Ալիևը գտնում է, որ Հայաստանից բացի Ռուսաստա՞նն էլ է Ադրբեջանի թշնամիների թվում

Ալիևը գտնում է, որ Հայաստանից բացի Ռուսաստա՞նն էլ է Ադրբեջանի թշնամիների թվում

PanARMENIAN.Net - Երբ Ադրբեջանի նախագահը բան ու գործ չի ունենում կամ ինչ-որ բան այնպես չի գնում, ինչպես ինքն էր ուզում (ի դեպ այդպես գրեթե միշտ է լինում), Իլհամ Ալիևը կրկնում է իր հին երգը «գոյություն չունեցող Հայաստան պետության» մասին և «Ղարաբաղն ազատելու» սպառնալիքները: Եվ մեկից, և մյուսից արդեն հոգնել է ոչ միայն հայ հասարակությունը, այլ նաև միջազգային հանրությունը: Սակայն չարժե անարձագանք թողնել Ալիևի հայտարարությունները: Ահա Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն է հանդես եկել հայտարարությամբ, իր ծայրահեղ մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի ու Ռուսաստանի պատմության ակնհայտ զեղծարարության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ռեակցիոն հայտարարությունն է արել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ՝ կրկին պատերազմով սպառնալով հարևաններին: Բացի այդ, նա ֆանտաստիկ հայտարարություն է արել՝ թե, իբր, Հայաստանը միֆ է, նման պետություն նախկինում գոյություն չի ունեցել, հավանաբար, մոռանալով Մեծ Հայաստանի մասին: Բացի այդ, Ռուսաստանը ևս Բաքվում շատ բացասաբար է ընկալվում, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո, երբ ՌԴ իշխանությունները հարգեցին ազգերի ինքնորոշման իրավունքը: Արդեն բոլոր ադրբեջանական դասագրքերում Ռուսաստանը ներկայացված է որպես օկուպանտ և հիմնական թշնամի՝ Հայաստանի և Իրանի հետ մեկտեղ:

Անկասկած, Ղարաբաղն իր կազմում տեսնելու համար Ադրբեջանին այլ բան չի մնում, քան Բաքվի պաշտոնական քաղաքականությանը համապատասխանող «սեփական» պատմությունն արհեստականորեն ստեղծելը: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը բացահայտ էր այդ մասին խոսում: Իր ելույթներից մեկում նա ասել է. «…պետք է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որպեսզի դրանք մշտապես, հետևողական կերպով ապացուցեն, որ այն հողերը, որտեղ հիմա Հայաստանն է գտնվում, պատկանում են Ադրբեջանին…»:

Այս քաղաքականությունն ապագա չունի հենց Ադրբեջանի համար, քանի որ բռնապետ ղեկավարների ստահոդ ու երկերեսանի արտահայտությունները վաղ թե ուշ լցնում են ժողովրդի համբերության բաժակը և ժողովրդական պայթյուն է տեղի ունենում: Դրա հետ շուտով կբախվի Ադրբեջանը, քանի որ այդ երկրի բոլոր բնիկ ժողովրդները՝ թալիշները, լեզգիները, ավարները, թաթերը, հետապնդվում են և հալածվում: Լեռնային Ղարաբաղի խնդրի առաջացման պատճառներից մեկը հենց տեղաբնակ հայերի իրավունքների խախտումն էր, որոնց կամ ստիպում էին հեռանալ, կամ էլ բոլոր պայմաններն էին ստեղծում ուծացման համար: Խորհրդային տարիներին բռնի կերպով հայաթափվեց Նախիջևանը: Սակայն ղարաբաղցիները չհաշտվեցին և պահանջեցին վերամիավորում Հայաստանի հետ պատմական, ազգային ու քաղաքական իրավունքների հիման վրա: Արդարությունը հաղթանակեց, և հայերը, հաղթանակ տանելով իրենց պարտադրված պատերազմում, ազատագրեցին իրենց հողերը:

Վերջին իրադարձությունների լույսի ներքո, երբ գերակա դիրք ստացավ ազգերի ինքնորոշման իրավունքը, շուտով նաև հարց կառաջանա Ադրբեջան անվանումը կրող արհեստական քաղաքական կազմավորման իրավաչափության մասին, որը ստեղծվեց 1918 թվականին Թուրքիայի կողմից, իսկ հետո ստացավ Անգլիայի ու բոլշևիկների աջակցությունը: Հենց բոլշևիկները նվիրեցին Ադրբեջանին Նախիջևանն ու Արցախը, ելնելով քաղաքական նկատառումներից: Նշենք, որ Արցախն այդ անվանումն է կրում Արարատյան թագավորությունից ի վեր: Իսկ քոչվոր թուրքերը հայտնվեցին այդ տարածքում միայն X-XI դարերում, գալով Ալթայից: Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը պահանջում է հարգել պատմությունը և չզբաղվել կեղծ պատմության քարոզչությամբ, քանի որ դա ի սկզբանե ձախողման է դատապարտված: Տեղեկատվության դարում ճշմարտությունն անհնար է թաքցնել: Ցանկացած նման ակցիա միայն խոչընդոտելու է ժողովրդների միջև մարդկային երկխոսությանը»:

Մեզ մնում է միայն հավելել, որ ցանկացած հայտարարություն Ադրբեջանի կողմից վաղուց արդեն լուրջ չի ընկալվում միջազգային ասպարեզում ոչ պատմաբանների, ոչ քաղաքական գործիչների կողմից: Ճիշտ է, վերջիններս հաճախ ուղղակի լռում են, ելնելով սեփական շահերից: Իսկ Ադրբեջանը միայն սադրանքների է ընդունակ՝ դիպուկահարների կրակոցներ ոչ միայն հայոց բանակի զինծառայողների ուղղությամբ, այլ նաև խաղաղ բնակիչների, դավադիր սպանություններ: Ոչ մի այլ բան Բաքուն անել չի կարող, և, երևի, չի էլ ուզում: ուղղակի հարևանները հաշվի չեն առել, ավելի ճիշտ, մոռացել են մի կարևոր բան՝ հային վախեցնել հնարավոր չէ: Գուցե դա երբեմն գործում էր 1915 թվականին, բայց հիմա մենք լավ ենք սերտել պատմության դասերը:

Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվորի մահվան պատճառը հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։ Ինչպես հայտնել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, դեպքը կատարվել էր մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում․ մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, ևս մեկ սպա վիրավորվել էր։ Զինծառայողի մահվան ու ևս մեկ զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---