ԱԺ-ում քննարկել են «Կուտակայինի» մասին նոր օրինագիծը. ՀՅԴ-ն կողմ է, ՀԱԿ-ը` դեմ, ԲՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվել

ԱԺ-ում քննարկել են «Կուտակայինի» մասին նոր օրինագիծը. ՀՅԴ-ն կողմ է, ՀԱԿ-ը` դեմ, ԲՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվել

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծի վերաբերյալ քննարկում էր: Ըստ այդմ` օրինագիծն արժանացել է Դաշնակցության հավանությանը։ Խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծում մի քանի նորամուծություն է նկատել և իրենք կողմ են քվեարկելու:

Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ Մինասյանի, լրամշակված է, ունի նախաբան, որը նշում է, թե այս փուլում, մինչև ՍԴ պահանջները վերջնականապես կատարելը, ինչ հիմնական նպատակներ է հետապնդում այս օրենքի ընդունումը: Պատգամավորը ներկայացրել է նախագծով առաջարկվող առանձնահատկությունը` ուժը կորցրած ճանաչել 76-րդ հոդվածը, որը պարտադիր կուտակայինը չվճարելու դեպքում պատասխանատվություն էր սահմանում, գրում է Panorama.am-ը:

«Սա նշանակում է, որ այն գործատուների հանդեպ, որոնք հունվարի 1-ից հետո չեն կատարել պարտադիր կուտակային վճարը, որևէ պատասխանատվություն չի կարող կիրառվել»,- հայտարարել է Մինասյանը:

Նախագծի մյուս առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է հաշվի առնել քաղաքացիների կամարտահայտությունը, այսինքն` եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր աշխատավարձից կուտակային վճարները պահվեն, ապա դիմում է տալիս, այդ դիմումը արդեն պարտավորություն է դառնում գործատուի համար, որ նա չհաշվարկի և չփոխանցի վճարները: Առաջընթաց է նաև այն, որ դիմում ներկայացնելու համար հավելյալ կառավարության որևէ որոշման ներկայացման անհրաժեշտություն չկա:

«Շատ հստակ նկարագրում է, թե դիմումն ինչ պետք է իր մեջ ներառի` գործատուի անվանում, դիմումատուի անուն-ազգանուն, անձնագրի սերիան ու համարը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ դրա բացակայության մասին տեղեկանքը, դիմումատուի կոնտակտային տվյալներ, դիմումը ներկայացնելու տարին, ամիսն ու ամսաթիվը և դիմումատուի ստորագրությունը և նշում, որ դիմումատուն կամ աշխատակիցը չի ցանկանում հաշվարկել ու փոխանցել իր աշխատավարձից որևէ միջոց»,- բացատրել է պատգամավորը:

Ըստ նրա, մյուս ձեռքբերումն ամրագրված է նախագծի անցումային դրույթներում. քաղաքացու կամարտահայտության սկզբունքն ուժի մեջ է մտենում 2014-ի հունվարի 1-ից:

«Այսինքն, այս օրենքը հետադարձ ուժ է ստանում, և բոլոր այն գործատուները, ովքեր գումարներ չեն փոխանցել, ազատվում են դրանով փոխանցելու պարտավորությունից: Իրենց աշխատակիցներին կարող են վերադարձնել պահված գումարները, իսկ եթե վերադարձրել են, պարզապես անհրաժեշտ է աշխատակիցների դիմումները վերցնել և դա կլինի ամբողջությամբ օրինական»,- հավելել է Արծվիկ Մինասյանը: Այս դրույթով, ըստ ընդդիմադիր պատգամավորի, վերահաստատվում է բոլորի մոտեցումը` պարտադիր կուտակային համակարգ չկա:

Կառավարության կողմից ներկայացրած օրենքի մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը, որը հայտարարել է, թե իշխանությունները կոնկրետ գնահատական պետք է տան իրավիճակի ընթացիկ պահին, գրում է Tert.am-ը։

«Մենք եկել ենք տարբեր տիպի տեխնիկական հարցեր ենք ներկայացնում՝ մոռանալով հիմնական նպատակը, որ բարեփոխման հիմքում դրված էր։ Անկեղծորեն ես սպասում եմ, պարոն նախարար, ձեր հստակ պատասխանին, անպայման ասեք, հիմա դուք այս ռեֆորմը առա՞ջ եք տանում, կանգա՞ռ է, թե հետ եք տանում»,-խոսքն ուղղելով դահլիճում նստած սոցապ նախարարին՝ ասել է նա և հավելել, թե այդ հարցի պատասխանից է կախված ԲՀԿ-ի քվեարկությունը. «ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի մեր հարցադրումների նկատմամբ մոտեցումներով, հատկապես քաղաքական դիրքորոշում հայտնելու գնահատականներով»,-ասել է նա:

Պատգամավորն արձանագրել է իր մտահոգությունները. առաջինը վերաբերվում է ֆոնդերի ճակատագրին, քանի որ եթե նախագծով ասվում է, որ գործատուն կարող է դիմում գրել՝ հրաժարվել, այդ դեպքում ինչպե՞ս են գործելու ֆոնդերը։ Միքայել Մելքումյանը նաև նկատել է, որ 127 000 մարդու գումար արդեն իսկ փոխանցված է, ինչը մոտավոր կազմում է 1,4 մլրդ դրամ։ Նա հարցրեց, թե ինչ է լինելու այդ գումարի հետ։

Եթե ՀՅԴ-ն նախագիծը բավականին դրական է համարել և նշել, որ կողմ է քվեարկելու, ապա ՀԱԿ խմբակցության անունից հանդես եկած Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե ինչ էլ անի այս կառավարությունը, իրենց համար անընդունելի է. «Կառավարությունը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի գծի վրա, կառավարության փոփոխությունից ոչինչ չի փոխվել: ՀՅԴ-ն դիրքորոշում հայտնեց, որ այս նախագիծը առաջընթաց է և չեն կարող դեմ քվեարկել, կներեք, մեր գնահատականը կտրականապես տարբերվում է, մենք կարծում ենք, որ կառավարությունը փորձում է սրա տակ ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, թուլացնել ճնշումները: Մենք հայտարարում ենք, որ մենք չենք կիսի պատասխանատվությունը այս խայտառակ գործարքի համար: Մենք արտահայտում ենք ժողովրդի շահերը»:

«Առավոտը» գրում է, որ ըստ Զուրաբյանի, եթե կառավարությունը պարտադրում է ժողովրդին դիմում գրել՝ իրենից «բռնագանձված փողերը վերադարձնելու» համար, ապա այդ իրավունքից կօգտվեն միայն ամենաակտիվ և գիտակից քաղաքացիները, իսկ պասիվ մեծամասնությանը կարելի է բանի տեղ չդնել. «Ակնհայտ է, որ գնալու են թալանի ճանապարհով, թե թալանի որ սխեման կընտրեն՝ պարզ չի, բայց պարտադիր բաղադրիչը չեն ուզում վերացնել, սա ընդամենը խաբեություն է»:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հիշեցրել է, որ կուտակայինին ՀՅԴ-ն դեմ չի եղել, այլ դեմ է եղել պարտադիրին: Իսկ այն ուժերը, որոնք ժամանակին իշխանություն են եղել, այսօր դեմ են օրենքին` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: Նա նշել է, որ այսօր քննարկվում է ոչ թե միայն այսօրվա, այլ 50, 100 տարվա իրողությունը: «Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր բաղադրիչը կա, հետո ինչ կլինի չգիտեմ, բայց օրենքում այդ բառը կա: Քաղաքացին ինքը պետք է որոշի»,- անդրադառնալով պարտադիր բաղադրիչի շուրջ աղմուկին, ասաց Հակոբյանը:

«Օրենքի նախագծից հետո մենք ունենալու ենք հետևյալ իրավիճակը. այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված և փոխանցված գումարներ և փոշմանել են այս նոր օրենքի համաձայն դիմում են գրում, նրանց գումարները չեն հաշվարկվում ու չեն փոխանցվում, բայց կառավարությունը փոխանցելու է: Կառավարությունն իր գործառույթն անելու է և ամեն մասնակցի համար անհատական հաշվին հատկացումներ կանի մինչև ՍԴ որոշման վերջնական եզրակացությունը: Ինչ վերաբերում է այն գործատուներին, որոնք հաշվարկն արել էին, բայց գումարները չէին փոխանցել, աշխատողների դիմում գրելուց հետո կարող են այդ գումարները վերադարձնել աշխատողներին»,- մանրամասնել է պատգամավորը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարել է, թե Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները չեն բավարարի կենսաթոշակային հին մոդելի սպասարկմանը: Նա նշել է, որ բարեփոխումների տրամաբանությունը պետք է բխի փաստից, որ Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները՝ ոչ ներկա, ոչ էլ ապագա, չեն բավարարի կենսաթոշակային ներկայիս համակարգի կյանքի երկարացմանը՝ սերունդների համերաշխության սկզբունքով:

Մայիսի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև կենսաթոշակային բարեփոխումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունն այդ բարեփոխումներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից ևս էական նշանակություն ունեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ նիստում ապրիլի 29-ին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը։ «Սա համարում ենք առաջին քայլ` խնդիրներին ամբողջական լուծում տալու ճանապարհին», -հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ասատրյանի խոսքով, օրինագիծը մշակվել է վերջին օրերին շահագրգիռ կողմերի ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում:

«Կառավարության նիստի ընթացքում այն հիմնական ուղերձները, որոնք ներկայացվեցին հետևյալն են` կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով ու արժանապատիվ ծերություն ապահովել մարդկանց համար: Մյուս ուղերձը, որը վարչապետի կողմից արվեց, ԱԺ-ին նոր նախագիծ ներկայացնելն էր, որով կկասեցվի տույժերի հաշվարկը», -հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, ԱԺ-ի դատին ներկայացված նախագիծը «առաջին միջանկյալ քայլ է» խնդիրների լուծման ճանապարհին: Իսկ խորհրդարանին ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի 76-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 30-ից»:

Այսպիսով, գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Այն կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ Կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---