Ուկրաինայի վարչապետ. Չենք գնում Մաքսային միություն

Ուկրաինայի վարչապետ. Չենք գնում Մաքսային միություն

PanARMENIAN.Net - Ուկրաինան չի գնում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն: Այդ մասին նոյեմբերի լույս 23-ի գիշերը հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը «Ինտեր» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նա հայտարարել է, որ ԵՄ հետ համաձայնագրի կնքումը կասեցնելու մասին որոշումը մարտավարական բնույթ է կրում, ոչ թե ռազմավարական: Ըստ նրա, պետք չէ հակադրել եվրոպական ինտեգրումն ՄՄ հետ համագործակցությանը:

«Դա հատուկ է արվում. եթե մենք հետաձգեցինք ստորագրումը, ուրեմն ուզում ենք Մաքսային միությանն անդամակցել: Ո՞վ ասաց»,-հայտարարել է Ազարովը:

Ազարովը նաև արձագանքել է ընդդիմության մեկնաբանությանը, որը խոստացել է խորհրդարանում բարձրացնել կառավարության պաշտոնանկության հարցը: «Եթե ես գոնե մեկ բառ սուտ եմ ասել, թող ինձ վաղը պաշտոնանկ անեն»,-ասել է վարչապետը, գրում է Gazeta.ua-ն:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»:

Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Ստորագրման պայմաններից մեկը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելն է կալանավայրից, Եվրոպայում նրան քաղբանտարկյալ են համարում:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---