Ենթադրվում է, որ սիրիացի գրոհայինները թունավոր նյութերով արկ են կիրառել քրդերի դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտնում է Լիբանանի արբանյակային Al Mahaddin հեռուստաալիքը:
Ըստ քրդական աղբյուրի, միջադեպը տեղի է ունեցել Ռաս ալ Այն քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Արկի պայթյունից հետո օդ է բարձրացել դեղին ծուխ, իսկ քուրդ կամավորների մոտ փսխում է նկատվել, ինչը բնորոշ է քիմիական զենքից տուժածների համար:
Երկու օր է Ռաս ալ Այնում մարտեր են ընթանում քրդերի ու «Ալ Նուսրայի ճակատի» ու «Լևանտի և Իրաքի իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումների իսլամիստների միջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Քրդերը, որոնք կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10 տոկոսը, կոմպակտ բնակվում են երկրի հյուսիս-արևելքում: Երբ 2011 թվականին հակամարտություն սկսվեց Բաշար Ասադի կառավարության ու ընդդիմության միջև, նրանք հայտարարեցին, որ չեզոք կլինեն: Քրդերի բնակության վայրերում կամավորական ջոկատներ կազմավորվեցին, որոնք կոչված են պաշտպանելու քրդերին կառավարական զորքերից կամ գրոհայիններից:
Հակամարտության մեկնարկից ի վեր կողմերը բազմիցս են մեղադրել միմյանց քիմիական զենքի կիրառման մեջ: 2013 թվկանի օգոստոսին Դամասկոսի արվարձանում միջադեպից հետո, երբ քիմիական զենքի օգտագործման հետևանքով 1,5 հազար մարդ զոհվեց, Ասադի կառավարությունը արտաքին միջամտության սպառնալիքի առջև համաձայնվեց ամբողջությամբ ոչնչացնել քիմիական զենքի արսենալները:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները Սիրիայում են 2013 թ. հոկտեմբերի 1-ից: Նրանք արդեն սկսել են ոչնչացնել քիմիական զենքը:
Մոսկվան առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Մինչ այդ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ էր համարել: Ավելի ուշ մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիայի Ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողությանը հանձնել Սիրիայի քիմիական զենքը մինչ անցումային կառավարության ձևավորումը: Մինչդեռ սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), մերժել էր քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը, հայտարարել էր ՍԱԲ զինված կազմավորումների հրամանատար Սելիմ Իդրիսը:
ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:
ՄԱԿ մամլո ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Ասվում է նաև, որ քիմիական զենքի պաշարների ոչնչացումը կշարունակվի նաև առաջիկա օրերին: