Հակամարտության լուծման ռազմական ուղին ընտրած երկիրն իրավունք չունի մնալ ԵԽ կազմում

PanARMENIAN.Net - Հինգ տարին բավականին մեծ ժամկետ է եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի անցած ճանապարհի համար: Այդ մասին Երեւանում Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հնգամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ԵԽ քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորենը: Նրա խոսքերով, արդեն կան դրական արդյունքներ` պետականության ամրապնդում, ժողովրդավարական հասարակության զարգացում եւ Հայաստանի ներգրավում ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ: «Հարավային Կովկասը Եվրոպայի մի մասն է եւ մենք շատ շահագրգռված ենք ժողովրդավարության խորացման եւ բարեփոխումների շարունակության գործում: Այդ ուղղությամբ Հայաստանում դիտվում է որոշակի առաջընթաց: Հաջորդ քայլը կլինի երկրի օրենսդրության համապատասխանեցումը փոփոխված Սահմանադրությանը»,-նշել է նա: Ժան Լուի Լորենն ընդգծեց, որ առաջին հերթին հարկ է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը եւ դատական համակարգը: Նրա խոսքերով քիչ տեղ չեն զբաղեցնում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ Երեւանի կարգավիճակի մասին օրենքի բարեփոխումը:



«Սակայն ամենակարեւորը ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԽ համար առաջիկա` 2007 եւ 2008 թթ. ընտրություններն են: Չափազանց կարեւոր է, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի հաջորդ տարի, սակայն, հուսով եմ, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Նա նկատել է նաեւ, որ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հնգամյակին նվիրված խորհրդաժողովը համընկավ Բրյուսելում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ անհատական ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլի մեկնարկի հետ»: «Դեպի ԵՄ տանող ճանապարհը նույնն է, ինչ դեպի ԵԽ` նույն նպատակները եւ նույն խնդիրները: Հայաստանն, ինչպես եւ այլ երկրները, պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները: Դա վերաբերում է նաեւ հակամարտությունների կարգավորմանը: Հակամարտության լուծման ռազմական ուղին ընտրած երկիրն իրավունք չունի մնալ Եվրոպայի Խորհրդի կազմում: Սա օրենք է, որ վերաբերում է բոլորին: ԵԽ-ն դա մի տանիք է, որի տակ երկրները պարտավոր են ապրել հաշտ եւ խաղաղ»,-ընդգծել է Լորենը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---