Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայի և Ուկրաինայի իրադարձություններում մեղադրում է Արևմուտքին

Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայի և Ուկրաինայի իրադարձություններում մեղադրում է Արևմուտքին

PanARMENIAN.Net - Ճգնաժամն Ուկրաինայում անմիջական կապ ունի Սիրիա ներխուժելուց հրաժարվելու հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն CNN-ին տված հարցազրույցում: «Գոյություն ունի հոգեբանական ու ռազմավարական կապ Սիրիայում արյունահեղությունը կասեցնելու միջազգային հանրության անկարողության ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Միջազգային հանրությունը վերջին երեք տարիներին կորցնում է գործընթացները զսպելու ունակությունը»,-հայտարարել է նա:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, ԱՄՆ նախագահ Օբաման «վերջնագիծ» էր սահմանել Ասադի ռեժիմի համար՝ քիմզենքի կիրառում, սակայն, երբ գիծը հատվեց, նա գերադասեց փոխզիջման գնալ սիրիական ռեժիմի հետ: Նա հիշեցրեց նաև, որ Ասադն ու ընդդիմությունը փորձեցին պայմանավորվել Ժնևում, սակայն բանակցությունները ձախողվեցին: «ԱՄՆ-ն ու Արևմուտքն ընդհանուր առմամբ չեն ցանկանում միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին: ԱՄՆ-ն առաջատար գերտերություն է և մենք բոլորս պատասխանատու ենք Սիրիայի քաղաքացիներին պաշտպանելու հարցում, բայց միջազգային հանրությունը չի կարող գործել առանց ՄԱԿ ԱԽ որոշման»,-ասել է Դավութօղլուն:

«Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը բացվեց Մոնտրյոյում հունվարի 22-ին: Դա Սիրիայի գծով խոշորագույն հանդիպումն էր 2012 թվականի ամառվանից հետո:

Սիրիան համաձայնեց ոչնչացնել իր քիմիական զենքի պաշարները, բախվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից ռազմական ուժի կիրառման վտանգի հետ՝ ի պատասխան օգոստոսի 21-ի քիմիական գրոհի Դամասկոսի վրա: Զարին գազով լցոնված հրթիռներով հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Վաշինգտոնը վստահ է, որ դա Ասադի կողմնակիցների ձեռքի գործն էր: Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին քիմիական գրոհի համար:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

Սիրիայի նոր նախագահի ընտրությունները կանցնեն հունիսի 3-ին:

Փետրվարի վերջում Ուկրաինայի Գերագույն ռադան հեռացրեց իշխանությունից նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա ու մայիսի 25-ին նախագահական ընտրություններ նշանակելով: Մոսկվան գտնում է, որ Գերագույն ռադայի որոշումների օրինականությունը կասկածելի է:

Դոնեցկի մարզում ընտրողների ճնշող մեծամասնությունը մայիսի 11-ին քվեարկեց տարածաշրջանի անկախության օգտին, հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ԿԸՀ-ն:

Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: Ապրիլի 17-ին Ժնևում տեղի ունեցան Ուկրաինայի, ՌԴ, ԱՄՆ ու ԵՄ բանակցությունները երկրի արևելքում ճգնաժամի կարգավորման շուրջ: Կողմերը պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելուն ուղղված միջոցների, մասնավորապես, ապօրինի զինյալ կազմավորումների զինաթափման մասին: Սակայն, ապրիլին ոչ մի գործնական քայլ չարվեց:

ԵԱՀԿ կարգավորման «ճանապարհային քարտեզը» բաղկացած է 4 մասից. ուժի չկիրառում, զինաթափում, ազգային երկխոսություն և ընտրություններ:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայանալու են մայիսի 25-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---