20 մայիսի 2014 - 12:13 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքվի վերնախավը երկրում չէ. Ո՞ւմ հետ են հանդիպելու ՄԽ համանախագահները

Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու, հատելով շփման գիծը ԵԱՀԿ դիտարկման ընթացքում:

Բաքվում համանախագահները սովորաբար հանդիպում են նախագահին ու ԱԳ նախարարին, սակայն երկուսն էլ մեկնել են Վիետնամ պաշտոնական այցով, իրենց հետ տանելով նաև Նովրուզ Մամեդովին՝ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարին:

Այսպիսով, պարզ չէ, թե ինչ են անելու Բաքվում համանախագահները և ում հետ են խոսելու: Առաքելության կազմում Բաքու է ժամանել նաև ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիեն, որը փոխարինելու է Ժակ Ֆորին, գրում է Turan-ը:

Մինչդեռ, ամեն ինչ շատ պարզ է՝ Ադրբեջանի ղեկավարությունն ասելիք չունի համանախագահներին ի պատասխան նրանց առաջարկների, նույնիսկ եթե դրանք ինչ-որ առումով ձեռնտու են պաշտոնական Բաքվին: Ալիևի դեմարշը անլրջության պատճառով չի կարող ընկալվել որպես բանակցություններից լիովին հրաժարվելու նշան, քանի որ այդ դեպքում նա ստիպված կլինի պատերազմել: Ինչպես պատերազմել, ում հետ՝ սա կարևոր հարց է: Հայաստանի հետ չի ստացվի, ԼՂՀ հետ՝ առավել ևս: Իսկ եթե հաշվի առնենք, որ Արևմուտքի ձեռքերը հիմա կապված են Ուկրաինայով, ապա Ալիևը կարող է այդ քողի տակ փորձել հարձակվել Արցախի վրա: Այդպես մի անգամ արդեն եղել է 2008-ին, երբ Սահակաշվիլին օգտվեց Պեկինի Օլիմպիադայից ու հարձակվեց Հարավային Օսեթիայի վրա: Ինչով դա ավարտվեց, բոլորը գիտեն, և ինչո՞ւ պիտի Ալիևի դեպքում այլ կերպ լինի: Սակայն, հավանաբար, նրա համար դա էական չէ:

Ուղղակի Բաքուն այնքան է խոսել ԵԱՀԿ ՄԽ անարդյունավետության մասին, որ որոշել է ուղղակի չհանդիպել համանախագահներին: Այժմ հարկավոր է տեսնել , թե ինչպիսին կլինի դիվանագետների արձագանքը: Եթե նրանք կուլ տան այս վիրավորանքը, նշանակում է ՄԽ-ն իրոք սպառել է իրեն: Կա ևս մեկ տարբերակ՝ Ջեյմս Ուորլիքը կսկսի արդարանալ կարգավորման ուղիների մասին իր հայտարարության վերաբերյալ: Մինչդեռ, նա պետք է որ իմանա, որ մինչ օրս համանախագահները երբեք չեն հրապարակել իրենց կառավարության կարծիքը, այլ հանդես են եկել համատեղ հայտարարություններով: Այլ հարց է, որ դրանք ուղղորդվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից:

Անշուշտ, կարելի է նաև այլ եզրակացության գալ. Ալիևը չի ցանկանում հանդիմանություն լսել ՄԽ կողմից ու գերադասել է լավագույն ելքը՝ մեկնել երկրից: Բայց հազիվ թե այցելություններով Վիետնամ ու Չինաստան հնարավոր լինի փոխարինել ղարաբաղյան կարգավորումը, առավել ևս, որ պաշտոնական Բաքվի համար դա թիվ մեկ խնդիրն է: Եթե հավատալու լինենք Ալիևին: Իսկ իրականում պարզվում է, որ այդպես չէ: Ըստ իս, տրամաբանությունը հետևյալն է՝ չեք տալիս Ղարաբաղը, մենք էլ ձեր հետ չենք խոսի: Հավանաբար, համանախագահներին կընդունեն նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովն ու ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը: Հավանաբար, պաշտոնական Բաքվի համար դա ավելի նախընտրելի է, ով իմանա:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net