ԱՄՆ Սենատը բյուջետային փոխզիջման է եկել

ԱՄՆ Սենատը բյուջետային փոխզիջման է եկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Կոնգրեսի ընդունած բյուջետային փոխզիջումը, հայտնում է Սպիտակ տունը:

Օբաման հասկացրել է, որ մոտ օրերս կստորագրի օրենքը: «Շնորհակալ եմ դեմոկրատների ու հանրապետականների առաջնորդներին Ներկայացուցիչների պալատում և Սենատում, որոնք շատ են աշխատել այս բյուջեի վրա և սպասում եմ, թե երբ է Կոնգրեսն ուղարկելու օրենքները, որոնք ֆինանսավորում են կառավարության գործունեությունն ու հին գաղափարական պայքարից զերծ են»,-հայտարարել է Օբաման:

Նա հույս է հայտնել, որ փոխզիջումային տրամադրվածությունը կուսակցությունների միջև շարունակություն կունենա նաև գալիք տարում: Օբաման նաև հորդորել է Կոնգրեսին ընդլայնել գործազրկության գծով վճարումները, որոնք կարող են սպառվել տարեվերջին, եթե երկու կուսակցությունները չպայմանավորվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բյուջեի օգտին դեկտեմբերի 12-ին, իսկ Սենատը հավանություն է տվել երեկ: Երկու կուսակցություններն ավելացրել են ծախսերը 85 մլրդ դոլարով և համաձայնվել են նվազեցնել պետպարտքը խորհրդանշական 20 մլրդ դոլարով հաջորդ տասը տարիներին:

ԱՄՆ Սենատը նախօրեին քվեարկել է բյուջետային փոխզիջման օգտին, որը ենթադրում է, որ կառավարությունը կֆինանսավորվի առաջիկա երկու տարիներին: Օրենքի օգտին քվեարկել է 64 սենատոր, 36-ը դեմ է եղել:

Սակայն, կուսակցությունները դեռևս չեն պայմանավորվել պետպարտքի հետագա բարձրացման շեմի մասին, որի համար ԱՄՆ-ում պահանջվում է Կոնգրեսի թույլտվությունը:

Հանրապետականները, որոնք դեմ են պարտքի ավելացմանը, բազմիցս են դիմակայություն հրահրել դեմոկրատների հետ այդ հարցում: Սակայն հոկտեմբերին պետհաստատությունների փակումը թույլ չտվեց ընդդիմությանը հասնել ուզածին և նույն ռազմավարության կրկնությունը մոտ ապագայում քիչ հավանական է համարվում:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն դրական է գնահատել օրինագիծը: Այդ մասին նա նույն օրը հայտնել է Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում: «Հիանալի է, որ միջկուսակցական համաձայնություն է ձեռք բերվել: Հատկապես, եթե հաշվի առնենք այն դրությունը, որի մեջ հայտնվել էինք սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին»,-ասել է Բերնանկեն: Ըստ նրա, «դա թույլ կտա թուլացնել բյուջետային ճնշումը առաջիկա մի քանի տարիներին, երբ երկրի տնտեսությունն աջակցության կարիք կունենա ճգնաժամից հետո վերականգնվելու համար», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Անշուշտ, անելիքները դեռ շատ են: Սակայն այժմ մենք ավելի լավ վիճակում ենք, քան նախկինում: Կարծում եմ, վստահության առումով, լավ կլինի, եթե Կոնգրեսի առաջնորդները միասին աշխատեն, նույնիսկ եթե արդյունքը մեծ չլինի»,-ասել է Բերնանկեն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---