ԼՂՀ ԱԳՆ․ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց էլ զինծառայողներ ու բնակիչներ են զոհվում

ԼՂՀ ԱԳՆ․ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց էլ զինծառայողներ ու բնակիչներ են զոհվում

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտգործնախարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․

«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը։ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը հանդիսացող այս համաձայնագիրը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին՝ դրանով իսկ հիմք դնելով խաղաղ բանակցությունների համար և հակամարտության արդար ու վերջնական լուծման ուղղությամբ պայմաններ ստեղծելով միջնորդների գործունեության համար։

Միևնույն ժամանակ, ստիպված ենք արձանագրել, որ չնայած միջնորդների բոլոր ջանքերին և հետևողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռևս չի հաջողվել հրադադարը փոխակերպել վերջնական և կայուն խաղաղության։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, որոնք հղի են լարվածության լուրջ խորացմամբ և խաթարում են համանախագահների ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը։ Միայն 2014-ի սկզբից արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մոտ յոթ հազար դեպք։ Հակամարտության ռազմական փուլին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց դեռևս զոհվում են զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։ Մեր խորին համոզմամբ նման գործողությունները պայմանավորված չեն ռազմական անհրաժեշտությամբ և, ըստ էության, կանխամտածված սպանություն և ոչնչով չարդարացված ահաբեկչական գործողություններ են։

Շփման գծում մշտապես տեղի ունեցող սադրանքները և նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի անդադար սպառնալիքները միայն բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը և հեռացնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները: Մենք խորապես համոզված ենք, որ միայն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության լիովին բացառումը կարող է օգնել դուրս գալ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և ամուր հիմք ծառայել կայուն և վերջնական խաղաղության հաստատման համար։

Ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վստահության և անվտանգության ամրապնդման կարևորությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման և նոր ռազմական լարվածության բացառման համար, ղարաբաղյան կողմը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում լարվածության թուլացման և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով։

Մասնավորապես, 2001-ին ԼՂՀ իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին են փոխանցել վստահության ամրապնդման միջոցների փաթեթ, որը ներառում է հակամարտության կողմերի միջև գործակցություն բոլոր՝ այդ թվում՝ ռազմական անվտանգության ուղղություններով։ Միջոցների շարքում առաջարկվել էր կողմերի բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատել հրադադարի գործող ռեժիմը պահպանելու և հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը, ինչպես նաև կողմերի և/կամ նրանց օպերատիվ շտաբերի միջև ուղիղ հաղորդակցման կապի ստեղծումը, այդ թվում՝ տեղական մակարդակով։

2004-ի ԼՂՀ-ն առաջարկել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկում սահմանել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով։

2006-ին ԼՂՀ-ն հանդես է եկել ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված և 1995-ի փետրվարի 6-ին ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունները երեք կողմերից փոխադարձաբար հաստատելու վերաբերյալ առաջարկով:

2012-ին ԼՂՀ-ն առաջարկել է որպես առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը և Նովրուզը) շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։

Դժբախտաբար, ԼՂՀ նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից:

Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղը, հավատարիմ մնալով Ադրբեջանի և ԼՂՀ միջև հակամարտության բանակցությունների միջոցով բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, վերահաստատում է իր առաջարկները վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների փաթեթն ուսումնասիրելու վերաբերյալ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը կողմերի համար լավ հնարավորություն է վերահաստատելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնելու խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ»:

Բիշքեկի արձանագրությունը ստորագրվել է 1994-ի մայիսի 5-ին, բայց ուժի մեջ է մտել մայիսի 12-ին: Արձանագրությունը ստորագրել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ՌԴ-ն ու Ղրղզստանը: Արձանագրությունով կոչ էր արվում 1994-ի մայիսի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը մայիսի 9-ին ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994-ի մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրել էր այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ նույն տարվա մայիսի 12-ի կեսգիշերին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---