6 մարտի 2014 - 13:58 AMT
ԱՄՆ նախկին պետքարտուղար. Ուկրաինան պետք է կամուրջ լինի Արևելքի ու Արևմուտքի միջև

«Ուկրաինական թեմայի քննարկումներում անընդհատ առճակատման կոչեր են հնչում, բայց հասկանո՞ւմ ենք մենք, թե ուր ենք գնում: Կյանքիս ընթացքում ես չորս պատերազմի սկիզբ եմ տեսել, որոնք սկսվել են ավելի մեծ խանդավառությամբ ու հասարակության աջակցությամբ: Հետագայում մենք չգիտեինք, թե ինչպես ավարտենք բոլոր չորսը: Երեք պատերազմից մենք դուրս եկանք միակողմանի կարգով: Քաղաքական գործչի համար իսկական քննություն է այն, թե ինչով է պատերազմն ավարտվում, ոչ թե այն, ինչպես է պատերազմը սկսվում»,-ասվում է The Washington Post-ում հրատարակված ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հոդվածում:

Ըստ նրա, Ուկրաինան պետք է կամուրջ լինի Արևելքի ու Արևմուտքի միջև, ոչ թե հակառակորդներից մեկի հենակետը մյուսի դեմ պայքարում: Ռուսաստանը պետք է հասկանա. Ուկրաինային սատելիտի կարգավիճակ պարտադրելու փորձերը հակասությունների կհանգեցնեն Եվրոպայի ու ԱՄՆ հետ: Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի լինի ուղղակի արտասահմանյան երկիր: ԵՄ-ն պետք է խոստովանի, որ իր վարքագիծը Ուկրաինայի հետ բանակցություններում նպաստեց ճգնաժամին:

Ւսկ վճռորոշ տարրը, ըստ Քիսինջերի, Ուկրաինայի քաղաքացիներն են: «Ուկրաինայի մի թևի մյուսի հանդեպ գերիշխելու ցանկացած փորձ արդյունքում կվերածվի քաղաքացիական պատերազմի կամ երկրի փլուզման»,-ասել է նա: Ընկալել Ուկրաինան որպես առճակատման տարր Արևմուտքի ու Արևելքի միջև նշանակում է խաչ քաշել համագործակցության հենքի վրա Ռուսաստանի ու Արևմուտքի ինտեգրման հեռանկարի վրա:

Քիսինջերը գտնում է, որ խնդրի արմատը «երկրի անհնազանդ շրջաններին սեփական կամքը թելադրելու ուկրաինացի քաղաքական գործիչների փորձերի մեջ է»:

Եթե ԱՄՆ-ն ցանկանում է իմաստուն լինել, պետք է ձգտի ուկրաինական խմբավորումների հաշտեցմանը: Սակայն այդ սկզբունքով չեն գործել ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը, ոչ էլ առավել ևս ուկրաինական խմբակցությունները: Բոլոր այդ ուժերը միայն վատթարացրեցին իրավիճակը, գտնում է հեղինակը: «Ռուսաստանը չի կարող պարտադրել հարցի ռազմական լուծում, խուսափելով իր երկրի մեկուսացումից, երբ նրա սահմաններն այսքան խախուտ են: Արևմուտքի համար Պուտինի «հրեշացումը» քաղաքականություն չէ, այլ ալիբի, որն արդարացնում է քաղաքականության բացակայությունը»,-ասվում է հոդվածում: Քիսինջերն առաջարկում է կարգավորման իր տարբերակը. 1. Ուկրաինան իրավունք ունի ազատ ընտրել տնտեսական ու քաղաքական դաշինքները, այդ թվում Եվրոպայի հետ: 2. Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին: 3. Ուկրաինան ազատ է ձևավորել ցանկացած կառավարություն, որը համապատասխանում է նրա ժողովրդի կամարտահայտությանը: Քիսինջերը խորհուրդ է տալիս ուկրաինացի առաջնորդներին հաշտեցնել տարբեր շրջանները, համագործակցել Արևմուտքի հետ, բայց չթշնամանալ Ռուսաստանի հետ: 4. Թող Ռուսաստանը ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը Ղրիմի հանդեպ, իսկ Ուկրաինան ամրապնդի Ղրիմի ինքնավարությունը միջազգային միջնորդների մասնակցության ընտրություններում: Հարկավոր է հստակեցնել Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի կարգավիճակի հարցը:

Այդ խորհուրդներն անհերքելի բաղադրատոմսեր չեն, սակայն, եթե կարգավորումն այդ սկզբունքներով չընթանա, առճակատումը կարագանա, եզրակացնում է ամերիկյան քաղաքականության վետերանը, հայտնում է Inopressa-ն:

Փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ արեց Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պաշտոնակատար նշանակեց Ալեքսանդր Տուրչինովին, իսկ արտահերթ նախագահական ընտրությունները նշանակեց մայիսի 25-ին: