Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն, հավանաբար, համատեղ հայտարարություն կընդունեն, նրանք իրարից չեն հրաժարվի

Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն, հավանաբար, համատեղ հայտարարություն կընդունեն,  նրանք իրարից չեն հրաժարվի

PanARMENIAN.Net - Վիլնյուսում ընթացող Արևելյան գործընկերության գագաթաժողովում, հավանաբար, Եվրամիություն-Հայաստան համատեղ հայտարարություն կընդունվի, որտեղ կարձանագրվեն բոլոր իրականացված բարեփոխումները: Այդ մասին Panorama.am-ին է հայտարարել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այդ քայլը կնշանակի, որ Հայաստանը կշարունակի քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ:

Ըստ նրա՝ ՀՀ ինտեգրացիոն քաղաքականության հարցում և Մոսկվայի, և Բրյուսելի կողմից լիարժեք ըմբռնում կա:

«Այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, խոսում է այն մասին, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել քաղաքական երկխոսությունը եվրոպայի հետ, իսկ ՌԴ նախագահի պետական այցը վկայում է այն կարևորագույն փաստի մասին, որ ՀՀ-ը շարունակելու է խորացնել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասաց Է. Շարմազանովը:

Իր հերթին, ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ոչ Եվրոպան կհրաժարվի Հայաստանի հետ համագործակցությունից, ոչ էլ Հայաստանը՝ Եվրոպայի հարցում իր քաղաքականությունից ու փոխգործակցությունից:

«Կանցնի Վիլնյուսը, կանցնեն Օլիմպիական խաղերը, եվրոպական երկրները կշարունակեն գոյատևել, քաղաքականությունն Եվրոպայի հարցում հետագայում ևս կիրականացվի: Այն մակարդակով, որով հնարավոր կլինի վարել այդ քաղաքականությունը, Հայաստանը դա կիրագործի», հայտարարել է Իսկանդարյանը մամլո ասուլիսում:

Ըստ քաղաքագետի, դա ինչ-որ կերպ կարձանագրվի Վիլնյուսի գագաթաժողովում, որը մեկնարկել է այսօր:

Իսկանդարյանը հավելել է նաև, որ վերջին 3,5 տարում մշակված փաստաթուղթը՝ ԵՄ հետ Հայաստանի ասոցացման մասին համաձայնագիրը ապագայում կարող է հիմք հանդիսանալ նոր փոխհարաբերությունների համար:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության «երկար սպասված» գագաթաժողովը: Ծրագրի նպատակն է ԵՄ մերձեցումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի հետ: Հայաստանը ներկայացնում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՄ և Հայաստան

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Գագաթաժողովից առաջ որոշ հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Վիլնյուսում նախատեսվում է 3-էջանոց հայտարարություն ստորագրել, որով կողմերը կփաստեն, որ Եվրոպայի դռները փակ չեն Երևանի համար:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---