Արթուր Ջավադյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ

Արթուր Ջավադյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Ազգային ժողովում Արթուր Ջավադյանը վերընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է 79 պատգամավոր, և միակ թեկնածու Արթուր Ջավադյանը ստացել է 77 կողմ ձայն:

Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր ներկայացրել մեկ թեկնածու՝ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Քվեարկության մեկնարկից առաջ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ ՕԵԿ-ը հայտարարել է, որ պատգամավորներն ազատ են և կարող են ինքնուրույն որոշել` մասնակցել, թե` ոչ:

Մայիսի 19-ին ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության հարցի քննարկմանը ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ջավադյանը Նիկոլ Փաշինյանի հարցերին ի պատասխան հայտարարել է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը Հայաստանում շարունակելու է գործել:

«Այն հարցին, թե պարտադիր բաղադրիչը լինելո՞ւ է, իհարկե, լինելու է, բայց այլ հարց է, թե ոնց ենք իրականացնելու: Առանց այդ բաղադրիչի, այդ օրենքի շարժիչ ուժը կորում է», -հայտարարել էր Ջավադյանը, գրում է Panorama.am-ը:

Այս պատասխանը սակայն, ակնհայտորեն բարկացրել էր ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, և նա ԱԺ ամբիոնից հարցեր է ուղղել ԿԲ նախագահի թեկնածուին. «Ինչո՞ւ եք կրքերն անընդհատ լարում, ինչո՞ւ եք անընդհատ այս ամբիոնից ասում, որ պարտադիր կուտակայինը գործելու է: Չի կարելի անընդհատ լարվածություն պահել այս ամբիոնում և հասարակության մեջ: Չի կարելի, չէ՞ նույն բանն այս ամբիոնից այդքան ասել»:

Նա, վկայակոչելով ՍԴ ապրիլի 2-ի որոշումը, հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը, հետևաբար պարտադիր բաղադրիչ այլևս չի լինելու:

«Կուտակային պարտադիր բաղադրիչ չի կարող լինել, պարոն Ջավադյան ջան, մի հայտարարեք նման բան: Եթե նման հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ ներառվի նոր օրենքում, պայքարը նոր թափ կստանա: Էս ամբիոնից մի խոսեք էնքան ժամանակ, քանի դեռ նոր համակարգը չի մշակվել: Անունը դիզայն կդնեք, թե ինչ կդնեք, էդ մասին մի խոսեք»,- նշել է պատգամավորը:

Իսկ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր խոսքում անդրադարձել է գործող վարկերի բարձր տոկոսադրույքներին` ասելով.«Որո՞նք են պատճառները, որոնց համաձայն փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղական տնտեսություններին վարկերը հանձնում են անտրամաբանական բարձր տոկոսներով: Հայաստանում բանկային համակարգը կապված է տնտեսության հետ, և անհասկանալի է, թե ինչպես կայուն բանկային համակարգ ունեցող երկիրը ունի փլուզվող տնտեսություն»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Այս տրամաբանությամբ, Զոհրաբյանի խոսքով, կարելի է համաձայնել այն տնտեսագետ-վերլուծաբանների հետ, ովքեր ասում են, որ ՀՀ-ում բանկային համակարգը գործում է լոմբարդի փիլիսոփայությամբ:««Բարգավաճ Հայաստանը» դեմ է նման քաղաքականությունը և մեր խմբակցությունը չի մասնակցի ԿԲ նախագահի թեկնածուի քվեարկությանը», -նշել է Զոհրաբյանը:

Ոչ իշխանական «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն էլ հայտարարել էր, որ ՕԵԿ-ը որևէ հստակ դիրքորոշում չունի ԿԲ նախագահի թեկնածուի վերաբերյալ և ասել, որ իրենց պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը Արթուր Ջավադյանը ծնվել է 1964-ի ապրիլի 22-ին: 1981-1986թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում, 1986-1989թթ.` «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ, ասպիրանտ, 1987-1989թթ. - «Գլխհայջրշին» տրեստ` երկրորդ կարգի ինժեներ, 1989-1991թթ. աշխատել է «Երևան» բանկում` որպես մասնագետ, բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ, վարչության անդամ, 1991-1997թթ. եղել է «Հայինվեստբանկ» ՓԲԸ -ի վարչության նախագահ, 1997-1999թթ.` Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ, 1999-2000թթ. եղել է «Հայինվեստբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահի ֆինանսների գծով խորհրդական, իսկ 2000-2001թթ.`ՀՀ կենտրոնական բանկի ԿԲ նախագահի խորհրդական: 2008-ի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---