW-ն իրականացնում է ենթակառուցվածքային նախագծեր պետական և մասնավոր հատվածի հետ ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկայի և այլ ոլորտներում:

Իրոք, հայ սպառողը միշտ չէ, որ հետաքրքրվում է այլընտրանքային պրոդուկտով և արդյունավետ չի գնահատում իր հնարավորությունները, միշտ չի տիրապետում այն տեղեկատվությանը, որը կա առանձին պրոդուկտի հավելման մեջ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ ֆինանսական հաստատությունները մատչելի տեղեկատվություն տրամադրեն իրենց հաճախորդներին, որոնք, ի վերջո, կկարողանան որոշում կայացնել պրոդուկտի ընտրության հարցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---