Թուրք ֆանտազյորների հերթական «սենսացիան». Երևանը, իբր, համաձայն է «երկու շրջան հանձնել Բաքվին»

Թուրք ֆանտազյորների հերթական «սենսացիան». Երևանը, իբր, համաձայն է «երկու շրջան հանձնել Բաքվին»

PanARMENIAN.Net - Թուրքերի հիվանդագին երևակայությունը սահման չունի՝ պարբերաբար աշխարհ բերելով Երևանի հետ կապեր հաստատելու Անկարայի նոր ծրագրերի «սենսացիոն» մանրամասները: Ինչպես գրում է թուրքական «Սաբահը», «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը որոշ կրեատիվ մտքերի ու գաղափարների մասին, որոնք Թուրքիան կցանկանար իրագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նոր իմաստ են ստանում»: «Դավութօղլուի ԱՄՆ այցի ավարտին, ինչպես նաև Պուտինի ու Օբամայի հետ Էրդողանի քննարկումներից հետո, պաշտոնական Անկարան պատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը:

Մասնավորապես, ինչպես գրում է թերթը, պաշտոնական Երևանն արդեն բառացի խոստացել է Ադրբեջանին հանձնել երկու ազատագրված շրջան, սակայն Անկարան պահանջել է Երևանից պաշտոնապես հայտարարել այդ մասին: «Եթե Հայաստանի ղեկավարությունը նման հայտարարություն հնչեցնի, Ա.Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան՝ ՍԾՏՀ միջոցառմանը»,-գրում է թերթը: Բայց սա դեռ բավական չէ: Պարզվում է, «եթե հայկական զորքերն առաջին փուլում ազատեն ԼՂՀ մերձակա 7 շրջաններից 2-ը, փոխարենը կկարգավորվեն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»: Թուրքական պարբերականը չի նշում, թե ինչ նկատի ունի «կարգավորում» ասելով:

Ավելի վաղ Today’s Zaman-ը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որն, ըստ Անկարայի, պետք է օգնի հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ ճանապարհ հարթելով Անկարայի ու Երևանի հարաբերությունների վերականգնման համար: Շվեյցարիա այցելության ժամանակ հոկտեմբերի կեսին Դավութօղլուն հայտարարեց Շվեյցարիայի պաշտոնյաներին, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Թուրք նախարարը հասկացրել է, որ Երևանը «պետք է սկզբից ազատի գրավյալ տարածքները», այսինքն իրականում մեր ազատագրված տարածքները: Ըստ Դավութօղլուի, եթե Շվեյցարիային հաջողվի համոզել Երևանին տարածքները փոխանցել Ադրբեջանին, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ըստ պարբերականի, շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Ըստ աղբյուրների թուրքական ԱԳՆ-ում, Թուրքիան մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերում է նաև ոմն «բարձրաստիճան թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը, ըստ որի «Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, թե չի առարկի Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման դեմ, եթե Երևանն «ազատի» 7 մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,-ամփոփում է թերթը:

Ի պատասխան այս ամենի Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց. «Շինծու աղբյուրների հիմար տեղեկությունները մեկնաբանությունների կարիք չունեն»:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---