Եվրախորհրդարանի նախագահը «նեղսրտում է» Ուկրաինայի ու Հայաստանի համար

Եվրախորհրդարանի նախագահը «նեղսրտում է» Ուկրաինայի ու Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ հիասթափված է Ուկրաինայից ու Հայաստանից, իսկ ահա Վրաստանին ու Մոլդովային, հակառակը, շնորհավորել է ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրերը նախաստորագրելու պատրաստակամության կապակցությամբ: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Շուլցն իր զգացմունքներն արտահայտել է բավականին կտրուկ ձևով՝ Եվրախորհրդարանի նախագահը «նեղսրտում է», որ Ուկրաինայի ու Հայաստանի որոշումները ոչ թե ինքնուրույն քայլ էին, այլ ընդունվել են արտաքին ճնշման ներքո: Նա իր խիստ դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ և հայտարարել է, որ հարևանների տնտեսական ու քաղաքական ճնշումն Ուկրաինայի հանդեպ անընդունելի է: Վերջում Մարտին Շուլցը նշել է, որ «ԵՄ հետ ասոցացման դռները բաց են մնում» և Եվրոպան չի մերժի տարածաշրջանների ժողովրդների «եվրոպական հույսերը»:

Այն մասին, որ Եվրամիությունը մինչև վերջին պահը կսպասի Ուկրաինային և նրա դրական որոշմանը համաձայնության մասին, մի քանի օր առաջ հայտարարել էր նաև Շտեֆան Ֆյուլեն: Եվրամիության գայթակղիչ «դռների» մասին, որոնք բաց են մնում Ուկրաինայի համար, հայտարարեց նաև Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը: «Մենք չենք լքում Ուկրաինային: Մեր դուռը բաց է,-ասել է Բիլդտը:-Սակայն, իրենք պետք է որոշեն օգտվել դրանից թե ոչ», գրում է The Kiev Times-ը:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության «երկար սպասված» գագաթաժողովը: Ծրագրի նպատակն է ԵՄ մերձեցումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ:

Հայաստանը ներկայացնում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրության, այն կանցնի ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ղեկավարությամբ: Գագաթաժողովին կմասնակցեն Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

ԵՄ և Հայաստան

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Գագաթաժողովից առաջ որոշ հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Վիլնյուսում նախատեսվում է 3-էջանոց հայտարարություն ստորագրել, որով կողմերը կփաստեն, որ Եվրոպայի դռները փակ չեն Երևանի համար:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---